Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՈՀՄԱԾԱՌԸ, ՆՐԱ ՃՅՈՒՂԵՐՆ ՈՒ ԱՐԺԵՔՆԵՐԸ

Հունիս 28,2005 00:00

«Մետրո»
թատրոնի նոր ներկայացումը Մոտ 2 տարվա ընդմիջումից հետո հունիսի 24-25-ին
«Մետրո» թատրոնը հանդիսատեսի դատին հանձնեց «Տոհմածառ» նոր ներկայացումը, որին վաղուց
էր սպասում թե՛ հանդիսատեսը, թե՛ թատրոնի անձնակազմը: Համ ու հոտով, հայկական կոլորիտով
պիեսը, ուր միախառնված էին զվարճալին ու ողբերգականը, Լենա Ավագյանինն էր, բեմադրությունը՝
թատրոնի գեղարվեստական ղեկավար Վիգեն Ստեփանյանինը: Գլխավոր դերերը կատարեցին Լեւոն
Հարությունյանը (Արշո պապ), Սոնա Մարտիրոսյանը (Շուշան), Կարինե Գարսեւանյանը (Լառա),
Լիդա Լեւոնյանը (Անահիտ), Կարեն Հովսեփյանը (Սաքուլիկ): Ընդ որում, վերջին 2-ը թատրոնին
կից քոլեջի սաներ են: Թե ինչի մասին է «Տոհմածառը», միանշանակ դժվար է ասել:
Առաջին հայացքից այն Արեւշատյանների տոհմի մասին է, որի մի շառավիղն էլ Անահիտ թոռնիկի
համար տոհմածառ նկարող սասունցի Արշո պապն է: Նա ավանդապահ հայ մարդ է, սիրում է
թթի օղի ու գտնում, որ առանց 1 բաժակ գցելու՝ ոչ մի գործ գլուխ չի գա: Իրականում
Արեւշատյանների տոհմածառի պատմությունը պատճենն է ցանկացած հայ ընտանիքի ճակատագրի՝
եղեռն տեսած, սիբիրներ քշված պապեր, Արեւելահայաստանում դժվարությամբ բնավորված ընտանիքներ,
արցախյան ազատամարտին մասնակցած կամ հիասթափված ու արտերկիր արտագաղթած զավակներ,
թոռներ եւ այլն: Ապրում է Արշո պապը անամուսին դստեր՝ Շուշանի ու թոռնուհու՝
Անահիտի հետ: Հարեւանների նման պաշտոններ ու հարստություն չունեն, բայց երջանիկ են:
Սակայն մի օր ամեն ինչ փոխվում է. հարեւանի որդին «հայտնաբերում» է, որ իրենց դասարանում
ամենագեղեցիկ տոհմածառը նկարած Անահիտը հայր չունի եւ իր մոր ազգանունն է կրում…
Ու վե՛րջ երջանկությանը: Աղջիկը մեղադրում է մորը՝ անհայր մեծանալու համար, իսկ տոհմածառը
դառնում է նրա աչքի փուշը: Շուշանը «հասկանում» է, որ սխալ է ապրել, ի՞նչ օգուտ,
հորից ժառանգած հայրենացավությունից ու հայրենասիրությունից, եթե ուրիշներն առանց
դրա ավելի լավ են ապրում: Մայր-դուստր «երկխոսությունն» այլեւս ավարտված է: Մեկ
էլ փոքրիկ Անահիտը կարծես նախնյաց կանչով սկսում է թերթել ընտանեկան ալբոմը. աչքի
առաջ հառնում են Արեւշատյանները: Նա բոլորի լուսանկարները սոսնձում է նկարված տոհմածառի
ճյուղերին ու մի նոր ճյուղ է նկարում՝ իր հոր անունով: Հավատում է, որ հայրը մի oր
կգա, որովհետեւ պապը մշտապես կրկնում է իր պապի խոսքերը. «Հայը ուր էլ գնա, միեւնույն
է՝ վերադառնալու է» կամ «Մինչեւ հիմա հույսն է հային պահել»: «Տոհմածառը»
նաեւ մեր օրերի ու մեր կյանք ներխուժած հոռի երեւույթների մասին է. երեկ հանկարծ
հարստացածները, օրինակ, համարձակվում են երազել, որ իրենց հազիվ տառաճանաչ երեխան
վաղը պետք է դառնա պատգամավոր կամ ամենաքիչը քաղաքական գործիչ: Ներկայացման
հիմնական ասելիքն այն է, որ հայ մարդն ինչպիսի իրավիճակներում էլ հայտնվի, չպետք
է կորցնի իր իսկական դեմքը, հիշի արմատները եւ հավատարիմ մնա մեր օրերում հանիրավի
արժեզրկված ու «կեղծ» կատեգորիայի վերածված արժեքներին: Ասվածի վկայությունն է մանկապարտեզի
դաստիարակչուհի Շուշանի մտահոգությունը. ինքը երեխաներին սովորեցնում է Մասիսը ետ
բերելու մասին երգեր, նրանց «Ջիփ»-ատեր ծնողները բառացի են հասկանում ասվածը ու Վերնիսաժից
հսկայական Մասիս գնում՝ դաստիարակչուհուն հաճոյանալու համար: ԳՈՀԱՐ
ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել