Վճիռ՝ հօգուտ դատարանի նախագահի Երեկ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի դահլիճը լքեցին Արարատի մարզի Արգավանդ գյուղի բնակիչներ Ասյա, Հակոբ, Գարեգին Խաչատրյանները: Նախորդ դատական նիստի ժամանակ նրանք բացարկ էին հայտնել վերաքննիչ դատարանին, իսկ վճռաբեկ դատարանի նախագահ Հենրիկ Դանիելյանը (մինչ Սահմանադրական դատարան տեղափոխվելը) գործը ուղարկել էր այդ նույն դատարանի նախագահ Մարատ Կատվալյանին, որի պատճառով էլ հայտնվել է բացարկը: Խաչատրյանները 70 եւ ավելի տարիներ տնօրինած իրենց հողամասը չեն ուզում հենց այնպես զիջել Մարատ Կատվալյանի փեսա Ռաֆիկ Մարությանին եւ բացարկ էին հայտնել այն հիմքով, որ վերաքննիչում չի գտնվի մի դատավոր, որը դուրս կգա իր նախագահի դեմ: Երեկ նախագահող դատավոր Տիգրան Սահակյանը հայտարարեց, որ ինքը դատարանի նախագահից կախվածություն չունի «ոչ ֆինանսապես, ոչ այլ կերպ» եւ որ ինքը ինքնուրույն դատավարական կազմ է, ինչպես եւ դատական նիստին մասնակցող երկու դատավորները՝ Աստղիկ Խառատյանն ու Արմեն Թումանյանը: Բացարկի պատասխանը չստանալու պատճառաբանությամբ Խաչատրյանները լքեցին դահլիճը, որից հետո դատարանն ընդունեց Մարությանների փաստաբան Լուսինե Օհանյանի հակընդդեմ հայցը եւ կայացրեց վիճարկվող տարածքից Խաչատրյաններին վտարելու վճիռ: Երեկվա դատական նիստին զինդատախազության քննիչ Ռաֆիկ Մարությանի ներկայացուցիչը՝ փաստաբան Լ. Օհանյանը հայտարարեց, որ Ռ. Մարությանը հողը ձեռք է բերել բարեխղճորեն: 2002-ի սեպտեմբերի 20-ին «Աերոտուր» ՍՊ ընկերությունը վաճառել է 550 քմ հողատարածք, որը նախ «բարեխղճորեն» գնել է Ռոմիկ Մարությանը, ապա «բարեխղճորեն» վաճառել իր եղբորը՝ Ռաֆիկ Մարությանին: Փաստաբան Լ. Օհանյանը հայտարարեց, որ Արգավանդի գյուղապետարանը անցկացրել էր աճուրդ, ինչի մասին եթեր է հեռարձակվել, իսկ «հայտարարություններն էլ փակցվել են գյուղի տարածքում»: Նա նաեւ նշեց, որ Ռ. Մարությանը «զրկված է իր սեփականությունը տնօրինելու իրավունքից, եւ Խաչատրյանների երեւակայության արդյունք է այն, որ դա իրենց հողն է»: Արարատի մարզի Արգավանդի գյուղապետարանի ներկայացուցիչ Սամվել Վարձելյանը, որը նույնպես լքել էր նիստերի դահլիճը, «Առավոտին» ասաց, որ Խաչատրյանները 70 տարուց ավելի մշակել են այդ վիճելի հողատարածքը, իսկ դատարանում հնչած 550 քմ տարածքը «սխալ քարտեզագրման հետեւանքով է առաջացել, այն իրականում գոյություն չի ունեցել»: Նույն հանգամանքի վրա «Առավոտի» ուշադրությունը դարձրեց Խաչատրյանների փաստաբան Հովիկ Հարությունյանը: Ըստ նրա, աճուրդի մասին հեռուստատեսությամբ հնչած հաղորդագրության կապակցությամբ գործում առկա է մի տեղեկանք, որի համաձայն՝ Արարատի մարզի հեռուստատեսությամբ 2002-ի հուլիսին ընդհանրապես աճուրդի մասին որեւէ հաղորդագրություն չի եղել: «Եթե դատարանը չունենար պատվերի կատարման անհրաժեշտություն, ապա մեկ շաբաթով կհետաձգեր դատաքննությունը՝ հնարավորություն տալով սկզբնական հայցվորներին հաշտության պայմանագիր կնքել միմյանց հետ, որը չէր բորբոքի առանց այն էլ սրված հարաբերությունները»,- շարունակեց փաստաբանը: Իրենց վերաքննիչ բողոքին Խաչատրյանների ընտանիքը կցել էր 2004-ի դեկտեմբերին ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիայի դեմ պայքարի բաժնի տեղեկանքը՝ կապված վիճարկվող հարցի հետ: Ըստ այս փաստաթղթի, Արգավանդի նախկին գյուղապետ Աշոտ Ասատրյանը (որն, ի դեպ, 2002-ի դեկտեմբերի 5-ին սպանություն էր կատարել, իսկ հետո ստացել անմեղսունակի թուղթ, ինչի մասին «Առավոտը» գրել էր) խախտել էր ՀՀ կառավարության «Պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու եւ օգտագործման տրամադրելու կարգը հաստատելու մասին» թիվ 286 որոշումը, այն է՝ աճուրդի անցկացմանը մասնակցել են աճուրդային հանձնաժողովի կազմի մեջ չմտնող անձինք: «Ըստ էության, աճուրդի անցկացումը կրել է կեղծ եւ ձեւական բնույթ»,- արձանագրել էր ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիայի դեմ պայքարի բաժինը: Եվս մի հանգամանք. վիճարկվող հողատարածքով են անցնում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի կոյուղագծերը, դրան հարակից հողատարածքների ոռոգման համար նախատեսված ջրատարը: Հողատարածքին տիրացողը լիակատար հնարավորություն ունի՝ «վենտիլը» փակելու: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ