Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՓՈԽՎԵԼ ՄԵԿ ՕՐՈՒՄ»

Հունիս 29,2005 00:00

Կարծում է բառարանի հեղինակ Փառանձեմ
Մեյթիխանյանը «Քանի դեռ իմ բառարանը չէր հայտնվել «Դիմորդ 2005»-ի լրացուցիչ
գրականության ցանկում, բոլոր լեզվաբանները զանգում եւ ինձ շնորհավորում էին բառարանագրության
մեջ այս հաջողության համար (այդ թվում եւ՝ հիմա իմ դեմ հոդվածով հանդես եկողները):
Հենց երեւաց ցանկում, առաջացավ սոսկ բիզնեսի խնդիր: Ամեն նոր սվիններով է ընդունվում,
իսկ այս բառարանը նոր է նրանով, որ առաջին անգամ թույլատրելի եւ ոչ թույլատրելի ցանկեր
է ներառում: Այս բառերի ցանկը իմ անձնական նախասիրությամբ չի հայտնվել այստեղ»,-
մեզ հետ զրույցում ասաց տիկին Մեյթիխանյանը, որն, ի դեպ, ընդունում է, որ իր բառարանում
կան վրիպակներ: Խնդիրն այն է, որ Փ. Մեյթիխանյանի բառարանում տեղ են գտել թույլատրելի
այնպիսի բառաձեւեր, որոնք չեն քննարկվել Հայերենի բարձրագույն խորհրդի կողմից, եւ
առանց զետեղվելու դասագրքերում եւ ուսումնական բառարաններում, հիմա դիմորդներին են
առաջարկվում: Հեղինակը, սակայն, հղում է անում Աղայանին, Աճառյանին եւ մի շարք այլ
լեզվաբանների ու բառարանագիրների: Միեւնույն ժամանակ հեղինակն իր բառարանի առաջաբանում
հետեւյալ միտքն է հայտնում. «Բառի ուղղագրությունը կարող է փոխվել նույնիսկ մեկ օրվա
ընթացքում»: Եվ այսպես, մեկ օրվա ընթացքում, հասարակության լայն շերտերը պետք է մոռանան
տարիների սերտածը եւ, օրինակ, հայեցի-ի կողքին հիշեն նաեւ հայացի-ն՝ էջ 242, դնդալ-ը
գրեն ը-երով՝ դընդընալ՝ էջ 136: Զրընգ-ի փոխարեն առաջարկվում է զըրնգ՝ էջ -155: Պուտ-պուտ
տարբերակին հավասար նշվում է պուտպուտ ձեւը՝ էջ 337, սակայն 2-րդն իր իմաստով բոլորովին
չի համապատասխանում առաջին ձեւին եւ նշանակում է խաշխաշ: Փ. Մեյթիխանյանն
իր հերթին ապացուցում է, որ բառարանում ներկայացված ոչ մի թույլատրելի ձեւ օդից չի
վերցված եւ վկայակոչում է մի քանի այլ բառարաններ, ընդ որում՝ դպրոցական, որոնցում
առկա որոշ բառաձեւեր ուղղակիորեն հակասում են տերմինաբանական կոմիտեի որոշումներին:
Այսպես՝ «Հայերեն ուղղագրական դպրոցական բառարան» (հեղ.՝ Անահիտ Գյոդակյան, Ռուբինա
Նազարյան, խմբ.՝ Դավիթ Գյուրջինյան). այստեղ դպրոցականներին հրամցվում են, օրինակ,
հետեւյալ համառոտագրությունները՝ ծռտ.-ծառատեսակ, ծղկ.-ծաղկատեսակ: «Դավիթ Գյուրջինյանն
իր «Մեծատա՞ռ, թե՞ փոքրատառ» բառարան-տեղեկատուի մեջ գրում է Խոր վիրապ/Խոր Վիրապ
ձեւերը, այն դեպքում, երբ մեծատառի որոշում դեռ չէր եղել: Դավիթ-Բեկը նույն բառարանում
գրված է առանց գծիկի, այն դեպքում, երբ գծիկի գործածության մասին, տերմինաբանական
կոմիտեի որոշումով, այն պետք է գրվի գծիկով: Գյոդակյանի դպրոցական բառարանում Նոյյանը
գրված է մեկ յ-ով, մինչդեռ որոշումով երկու յ է»: Այս ամենի մեջ ամենակարեւորն
այն է, թե որքանով անհամաձայնությունները կանդրադառնան դիմորդի ճակատագրին: Տիկին
Մեյթիխանյանի պնդմամբ, երկգրությունները հարցաշարերում չկան. «Մենք մինչեւ այժմ բոլոր
երկգրությունները հանել ենք, իսկ հետագայում, փորձաշրջան անցնելուց հետո, կունենանք
ընդունելի ձեւերի հստակ խմբեր: Լեզվաբանների սկզբունքային վեճերը չպետք է կոտրվեն
դիմորդի գլխին»: Այս առիթով ԿԳՆ մասնագիտական կրթության վարչության պետ Ռուբեն
Գասպարյանը հարկ համարեց նշել. «Քանի որ հիշյալ բառարանը չի երաշխավորվել ԿԳՆ կրթության
ազգային ինստիտուտի մեթոդային խորհուրդների կողմից, հետեւաբար չի կարող լինել պարտադիր
երաշխավորված գրքերի ցանկում եւ «Դիմորդ 2005»-ում ընդգրկված է իբրեւ լրացուցիչ գրականություն:
«Կրթության մասին» օրենքում ֆիքսված է, որ բոլոր դասագրքերը, ուսումնական ձեռնարկները
պետք է երաշխավորվեն ԿԳՆ-ի կողմից եւ անցնեն առնվազն մեկ տարվա փորձաշրջան դպրոցում»:
Պրն Գասպարյանը դիմորդների ուշադրությունը հրավիրում է այն հանգամանքի վրա, որ Մեյթիխանյանի
գիրքը կարող է օգտագործվել զուտ որպես օժանդակ գրականություն՝ իրենց ցանկությամբ՝
մասնագիտական գիտելիքները խորացնելու համար: Պրն Գասպարյանը շեշտեց, որ «գիտելիքների
ստուգման եւ գնահատման հարցում գործում են այն գրքերը, որոնք ունեն ԿԳՆ երաշխավորությունը
եւ պետական գրանցում են ստացել արդարադատության նախարարությունում»: ՀԱՍՄԻԿ
ԲՈՒԴԱՂՅԱՆ Չմիջամտելով լեզվաբանների բանավեճին, արտահայտենք
մեր՝ «սպառողներիս» մտավախությունը. եթե ուղղագրությունը ամեն օր փոխվի, ապա գրավոր
խոսքի միջոցով շփումը, մեղմասած, խիստկդժվարանա (վերջին չորս բառն օգտագործում ենք
Փ. Մեյթիխանյանի «նորարարական սկզբունքներով»):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել