Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՆԴԵԼԸ ՆՈՐՈԳԵԼՈՒՑ ՁԵՌՆՏՈ՞Ւ Է

Հունիս 29,2005 00:00

Մայրաքաղաքի
բնակիչներն այնքան են ահաբեկված քաղաքապետարանի ու թաղապետարանի պաշտոնյաներից, որ
նրանց ցանկացած առաջարկի մեջ միայն վատն են տեսնում: Հերթական ահազանգը Աջափնյակ
համայնքի 8ա շենքի բնակիչներից է, որին արդեն տեղյակ են Երեւանի քաղաքապետարանում
եւ նախագահականում: Հունիսի 13-ին նրանց այցելել են թաղապետարանի աշխատակիցներ եւ
տեղեկացրել, որ շենքը վթարային է, 4-6-րդ մուտքերը ենթակա են քանդման, իսկ բնակիչներին
նախատեսված է վերաբնակեցնել Նոր Նորքի 6-րդ զանգվածում, նախկին Ռադիոխանութի դիմաց
կառուցվող շենքում: «Հարցրինք՝ իսկ ո՞ւր է համապատասխան որոշումը, պարզվեց՝ չունեն:
Մենք, իհարկե, նույն պահին էլ հրաժարվեցինք այդ առաջարկից, իսկ հետո մերոնցից գնացել,
փնտրել ու չէին գտել մասիվի այդ շենքը»,- ասացին խմբագրություն բողոքը ներկայացրած
բնակիչները: Թաղապետարանի աշխատակիցները ոչինչ չեն ասել նաեւ տեղափոխման ժամկետների
մասին: Սակայն բնակիչները շտապել են իրենց բացասական պատասխանի մասին տեղյակ պահել
Երեւանի քաղաքապետարանին: Այստեղից նույնպես եկել են որոշման ու ժամկետների մասին
անտեղյակ աշխատակիցներ եւ առաջարկել նույն պայմանները. տեղափոխվել կամ ստանալ փոխհատուցում՝
յուրաքանչյուր բնակարանի դիմաց միջինը 27-30 հազար դոլարի չափով: Բնակիչներին մնում
էր խնդրանքով դիմել երկրի նախագահին՝ շենքն ընդգրկել ամրացվող շենքերի ցուցակում,
«քանի որ համաձայն չենք շենքից դուրս գալու ոչ մի պայմանի հետ»: Այն, որ շենքը
վթարային է՝ կասկածից վեր է, կան համապատասխան փաստաթղթեր եւ բնակիչներն իրենք էլ
տեղյակ են այդ մասին: Երկու տարի առաջ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունն
մուտք առ մուտք ուսումնասիրել է շենքի վթարայնության աստիճանը եւ տվել համապատասխան
եզրակացություն: Շենքի հետագա անվտանգ շահագործումն ապահովելու համար ծառայությունն
առաջարկել է 4-րդ մուտքի բնակիչների տեղահանմամբ կատարել այդ հատվածի վնասվածքների
վերականգնում՝ պատերի ուժեղացում երկկողմանի երկաթբետոնե շապիկով եւ այլն, նույն՝
ամրացման եւ ուժեղացման աշխատանքներ կատարել նաեւ մյուս մուտքերում: Ծառայության
եզրակացության մեջ շենքի քանդման մասին որեւէ խոսք չկա: Հենց այս եզրակացությունն
է բնակիչներին վստահություն ներշնչել, որ նրանք համաձայնեն գազիֆիկացնել իրենց բնակարանները:
Ինչն արդեն արել են: Մի «հենման կետ» էլ կա՝ Երեւանի քաղաքապետը մի քանի ամիս
առաջ հեռուստատեսությամբ հայտնել է, որ Աջափնյակի 3-րդ կարգի վթարային շենքերը պետք
է ամրացվեն: Ու կրկին քանդման մասին ոչ մի խոսք: Հետեւաբար ինչո՞ւ են վթարային մի
մուտքի պատճառով մյուս երկուսը քանդում: Այն էլ՝ նոր բնակարան առաջարկելու պայմանով,
եթե, իհարկե, հավատանք առաջարկի վերջնական կատարմանը: Ի դեպ, փոխհատուցման չափն էլ
գրեթե մոտ է շուկայականին եւ սա էլ քաղաքապետարանին ոչ բնորոշ առաջարկ է: Բնակիչներն
ավելի շուտ հակված են այն մտքին, որ ինչ-որ օլիգարխի հետաքրքրել է իրենց շենքն ու
ցանկացած գնով ուզում է դատարկել տարածքը: Նույնիսկ անուններ ասացին, որոնք չենք
հրապարակում՝ ճշմարտությանը մոտ չհամարելով: Ի դեպ, Արզումանյան փողոցի 3-րդ կարգի
վթարայնության մյուս շենքերում սկսվել են եւ այժմ էլ շարունակվում են հիմքերի ամրացման
աշխատանքներ: «Ո՞րն է տարբերությունը, ինչո՞ւ հենց մեր նույն կարգի վթարային շենքը
պիտի քանդվի՝ ոչ մեկը չի բացատրում: Իսկ մենք երկար տարիներ է, ինչ ապրում ենք այստեղ,
աշխատանքի, դպրոց-մանկապարտեզի խնդիր ենք լուծել: Այդքան հե՞շտ է բնակության վայր
փոխելը»,- բնակիչները իրենց այս դժգոհության համար պատասխան են սպասում քաղաքապետարանից:
Մենք՝ նույնպես: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել