Միջազգային հելսինկյան ընկերակցությունը քննադատել է Երկուշաբթի օրը Միջազգային հելսինկյան ֆեդերացիան հրապարակել է 2004 թվականին վերաբերող տարեկան զեկույցը, որում խիստ քննադատության է ենթարկվել Հայաստանը: «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, զեկույցում Հայաստանը հայտնվել է այն երկրների շարքում, որտեղ կոռուպցիան ու արդարադատության համակարգի անկախությունը առաջնային խնդիրներ են համարվում: «Հայաստանի իշխանությունները արդյունավետ քայլեր չձեռնարկեցին 2004 թվականին արձանագրված լուրջ իրավախախտումները վերացնելու ուղղությամբ,- ասված է զեկույցում։- Հայաստանում ընդդիմությունը ճնշումների է ենթարկվում, ծեծվում է ոստիկանության կամ չբացահայտված անձանց կողմից»: Իրավապաշտպանները նշում են, որ 2004 թ. հաստատված օրենքը՝ «Ժողովներ, հանրահավաքներ ու ցույցեր անցկացնելու մասին», «ընդլայնում է դրանք ճնշելու՝ իշխանությունների իրավունքները»։ Միեւնույն ժամանակ արձանագրվել է, որ անցյալ տարվա ընթացքում ՀՀ իշխանությունները անուղղակիորեն փորձել են լռեցնել նաեւ անկախ լրատվամիջոցները՝ կիրառելով «ինչպես ֆինանսական լծակներ, այնպես էլ անհարկի ճնշումներ»։ «Հայաստանի նախագահն ու այլ պաշտոնատար անձինք վերահսկում են հեռուստաեթերը»,- արձանագրված է զեկույցում: Հիշատակելով ապրիլի 13-ի դեպքերը՝ իրավապաշտպանները նշում են, որ «իշխանությունները երկրում ստեղծված լարված մթնոլորտը մեղմելու փոխարեն նախընտրեցին ձերբակալությունների ու սպառնալիքների ճանապարհով սահմանափակել մարդկանց իրավունքները եւ ժողովրդավարական ազատությունները»։ Ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ նաեւ «Հոկտեմբերի 27»-ի գործը: «Մեկ տարվա ընթացքում երեք մարդ, ով կարող էր մասնակցած լինել գործին կամ ականատես լինել, մահացան»,- նշում են իրավապաշտպաններն ու ավելացնում. «1999 թվականից մինչեւ օրս կասկածելի պայմաններում մահացել է ահաբեկչության 5 վկա»։ Զեկույցում «խիստ անհանգստացնող» են որակվել նաեւ կալանավորների նկատմամբ կիրառվող խոշտանգումները. «2004 թվականին նրանց 60 տոկոսը ենթարկվել է ծեծի ու բռնության: Երկուսը մահացել են»։ Արդարադատության համակարգից բացի, միջազգային կազմակերպության փորձագետները դիտարկել են նաեւ տնտեսական ոլորտում կատարվող տեղաշարժերը։ «Մեկ տարվա ընթացքում ջրի, գազի, վառելիքի գները շարունակաբար բարձրանում էին, մինչդեռ Հայաստանում ապրողների հիմնական մասը հազիվ է ծայրը ծայրին հասցնում»,- ասված է զեկույցում: