Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԳՈՅԻ»

Հունիս 28,2005 00:00

«ԱԳՈՅԻ» ԽՄԲԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ԱԺ-ՈՒՄ ԵԽ նախարարների խորհրդի դիտարկման հանձնախումբը խորհրդարանում երեկ հանդիպեց ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի եւ խումբ-խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Երեկ խմբի ղեկավար Ռոնալդ Վեգեները բարձր գնահատեց հայկական կողմի ջանքերը՝ ընդգծելով հատկապես Տիգրան Թորոսյանի ներդրումը սահմանադրական փոփոխությունների լիարժեք նախագիծ ունենալու ուղղությամբ: Կարեւորվեց կոալիցիայի եւ ընդդիմության զգացվող համագործակցությունը սահմանադրական բարեփոխումների գործընթացում: ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը ներկայացնելով իր մոտեցումները սահմանադրական փոփոխությունների գործընթացի վերաբերյալ՝ անհրաժեշտ համարեց քաղաքական բոլոր ուժերի համաձայնությունը նախագծի շուրջ, քանի որ, ըստ պարոն Արսենյանի, եթե նույնիսկ մեկ քաղաքական ուժ կոչ անի իր ընտրազանգվածին դեմ քվեարկել նախագծին, ապա սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքը կանխատեսելի չի լինի: ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը իր հերթին հույս հայտնեց, որ քաղաքական ուժերը կարդարացնեն ժողովրդի սպասելիքները: Նրա համոզմամբ՝ շատ կարեւոր է քարոզչության ընթացքում ճիշտ աշխատել հասարակության հետ: Պարոն Թորոսյանը հույս ունի, որ ընդդիմության եւ իշխանությունների միջեւ գոյություն ունեցող ներքին լարվածության հաղթահարումը, սահմանադրական փոփոխությունների դրական ելքի պարագայում, հիմք կհանդիսանա հետագա համագործակցության համար՝ անհրաժեշտ համարելով նաեւ ամբողջ քաղաքական դաշտի համագործակցությունը: «Ագոյի» խմբի հետ հանդիպման ժամանակ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշել է. «Ժողովրդավարությունն ավելի շատ օրենք է, քան բացառություն: Եվ պետք է սկսել երկրի Հիմնական օրենքից»: Պարոն Վեգեները կարեւորեց սահմանված ժամանակացույցով նախագծի ընդունումը երկրորդ ընթերցմամբ եւ պատշաճ քարոզչության իրականացումը: Նրա կարծիքով՝ սահմանադրական բարեփոխումների քննարկումներում ձեռք բերված կարեւոր արդյունքներից մեկն էլ ընդդիմության մասնակցության համաձայնությունն է հետագա քննարկումներին եւ լիարժեք վերադարձը խորհրդարանի օրենսդրական գործունեությանը, որի շուրջ արդեն իսկ եղել է իրենց համաձայնությունը: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել