Միջոցառումը
հետաքրքիր էր նրանով, որ մասնակիցները մրցում էին դեռ մանկությունից հիշողության
մեջ մնացած խաղերից, որոնք, ցավոք, այսօր մոռացության են մատնվել: «Ֆուտբոլային
աճպարարության» մասնակիցները պետք է գնդակը որքան հնարավոր է երկար պահեին օդում՝
առանց ձեռքերի օգնության: Այս խաղը անցկացվում էր «21» խաղի կանոններով, իսկ ռեկորդային
էր համարվում առավելագույն ժամանակային արդյունքը: Այս մրցույթում հաղթեց Հարություն
Աբրահամյանը, որը «21»-ը խաղաց 480 անգամ: «Գնդակի նետում զամբյուղի մեջ» մրցույթին
մասնակցող ուսանողները կատարում էին բասկետբոլի տուգանային նետումներ: Ռեկորդային
էր համարվում նետումների ցուցաբերած առավելագույն արդյունքը: Այստեղ հաղթող ճանաչվեց
Վարագ Շողոյանը, որը գնդակը զամբյուղի մեջ նետեց 7 անգամ: «Վոլեյբոլ-կքանիստի» ժամանակ
մասնակիցները 3 շրջաններով գնդակով միմյանց հարվածներ էին ուղղում, իսկ հարվածի ձախողման
պատճառ դարձած մասնակիցը կքանստում էր շրջանի կենտրոնում: Ռեկորդակիր էր համարվում
3 շրջաններում անցկացված մրցույթների ընթացքում չկքանստած մասնակիցը: Այս մրցույթում
հաղթեց Լեւոն Թունյանը: ՀՊՃՀ-ի ուսանողական խորհրդի նախագահ Հայկ Ակարմազյանը նշեց.
«Եթե մենք լուրջ ֆուտբոլի մրցումներ անցկացնեինք, ապա կմրցեին միայն պրոֆեսիոնալները:
Այդ իսկ պատճառով որոշեցինք այնպիսի միջոցառում կազմակերպել, որտեղ կմասնակցեն բոլոր
ցանկացողները: Մենք նպատակ ունենք հաջորդ տարի մեծ մարզադաշտւմ նման միջոցառում կազմակերպել
հանրապետության մասշտաբով»: Երիտասարդական քաղաքականության վարչության պետ Արսեն
Սողոմոնյանը նշեց, որ այս միջոցառումը ոչ միայն նպաստում է ուսանողների առողջ ապրելակերպին,
ազատ ժամանցի անցկացմանը, այլեւ յուրաքանչյուր երիտասարդի մեջ առաջինը, լավագույնը
լինելու բուռն ցանկություն է առաջացնում: Երիտասարդ կազմակերպիչները իրենց աջակցելու
համար դիմել էին մի շարք խոշոր կազմակերպությունների («Գրանդ քենդի», «Թամարա», «Կոկա-կոլա»
եւ այլն), որոնք թեեւ սկզբում խոստացել էին աջակցել, սակայն հետո հրաժարվել էին:
Այսօր շատ ուսանողների համար բուհում ֆիզկուլտուրայի քննությունը կամ ստուգարքը
ամենաբարդն է, քանի որ պատրաստված չեն: Իսկ դժվարությունները գալիս են դեռ դպրոցից:
Շատերը պատճառաբանում են, որ ֆիզկուլտուրայի դասերին չմասնակցելու պատճառ է համազգեստ
չունենալը: Ոմանք էլ նշում են, որ մեղավորը ուսուցիչն է, որը չի կարողացել հավուր
պատշաճի իրականացնել դասերը: ՀՊՃՀ-ի թեթեւ ատլետիկայի դասախոս Թամարա Չոբանյանը նշեց,
որ այստեղ հաճախումները ապահովվում են 99 տոկոսով. «Շաբաթական 2 ժամ ունենք, ի տարբերություն
մյուս բուհերի»: «Առավոտի» այն հարցին, թե ինչո՞ւ սպորտը դուրս մղվեց դպրոցականների
եւ ուսանողների կյանքից, Արսեն Սողոմոնյանը պատասխանեց. «Միգուցե սոցիալ-տնտեսական
ծանր պայմանները ստիպեցին: Սակայն վերջին տարիներին կազմակերպված մի շարք միջոցառումներ
նպատակ ունեն վերականգնել հին ավանդույթները: Մշակույթի եւ երիտասարդության նախարարությունը
պատրաստվում է մոտ ապագայում վերականգնել սպորտլանդիայի մրցումները»: «Երեւան Յունայթըդ»
ֆուտբոլային ակումբի հիմնադիր նախագահ Տիգրան Հովիվյանի կարծիքով՝ շատ կարեւոր է
երիտասարդությանը կապել սպորտին. «Օրինակ, 70-80-ականներին մեր ֆուտբոլային կյանքը
մեծ վերելք էր ապրում, ինչը չես ասի մեր օրերի մասին, չնայած փորձում ենք աշխուժանալ:
Հիմա մարդիկ ընտանիքներով են մարզադաշտ գալիս: Կանայք նույնպես սկսել են հետաքրքրվել
ֆուտբոլով: Եթե մենք բոլորս՝ ֆուտբոլային ակումբները, խաղացողները, երկրպագուները
միասին աշխատենք, շատ շուտով մարզադաշտերում կտեսնենք նախկին աշխուժությունը»: ԼՈՒՍԻՆԵ
ՕՀԱՆՅԱՆ