Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ

Հունիս 25,2005 00:00

ՄԻ ԿՐՏՍԵՐ ՄԱՍՆԱԳԵՏ ՉՈՒՆԵ՞Ն Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը գովազդային հոլովակներին չի հետեւում Արդեն 4 տարի է, ինչ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) գործում է: Հանձնաժողովի գործունեության առաջին իսկ օրվանից գործում է նաեւ վերահսկողական վարչությունը, որը պետք է ուշիուշով հետեւեր ԶԼՄ-ներում առկա գովազդներին: Պարզվում է՝ այս 4 տարիների ընթացքում հանձնաժողովը հայտնաբերել է գովազդներին վերաբերող ընդամենը 10 խախտում, համենայնդեպս, այսքանը մեզ ներկայացրին վերահսկման վարչության աշխատակիցները: Այն էլ՝ նշված խախտումներից 2-ն ընդհանրապես գովազդի հետ կապ չունեն. դրանք վերաբերում են առանց պայմանագրային հիմունքի, վերահեռարձակումից առաջ այդ մասին ՀՌԱՀ-ին գրավոր տեղյակ չպահելով վերահեռարձակում իրականացնելուն: Ստացվում է, որ «ուշիուշով» հետեւելու ընթացքում հանձնաժողովը հայտնաբերել է ընդամենը 8 խախտում, այն դեպքում, երբ օրական ցանկացած հեռուստաալիքի եթերին հետեւելով՝ կարելի է, առանց չափազանցնելու, հայտնաբերել նվազագույնը 10-20 խախտում: Ի դեպ, եթե ինչ-ինչ պատճառներով հանձնաժողովը «բաց է թողել» խախտումները, մենք պատրաստ ենք տրամադրել հեռուստաեթերի եռամսյա մեր մոնիտորինգի արդյունքում (կոնկրետ օրերով) արձանագրված խախտումների մի ամբողջական ցուցակ: «Առավոտի» հարցին, թե հիմնականում օրենքի ո՞ր կետերն են խախտվում, վերահսկման վարչության աշխատակիցները համատեղ ուժերով ներկայացրել են 10 կետից բաղկացած մի ցանկ, ըստ որի, խախտվում են «ՀՌԱՀ-ի կանոնակարգ» ՀՀ օրենքի 80, 78 եւ «Գովազդի մասին» օրենքի 15-րդ հոդվածները: Սրանք վերաբերում են հանրաքվեների եւ ընտրությունների ժամանակաշրջանում, առանց էկրանի վրա պարտադիր անընդմեջ «քաղաքական գովազդ» կամ «նախընտրական քարոզչական հաղորդում» լուսագրի, հեռուստատեսությամբ քաղաքական կամ այլ քարոզչական հաղորդումներ տարածելուն եւ ապրանքների առանձին տեսակների գովազդի առանձնահատկություններին: Մինչդեռ եթերին հետեւելիս բոլորովին այլ պատկեր է ստացվում: «Գովազդի մասին» օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ «ՀՀ-ում գովազդի լեզուն հայերենն է, անհրաժեշտության դեպքում, որպես լրացում, գովազդատուի հայեցողությամբ գովազդի շարադրանքը կարող է զուգորդվել նաեւ այլ լեզուներով՝ համեմատաբար փոքր տառերով»: Դժվար չէ նկատել, որ մեր եթերը պարզապես ողողված է չթարգմանված, մասնավորապես ռուսերեն հոլովակներով: Լավագույն դեպքում վազող տողով լինում է նաեւ հայերեն տարբերակը, որոնց «վազքին» չես էլ հասցնում հետեւել: Երկրորդ ամենաշատ խախտվող հոդվածը կոմերցիոն հաղորդումների մասին է, որ սահմանում է՝ «գովազդային հատուկ հաղորդումների հաճախականությունը չի սահմանափակվում, սակայն յուրաքանչյուր առանձին հաղորդման տեւողությունը եթերային 1 ժամվա ընթացքում չպետք է լինի 5 րոպեից ավելի»: Մի շարք հեռուստաալիքներով ցուցադրվող նմանատիպ հաղորդումները բացարձակապես չեն նշվում որպես այդպիսին ու 5 րոպեի փոխարեն տեւում են 13-15 րոպե: Մյուս ամենակարեւոր խախտումը «անբարոյական» գովազդների ցուցադրումն է: Օրենքի 8 եւ 14 հոդվածները հստակ սահմանում են՝ «արգելվում է այն գովազդը, որում խախտվում է գովազդի պատշաճությունը, այն է՝ վարկաբեկում են բարոյականության համընդհանուր եւ ազգային նորմերը, ինչպես նաեւ այն գովազդները, որտեղ պարունակվում են անչափահասներին բարոյական վնաս պատճառող տեսաձայնային դրվագներ»: Գուցե հանձնաժողովը գովազդներում անկողին ու սեքս ցուցադրելն այնքան էլ անբարոյական չի համարում, եւ դրանք այսօր առկա են անգամ մաստակի եւ բնական հյութերի հոլովակներում: Օրենքը չի ասում, որ ուշ ժամերին կարելի է ցուցադրել նման գովազդներ, բայց ժամը 23-ից հետո սկսում է իսկական «գիշերային խրախճանքը»՝ գովազդի տեսքով: Խոսքը մասնավորապես վերաբերում է «սթրիփթիզ» ակումբներին ու նման ուղղվածություն ունեցող բարերին, որոնց գովազդային վահանակները գայթակղում են տղամարդկանց սլավոնական կամ այլ երկրներից ժամանած պարուհիների «տրյուկներով»: ՀՌԱՀ-ը, անտեսելով նման «մանր-մունր» խախտումները, իր գործունեության ողջ տարիների ընթացքում տուգանել է 100 եւ 200 հազարական դրամներով ընդամենը 3 հեռուստաընկերությունների՝ առանց «քաղաքական գովազդ» կամ «նախընտրական քարոզչական հաղորդում» լուսագրի քաղաքական հաղորդումներ տարածելու համար: 3 հեռուստառադիոընկերությունների էլ նախազգուշացրել որոշակի տեսակի ծխախոտներ եւ թունդ ալկոհոլային խմիչքներ գովազդելու համար: Իսկ գործունեության առաջին 2 տարիներին հանձնաժողովն ընդհանրապես որեւէ խախտում չի արձանագրել: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել