Խորհրդարանական
ընդդիմությունը պատրաստ է «այո» ասել սահմանադրական փոփոխություններին Հայաստանում
է գտնվում ԵԽ նախարարների կոմիտեի դիտարկման հանձնախումբը, որը հանդիպումներ ունեցավ
«Արդարություն» դաշինքի ներկայացուցիչների, ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի, ԱԺ նախագահ
Արթուր Բաղդասարյանի, Մարդու իրավունքների պաշտպանի եւ մի շարք հասարակական կազմակերպությունների
ներկայացուցիչների հետ: Քննարկումների հիմնական թեման ԵԽ առջեւ ստանձնած Հայաստանի
պարտավորությունների կատարումն էր, մասնավորապես՝ սահմանադրական փոփոխությունների
գործընթացը: Հանդիպմանը չի մասնակցել «Ազգային միաբանություն» խմբակցության նախագահ
Արտաշես Գեղամյանը, որն իր այս որոշումը բացատրեց հետեւյալ կերպ. «Մենք նպատակահարմար
չգտանք մասնակցել այդ հանդիպմանը, քանի որ վստահ ենք՝ սահմանադրական փոփոխությունների
հարցում այս պահին որեւէ այլ քննարկում, նոր բան չեն կարող տալ. կա որոշում եւ պետք
է հարգվի այդ որոշումը»: Պարոն Գեղամյանը նկատի ունի, որ ԵԽԽՎ-ում տեղի ունեցած պայմանավորվածություններն
արդեն կարեւոր են, եւ պետք է սպասել, թե որքանով են իշխանությունները կատարելու իրենց
խոստումը՝ ընդունել Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները: Իսկ ընդհանրապես,
«Ազգային միաբանության» դիրքորոշումը՝ սահմանադրական փոփոխությունների հետ կապված,
միանշանակ հետեւյալն է. «Եթե բոլոր առաջարկությունները եւ դիտողությունները, որոնք
արդեն տեղ են գտել ԵԽԽՎ վերջին բանաձեւում, հերթական անգամ չկեղծվեն, ապա, բնականաբար,
մենք անպայման մասնակցելու եւ պաշտպանելու ենք այդ նախագիծը, որովհետեւ այն լիովին
ներառել է այն բոլոր սկզբունքային հարցադրումները, որոնց պահանջով «Արդարություն»
եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունները հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ»:
Մեր հարցին՝ այդ դեպքում ո՞րն է լինելու ընդդիմության անելիքը, քանի որ վերջին շրջանում
ընդդիմության հիմնական կարգախոսն էր դարձել՝ «ոչ» ասել սահմանադրական հանրաքվեին:
«Ընդդիմության անելիքները նոր են ի հայտ գալու եւ նոր, մեծագույն հնարավորություններ
են մեզ ընձեռվելու, քանի որ նոր սահմանադրությամբ արդեն չեն կարող ռետինե մահակներով
եւ էլեկտրաշոկով մարդկանց ցրել, իսկ ընդդիմությունն արդեն պաշտպանված կլինի նոր սահմանադրությամբ,
որը երբեք ու երբեք թույլ չի տա, որ այս իշխանությունները ոտնահարեն մարդկանց իրավունքները,
եւ շատ շուտ կհասնի իշխանափոխության»,- պատասխանեց պրն Գեղամյանը: «Արդարություն»
խմբակցության պատգամավոր Շավարշ Քոչարյանը հանդիպել է «Ագոյի» խմբի հետ եւ կարծում
է, որ ընդդիմության համար խիստ էական է հուլիսի 7-ին Վենետիկ ուղարկվելիք սահմանադրության
նոր տեքստը. «Եթե դա համապատասխանի բոլոր սկզբունքներին, ապա մենք կողմ կլինենք այդ
սահմանադրությանը»: Մեր նույն հարցին՝ ընդդիմությունն այդ դեպքում անելիք չի՞ ունենալու,
քանի որ վերջինիս հիմնական խաղաքարը՝ սահմանադրության հանրաքվեն Քոչարյանի վստահության
հանրաքվեի վերածել՝ դառնում է խփված խաղաքար: «Նայած թե ի՞նչ նպատակ ենք հետապնդում,-
ասաց մեր զրուցակիցը,- եթե մեզ համար երկրորդական են երկրի համակարգային բարեփոխումները,
ապա, իհարկե, դուք ճիշտ կլինեք, բայց մենք տեսնում ենք երկու խնդիր՝ երկրում պետք
է հաստատել օրինական իշխանություն, բայց եթե այդ իշխանությունը նույնն է կատարելու,
այդ դեպքում՝ ի՞նչ տարբերություն: Սակայն մեր առջեւ երեք խնդիր կա՝ համակարգային
բարեփոխումներ, դուրս գալ կեղծվող ընտրությունների փակուղուց եւ արդար ընտրությունների
շնորհիվ հաստատել օրինական իշխանություն: Տվյալ պարագայում կա աննախադեպ հնարավորություն՝
երկրի Սահմանադրությունն այնպես փոփոխել, որ ունենանք եվրոպական չափանիշներին համապատասխան
սահմանադրություն: Իսկ սա անհրաժեշտ պայման է մնացած հարցերը լուծելու համար»: «Ազգային
միաբանության» եւ «Արդարության» համատեղ հայտարարության մեջ, որով կոչ էր արվում
դեմ քվեարկել կոալիցիայի սահմանադրությանը, կար նաեւ ապրիլի լույս 13-ի գիշերը խաղաղ
ցուցարարներին բռնությունների ենթարկածներին պատժելու պահանջ, այս դեպքում չի՞ ստացվում,
որ իր այս պահանջն ընդդիմությունը մոռանում է: Շավարշ Քոչարյանը այդպես չի կարծում.
նա ասաց, որ իրենք չեն հրաժարվում իրենց գնահատականներից: ՄԱՐԳԱՐԻՏ
ԵՍԱՅԱՆ