Լրահոս
Օրվա լրահոսը

Հովնանյանի գործարանն է՞լ չաշխատեց

Հունիս 25,2005 00:00

Հովնանյանի գործարանն է՞լ չաշխատեց Շատ հանքատերեր օրինական փաստաթղթեր չունեն Վերջերս Գյումրիում տարածվել էին խոսակցություններ այն մասին, որ ամերիկահայ բարերար Վահագն Հովնանյանի ֆինանսավորմամբ Գյումրիում հիմնադրված «Հովբիլթ Բրիկ» ՍՊԸ-ն՝ քարամշակման նոր տեխնոլոգիայով արտադրությունը, որը հատուկ ստեղծվել էր աղետի գոտում 300 աշխատատեղ ապահովելու համար, այլեւս չի աշխատում: Հիշեցնենք, որ այն բացվել էր Գյումրիի օրվա կապակցությամբ, անցած տարվա սեպտեմբերի 27-ին եւ անգամ երկրի նախագահի ձեռքով կտրվել էր ավանդական կարմիր ժապավենը: Տարածված ասեկոսեների պատճառները երեկ «Առավոտին» պարզաբանեց «Հովբիլթ Բրիկ» ՍՊԸ գործադիր տնօրենի արտադրության գծով տեղակալ Վոլոդյա Ավանեսյանը, որը, ըստ էության, ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց այդ լուրերը: Նրա տեղեկացմամբ, արտադրությունում աշխատանքները սկսվել են դեկտեմբերից՝ մոտ 60 աշխատողով եւ մեկ ամսվա ընթացքում արտադրել են 2 հազար քմ աղյուս, սակայն պարզվել է, որ վերջիններիս մասնագետ չլինելու պատճառով արտադրանքը «անորակ է, խոտան»: Իսկ ինչո՞ւ նախապես մասնագետների ճիշտ ընտրություն չեն կատարել. Վոլոդյա Ավանեսյանի պարզաբանմամբ, քանի որ ցանկացած մեկն էլ ձգտում ունի աշխատելու, նրանց շփոթության մեջ է գցել արտադրության ավտոմատացված լինելը. գործարանն աշխատում է ավտոմատ ղեկավարվող հեռակառավարիչներով եւ համակարգչային սիստեմով, մարդկանց թվացել է, թե դա հեշտ գործ է, սակայն փոքր շեղման պատճառով ստեղծվել են «մեծ տատանումներ»: Այդ իսկ պատճառով, պաշտոնյայի տեղեկացմամբ, փետրվարից ստիպված են եղել արտադրանքը քչացնել: Իսկ այժմ ինչպե՞ս են լուծելու մասնագետների հարցը, հատկապես որ՝ ըստ գործադիր տնօրենի տեղակալի, իրենց «ցուցում» է տրված կադրեր ընտրել միայն Շիրակի դաշտավայրից: Վոլոդյա Ավանեսյանի ասելով, իրենք թեեւ մտադրված չեն ուսումնարան բացել, սակայն հուլիսից հրավիրված մասնագետները պետք է ուսուցողական աշխատանքներ տանեն աշխատանքի ընդունված մարդկանց հետ: Սակայն սա աշխատանքների ձախողման միակ պատճառը չէ, ըստ նույն աղբյուրի, այսօր պրոբլեմներ կան նաեւ հանքավայրերի հետ կապված, քանի որ քարարդյունաբերությունը կապված է մեծ ծախսերի հետ, այն անմիջական շահույթ չի բերում, շատերը խուսափում են իրենց փողը ներդնել այս բնագավառում: Բացի այս, ըստ մասնագետի, ոչ մասնագիտական մոտեցում է ցուցաբերվել քարհանքերի նկատմամբ, այն լրիվ փչացրել են: «Օրինակ, այսօր տուֆը Հայաստանի քար անվանելու իրավունք չունենք»,- ասաց Վ. Ավանեսյանը: Շատերն էլ, ըստ նրա, իրենց հանքատերեր են հայտարարում, բայց օրինական փաստաթղթեր չունեն: «Կան տարածքներ՝ արոտավայրեր կամ գյուղատնտեսական նշանակության հողեր, որտեղ կա քար եւ պատկանում է այս կան այն անհատին, ու նրանց չգիտես ինչու թվում է, թե դա իր սեփականությունն է՝ մոռանում են, որ երկրի ընդերքը պետական սեփականություն է եւ քարհանք ունենալու համար պետք են օրինական փաստաթղթեր»,- մեկնաբանեց Վոլոդյա Ավանեսյանը: Նրա ասելով, քար մատակարարելու առաջարկով իրենց շատերն են դիմում, բայց երբ գալիս է պայմանագիր կնքելու պահը, պարզվում է՝ հանքավայրը օրինական չէ: Խիստ նախազգուշացված է՝ Շիրակի դաշտավայրից բացի այլ հանքավայրերից չօգտվել, ուստիեւ առաջիկայում այս ընկերությունը զբաղվելու է նաեւ հանքերն օրինականացնելու համար ֆինանսներ հատկացնելով: Իսկ առայժմ, ըստ պաշտոնյայի, աշխատանքներն այլեւս չձախողելու համար թեկուզեւ թանկ գներով՝ տրանսպորտը եռակի ու քառակի թանկ է նստում, քան քարի արժեքն է, իրենք ստիպված են մյուս տարածաշրջաններից՝ Իջեւանից, Արմավիրից, Արարատից քարեր ներկրել: Չնայած ակնհայտ է, որ բարերարի հրաշալի մտադրությանը հակառակ, վերջիններս շատ են ուշանում. թե եվրոպական եւ թե հայկական շուկայում հզոր երկրաշարժերի դիմակայող քարամշակմանը դեռ սպասում են: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել