Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՀԱՆՋ

Հունիս 25,2005 00:00

ՆԱՀԱՆՋ ՄԻՆՉԵՎ ԿԱՐՏՈՖԻԼՈՎ ԼԵՑՈՒՆ ՏՈՊՐԱԿՆԵՐ Արվեստագետը թատրոնի ու կյանքի մասին Համազգային պետական թատրոնի բեմից, իր հերոսների բերանով, մեզ հետ խոսում է բնիկ վանեցի Մկրտիչ Խերանյանը (1899 Վան-1970 Երեւան): Խոսում է Վանա բարբառով եւ, ցավոք, կարեւոր չէ՝ դերասաններին որքանով է հաջողվում անթերի կատարել այդ. մեզ համար Վանն այլեւս պատմական իրողություն է, Վանա բարբառը՝ լեզվագիտական: Բեմից հանդիսասրահ է հորդում զավեշտ, կատակ, մորմոք… Եվ հանկարծ կենտրոնական հերոս Շխոնց Միհրանի հարցը կախվում է գլխիդ վերեւ. «Պատերազմ էր, կռվեցինք, հաղթեցինք՝ ինչո՞ւ ենք նահանջում»: Թատրոն է, հրաշք: Զավեշտախոս հերոսի անսպասելի հարցը փոխակերպվում է, դառնում է մերօրյա: Ինչո՞ւ ենք նահանջում: Եվ Վանի հերոսական ինքնապաշտպանությունը դառնում է արցախյան ազատագրում: Հապա Զարթո՞նքը: Նա էլ էր պատերազմ: Այդ պատերազմում նույնպես զոհեր եղան եւ եղավ հաղթանակ: Եթե արցախյան ետպատերազմական զարգացումների հոլովույթն ամեն մեկի խելքի բանը չէ, ապա անկախության տարիների հոլովույթը պարտադրաբար պետք է յուրաքանչյուրիս մտահոգության առարկան դառնա: Պատերազմ էր, կռվեցինք, հաղթեցինք՝ ինչո՞ւ ենք նահանջում: Որ նահանջում ենք՝ կասկածից վեր է: Վերհիշենք եւ անդրադառնանք: Հիվանդ հայրենիք լքելը, ինչ պատճառաբանությամբ էլ որ լինի՝ նահանջ է: Եվ նահանջը դեռ շարունակվում է: Ինչո՞ւ ենք նահանջում: Բարձրագույն ընտրություններում սեփական պարտությունը հրապարակավ ընդունելուց քառասուն րոպե անց հրապարակավ իրեն հաղթող հռչակելը, «մեր դեմ խաղ չկա» սկզբունքով՝ նահանջ է: Բարձրագույն պաշտոնին չհավակնելու խոստում տալն ու մեկ շաբաթ անց խոստումը դրժելը՝ նահանջ է: Ընտրակաշառք տալը՝ նահանջ է: Ընտրակաշառք վերցնելը՝ նահանջ է: Ընտրակեղծիքը՝ նահանջ է: Դիմացինի ձեռքերը կապելն ու նրա քթի տակ բռունցք խաղացնելը, որպես ուժի առհավատչյա՝ նահանջ է: Բարձրագույն իշխանության նստավայրի տարածքը մահակավորների գիշերային նենգադավ թաքստոց դարձնելը՝ նահանջ է: Աղքատ երկրների շարքում տեղ գրաված պետության բարձրակարգ պաշտոնյա լինելով՝ խաղատանը հեքիաթային գումար տանուլ տալը՝ նահանջ է: Էլ չասենք, որ այդ պաշտոնյային, նման ոչ պատվաբեր արկածից հետո, առավել պատասխանատու պաշտոնի նշանակելը՝ նահանջ է ու նահանջ է: Եվ այլն, եւ այլն, եւ այլն… Մի խոսքով, ժողովրդավարության փոխարեն՝ էրզաց. (ըստ Արարատ Ղարիբյանի՝ փոխնյութ, ոչ լիարժեք, սուրոգատ). առավել հասկանալի՝ կոռուպցիա, անպատժելիություն, բեսպրեդել… Եվ միակ մխիթարանքը՝ մեզանից վատն էլ կա: Վանի հերոսական ինքնապաշտպանության հաղթանակին հետեւեց նահանջը: Ինչո՞ւ: Հանդիսասրահում սարսռալի լռություն: Հաջորդ դրվագը… Թատրոնը մնում է թատրոն… Հաջորդ դրվագը եւ ամոթալի, եւ զավեշտական: Երեւան հասած այդ խիզախ վանեցի տղան, նորաստեղծ հանրապետության օրհաս օրերին, բանակից խուսափելու համար, թաքնվում է պարկի մեջ, կարտոֆիլով լեցուն պարկ է ձեւանում: Ի՞նչ կատարվեց Շխոնց Միհրանի հետ: Հոգեբանական ի՞նչ փոխակերպում է սա: Եվ արդյո՞ք հոգեվիճակի ժանգլյորություն չէ այդ, որով այնպես հարուստ է ժամանակակից թատերարվեստը: Ոչ: Սա թատրոն է, իսկական բարձրակարգ թատրոն: Նահանջը Շխոնց Միհրանի սերունդին պարտադրվեց. զարգացումներն ընթանում էին մեծ տերությունների շահերի բախման դաշտում: Նրանց դեմ խաղ չկար: Հաղթանակը բեղմնավորվեց նահանջով՝ ծնվեց բարոյալքություն: Մեր ետպատերազմյան դաշտը բարոյականն էր: Էր եւ է: Որքանո՞վ ենք մենք մեր ճակատագրի տերը. տերն ու տնօրինողը: Նահանջ: Ներազգային բարոյական դաշտում նահա՞նջ: Ազատագրական պատերազմում հաշմված ազատամարտիկի կինը հուսահատ է, զավակները ուշադրությունից դուրս, իսկ զեխությունը՝ լկտի ու անամոթ: Ամոթալի նահանջն անժխտելի է: Եվ այս դեպքում կարեւոր չէ, թե մեզանից ով հասարակության դիմակայության ո՞ր դիրքում է կանգնած՝ իշխանամե՞տ, թե՞ ընդդիմադիր: Ամոթը բոլորինս է: Թատրոնը հարց է առաջադրել՝ հասարակությունը պատասխան է ակնկալում: Իսկ նման պարագաներում պատասխան պահանջում են նախ եւ առաջ մտավորականից: Ինչո՞ւ ենք նահանջում: Եվ դեռ որքա՞ն պիտի նահանջենք, մինչեւ ազգովին վերածվենք կարոֆիլով լեցուն պարկերի՞: Եվ նկատո՞ւմ ենք, արդյոք, որ ստրկահոգության, ստրկամտության հաղթարշավ է սկսվել, որ հոգեբանական այն նույն մթնոլորտն է վերականգնվում, ինչից, թվում էր, հեռացել ենք անվերադարձ: Ինձ համար այս մտորումների շարժառիթը Համազգայինի «Շխոնց Միհրան» բեմադրության վերականգնված տարբերակն էր: Իսկական թատրոն: Նորին մեծություն թատրոն, որ քեզ մղում է մտորումների: Շնորհակալություն նրա դիրքերն անխախտ պահող շնորհալի դերասաններին (ինչ հիանալի երեւույթ՝ բոլորը երիտասարդ): Բեմադրությունը՝ Դավիթ Հակոբյանի: Վերականգնման խմբագրումը՝ թատրոնի գլխավոր ռեժիսոր Հր. Գասպարյանի: Թատրոնի գաղափարա-գեղարվեստական կեցվածքի պատասխանատու՝ շնորհաշատ դերասանապետ Սոս Սարգսյան: ԵՐՎԱՆԴ ՄԱՆԱՐՅԱՆՀ. Գ. Մտորումները թղթին հանձնելու շարժառիթը նաեւ «Առավոտի» թիվ 105-ի առաջին էջի «Միտքն» էր. «Դժոխքում ամենասարսափելի տեղերը նախատեսված են նրանց համար, ովքեր բարոյական ճգնաժամի ժամանակ չեզոք են մնում: Դանթե»: Ոչ մի ցանկություն՝ դժոխքի ամենասարսափելի մի տեղի հավիտենական բնակիչը դառնալու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930