Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսվարողի բողոքներին պատասխանեցին քրգործով

Հունիս 28,2005 00:00

Տնտեսվարողի բողոքներին պատասխանեցին քրգործով «Ռոյալ Արմենիա» ընկերության եւ Մաքսային պետական կոմիտեի միջեւ արդեն 2 տարի շարունակվող ընդհարումները նոր փուլ են թեւակոխել: Երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսում «Ռոյալ Արմենիա» ընկերության ներկայացուցիչները դարձյալ փաստարկներ էին ներկայացնում, որ մաքսային մարմիններն իրենց ապրանքը շարունակում են պարբերաբար մաքսազերծել մոտ 2 անգամ բարձր արժեքով, քան այլ տնտեսվարողների նույն ապրանքը: Ընկերության իրավաբան Գեւորգ Մինասյանի խոսքերով, արդեն 4 ամիս է, ինչ իրենց ապրանքը՝ ինդոնեզական «Ռոբուստա» տեսակի 18 հազար կգ սուրճը՝ մոտ 21 հազար դոլար ընդհանուր արժեքով, գտնվում է մաքսային պահեստում. «Եթե այլ տնտեսվարող սուբյեկտների համար նույն տեղից բերված նույն սուրճի 1 կգ-ի համար սահմանվել է 1.1 դոլար մաքսային արժեք, մեզ համար սահմանվել է 1.8 դոլար: Մինչդեռ ապրանքի փաստաթղթերով հիմնավորված մաքսային արժեքը 1 կգ-ի համար կազմել է 1.24 դոլար, ինչը հաստատվել է նաեւ «Բիզնես կոնսալտ» անկախ աուդիտորական ընկերության հետազոտությամբ»: Ասուլիսից հետո մի շարք լրագրողներ դիմեցին նաեւ հակառակ կողմին՝ Մաքսային պետական կոմիտեի իրավաբանության եւ հետաքննության վարչության պետ Գեւորգ Ներսիսյանին, որը պարզաբանեց, որ «Ռոյալ Արմենիայի» ներմուծած սուրճի մաքսային արժեքի բարձր լինելը պայմանավորված է արտահանվող երկրում վճարված գումարով. «Ընկերության ներկայացուցիչը իրենց հաշիվ-ապրանքագրում 1 կգ-ի համար ներկայացրել է 1.24 դոլար, բացառված է, որ այդ դեպքում մաքսային արժեքը ձեւակերպենք 1.05 կամ 1.1»: Սակայն հաշվարկները ցույց են տալիս, որ նույնիսկ 1.24-ի դեպքում մաքսային արժեքը ոչ մի կերպ 1.8 դոլար չի ստացվում: Անցյալ տարի նմանատիպ խնդրի վերաբերյալ «Ռոյալ Արմենիայի» կողմից դատական հայցեր ներկայացնելուց հետո մաքսայինի աշխատակիցները հրավիրած մամուլի ասուլիսում նշեցին, թե տեսաերիզ ցույց տալուց հետո դատախազությունում ընկերության ներկայացուցիչները ներողություն են խնդրել ու հրաժարվել իրենց ցուցմունքներից: «Ռոյալ Արմենիայի» իրավաբանը հերքեց սա, ավելացնելով. «Դա ցինիզմ է»: Այս անգամ տնտեսվարող սուբյեկտների միջեւ խտրականություն դնելը եւ «Ռոյալ Արմենիայի» համար բարձր մաքսային արժեք սահմանելը պարոն Ներսիսյանը հիմնավորում էր կոմիտեի նորաբաց Բացթողումային վարչության կողմից ընկերությունում փետրվարի 7-ին անցկացրած ստուգումներով, ըստ որոնց, ընկերության կողմից նախկինում մատակարարված ապրանքների գները չեն համապատասխանում Մաքսային կոմիտեին ներկայացված գներին: Այս կապակցությամբ հիմա արդեն ընկերության դեմ է հարուցվել քրեական գործ: Ի դեպ, լրագրողներին պարզաբանումներ տալիս Գ. Ներսիսյանը բերում էր մաքսայինի գործողությունների «ամենահիմնավոր» ապացույցը՝ Վճռաբեկ դատարանի որոշումը՝ հօգուտ կոմիտեի: Իմիջիայլոց, հենց կոմիտեի աշխատակիցներն ամիսներ առաջ «Ռոյալ Արմենիայի» հետ կապված խնդրի առնչությամբ, երբ Մաքսային կոմիտեն պարտվել էր առաջին երկու ատյաններում, կասկած էին հայտնել դատական մարմնի անկախության առնչությամբ: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930