ՏՈՀՄԱԾԱՌԸ, ՆՐԱ ՃՅՈՒՂԵՐՆ ՈՒ ԱՐԺԵՔՆԵՐԸ «Մետրո» թատրոնի նոր ներկայացումը Մոտ 2 տարվա ընդմիջումից հետո հունիսի 24-25-ին «Մետրո» թատրոնը հանդիսատեսի դատին հանձնեց «Տոհմածառ» նոր ներկայացումը, որին վաղուց էր սպասում թե՛ հանդիսատեսը, թե՛ թատրոնի անձնակազմը: Համ ու հոտով, հայկական կոլորիտով պիեսը, ուր միախառնված էին զվարճալին ու ողբերգականը, Լենա Ավագյանինն էր, բեմադրությունը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Վիգեն Ստեփանյանինը: Գլխավոր դերերը կատարեցին Լեւոն Հարությունյանը (Արշո պապ), Սոնա Մարտիրոսյանը (Շուշան), Կարինե Գարսեւանյանը (Լառա), Լիդա Լեւոնյանը (Անահիտ), Կարեն Հովսեփյանը (Սաքուլիկ): Ընդ որում, վերջին 2-ը թատրոնին կից քոլեջի սաներ են: Թե ինչի մասին է «Տոհմածառը», միանշանակ դժվար է ասել: Առաջին հայացքից այն Արեւշատյանների տոհմի մասին է, որի մի շառավիղն էլ Անահիտ թոռնիկի համար տոհմածառ նկարող սասունցի Արշո պապն է: Նա ավանդապահ հայ մարդ է, սիրում է թթի օղի ու գտնում, որ առանց 1 բաժակ գցելու՝ ոչ մի գործ գլուխ չի գա: Իրականում Արեւշատյանների տոհմածառի պատմությունը պատճենն է ցանկացած հայ ընտանիքի ճակատագրի՝ եղեռն տեսած, սիբիրներ քշված պապեր, Արեւելահայաստանում դժվարությամբ բնավորված ընտանիքներ, արցախյան ազատամարտին մասնակցած կամ հիասթափված ու արտերկիր արտագաղթած զավակներ, թոռներ եւ այլն: Ապրում է Արշո պապը անամուսին դստեր՝ Շուշանի ու թոռնուհու՝ Անահիտի հետ: Հարեւանների նման պաշտոններ ու հարստություն չունեն, բայց երջանիկ են: Սակայն մի օր ամեն ինչ փոխվում է. հարեւանի որդին «հայտնաբերում» է, որ իրենց դասարանում ամենագեղեցիկ տոհմածառը նկարած Անահիտը հայր չունի եւ իր մոր ազգանունն է կրում… Ու վե՛րջ երջանկությանը: Աղջիկը մեղադրում է մորը՝ անհայր մեծանալու համար, իսկ տոհմածառը դառնում է նրա աչքի փուշը: Շուշանը «հասկանում» է, որ սխալ է ապրել, ի՞նչ օգուտ, հորից ժառանգած հայրենացավությունից ու հայրենասիրությունից, եթե ուրիշներն առանց դրա ավելի լավ են ապրում: Մայր-դուստր «երկխոսությունն» այլեւս ավարտված է: Մեկ էլ փոքրիկ Անահիտը կարծես նախնյաց կանչով սկսում է թերթել ընտանեկան ալբոմը. աչքի առաջ հառնում են Արեւշատյանները: Նա բոլորի լուսանկարները սոսնձում է նկարված տոհմածառի ճյուղերին ու մի նոր ճյուղ է նկարում՝ իր հոր անունով: Հավատում է, որ հայրը մի oր կգա, որովհետեւ պապը մշտապես կրկնում է իր պապի խոսքերը. «Հայը ուր էլ գնա, միեւնույն է՝ վերադառնալու է» կամ «Մինչեւ հիմա հույսն է հային պահել»: «Տոհմածառը» նաեւ մեր օրերի ու մեր կյանք ներխուժած հոռի երեւույթների մասին է. երեկ հանկարծ հարստացածները, օրինակ, համարձակվում են երազել, որ իրենց հազիվ տառաճանաչ երեխան վաղը պետք է դառնա պատգամավոր կամ ամենաքիչը քաղաքական գործիչ: Ներկայացման հիմնական ասելիքն այն է, որ հայ մարդն ինչպիսի իրավիճակներում էլ հայտնվի, չպետք է կորցնի իր իսկական դեմքը, հիշի արմատները եւ հավատարիմ մնա մեր օրերում հանիրավի արժեզրկված ու «կեղծ» կատեգորիայի վերածված արժեքներին: Ասվածի վկայությունն է մանկապարտեզի դաստիարակչուհի Շուշանի մտահոգությունը. ինքը երեխաներին սովորեցնում է Մասիսը ետ բերելու մասին երգեր, նրանց «Ջիփ»-ատեր ծնողները բառացի են հասկանում ասվածը ու Վերնիսաժից հսկայական Մասիս գնում՝ դաստիարակչուհուն հաճոյանալու համար: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ