Լրահոս
Օրվա լրահոսը

Ալլահ

Հունիս 28,2005 00:00

Ալլահ Աքբար Հանգամանքը, որ Վլ. Պուտինը, դարձյալ ամբողջ աշխարհից առաջ ընկնելով, «ափալ-թափալ» շնորհավորեց Մահմուդ Ահմադինեջադին՝ Իրանի նոր նախագահ ընտրվելու կապակցությամբ, արդեն իսկ զգաստանալու եւ մտածելու տեղիք է տալիս: Այնպես է ստացվել, որ ցայժմ Պուտինի շնորհավորանքները բավականին հաճախ առնչվել են ակնհայտ հետադեմ եւ ընտրակեղծիքներով նախագահ հռչակված անձանց: Իսկ մտածելու եւ զգաստանալու նյութ՝ ինչքան ասես. օրինակ՝ բարեփոխականների թեկնածու համարվող Ռաֆսանջանիի կողմնակիցները Ահմադինեջադին մեղադրել են «կեղտոտ քաղտեխնոլոգիաների» օգտագործման եւ բազում այլ ընտրահանցանքների մեջ: Սակայն եթե անգամ լուրջ չընդունենք պարտված թեկնածուի այս մեղադրանքներն ու դրանք վերագրենք նրա խոցված ինքնասիրության պոռթկումներին, ապա բավական է նշել միայն, որ Թեհրանի նախկին քաղաքապետ Մահմուդ Ահմադինեջադը, որը նախընտրական արշավում միահամուռ գնահատվում էր իբրեւ ակնհայտ աուտսայդեր, ընտրությունների առաջին փուլում Ռաֆսանջանիից ետ մնաց ընդամենը 1,5 տոկոսով, իսկ երկրորդում ջախջախիչ հաղթանակ տարավ՝ շահելով քվեների 61,7 տոկոսը (Ռաֆսանջանիի օգտին տրված քվեները կազմել են 35,9 տոկոս): Բնականաբար, այստեղ ոչ մի հրաշք չկա. հաջողության պատճառն այն է, որ գրեթե պաթոլոգիայի հասնող հակաարեւմտյան հայացքների տեր այդ կրոնական մոլագարի թիկունքին կանգնած է Իրանի ռազմա-հոգեւորական ամենազոր կլանը: Ավելորդ չէ տեղեկացնել, որ նախկին նախագահ, բարեփոխական Խաթամին ժամանակին խստիվ արգելել էր քաղաքապետ Ահմադինեջադին ներկա գտնվել կառավարության նիստերին, թեեւ արարողակարգն այդպես էր պահանջում: Ինքը, իր իսկ խոսքերով՝ «օրինակելի իսլամական ժամանակակից պետության» ստեղծման ջատագով Ահմադինեջադն արդեն հայտնի է իր, մեղմ ասած, ոչ այնքան ժամանակակից ճաշակով: Դառնալով Թեհրանի քաղաքապետ՝ նա առաջին հերթին տղամարդկանց հրամայել էր պարտադիր մորուք պահել ու երկար թեւքերով վերնաշապիկ հագնել, իսկ կանանց՝ կրել անթափանց խիջաբներ: Քաղաքապետը հրամայել էր նաեւ վերացնել բոլոր արեւմտյան տիպի ռեստորաններն ու զվարճավայրերը: Արեւմտյան ու անգամ ռուսական փորձագետներն այժմ վստահ են, որ Ահմադինեջադի հաղթանակն այլ բան չի նշանակում, քան վերջին 8 տարիների ընթացքում երկրի հասարակական եւ տնտեսական կյանքի ազատականացման քիչ թե շատ նշմարվող միտումների ոչնչացում եւ վերադարձ՝ այաթոլլա Հոմեյնիի ժամանակները: Էլ չենք խոսում այն մասին, որ ԱՄՆ-Իրան տեւականորեն մարմրացող հակամարտությունը կբոցավառվի նոր թափով: Ի դեպ, այն մասին, որ ԱՄՆ-ին հակադրվելն իր համար առաջնային է լինելու, Ահմադինեջադն արդեն իսկ բարձրաձայնել է: Այս պահին դժվար է գնահատել, թե ինչպես կզարգանան Հայաստան-Իրան հետագա հարաբերությունները, սակայն նոր իրավիճակը, անշուշտ, շատ մտահոգությունների տեղիք է տալիս: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել