Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ

Հունիս 25,2005 00:00

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 90֊ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ «Առավոտի» հարցազրույցը Ժիրայր Լիպարիտյանի հետ – Ցեղասպանության 90֊րդ տարելիցը թե՛ Հայաստանում եւ թե՛ Սփյուռքում նշվեց մի շարք միջոցառումներով։ Դրանցից շատերին Դուք մասնակցել եք կամ դիտարկել։ Ի՞նչ եք մտածում դրանց մասին։ – Սա իրոք հատուկ տարի էր։ Կարծում եմ՝ հիմա, երբ հիմնական միջոցառումներն ավարտվել են, կարելի է դրանց մասին ավելի անկեղծ խոսել։ Անշուշտ, շատ հուզիչ է տեսնել, որ մեր ժողովուրդն ու երիտասարդ սերունդը աճող կազմակերպվածությամբ ու միասնականությամբ շարունակում են հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը։ Այնուամենայնիվ, մտքիս մեջ մի քանի հարց կա այս գործընթացի որոշ միտումների կապակցությամբ։ Դեպի Ծիծեռնակաբերդ լռելյայն երթը, ըստ իս՝ գլխավոր միջոցառումը, հուշարձանի հիմնադրումից՝ 1967֊ից ի վեր բոլորի համար եղել է ամենահանդիսավոր, ամենաարժանապատիվ եւ սրտահույզ իրադարձություններից մեկը։ Դա հավաքական հոգեւոր ապրում է՝ հաղորդություն զոհերի հետ։ Ինձ թվում է՝ այդ հանդիսավորությունն ու վեհությունը մասամբ տուժել էին այս տարի. ազդագրերն ու կարգախոսները արժանապատիվ այդ երթին քաղաքական ցույցի երանգ էին հաղորդել։ Կարծում եմ՝ դրանց համար ավելի սազական տեղեր կային։ Ցեղասպանության զոհերի հիշատակի հանդեպ ակնածանքը, որն այս երթի նպատակն է, ինչպես նաեւ հուշարձանի պատկառազդու բնույթը ավելի վայելուչ ներկայություն են պարտադրում։ Չեմ կարծում նաեւ, թե վայելուչ էին տարելիցն ազդարարող ցուցանակները, որ տեղադրված էին Երեւանի գլխավոր փողոցներում։ Ցուցանակները ապրանք են գովազդում կամ վաճառում։ Մենք ցանկանում ենք Ցեղասպանությունը գովազդել կամ վաճառե՞լ։ Ավելի ընդհանրացրած ասեմ, որ մենք պետք է մտածենք այն ուղղությունների մասին, որով ընթանում ենք Հայաստանում ու Սփյուռքում՝ միջազգային հանրության հետ մեր հարաբերությունների առումով։ Հարեւանների եւ այլ երկրների հետ մեր հարաբերություններում Ցեղասպանությունն արդյոք մեր միա՞կ խնդիրն է։ Եթե այո, ապա ինչո՞ւ չպահանջել, որ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Ռուսաստանը, մինչեւ Օսմանյան կայսրության պատասխանատվության ճանաչումն իրենց կողմից, նախ եւ առաջ իրե՛նց իսկ պատասխանատվությունը ճանաչեն Ցեղասպանության առաջացման համար պայմաններ ստեղծելու գործում։ Այնուհետեւ. եթե մի երկիր ճանաչում է Ցեղասպանությունը, նշանակում է հայամե՞տ է։ Ներկա մթնոլորտը նպաստում է նման տեսակետի։ Իսկ ի՞նչ, եթե, ասենք, Ֆրանսիան ճանաչում է Հայոց Ցեղասպանությունը, բայց Հայաստանի վրա ճնշում է գործադրում՝ Ղարաբաղի հարցում այնպիսի զիջումների գնալու համար, որոնք հայանպաստ չեն։ Ի՞նչ պիտի ասենք Ֆրանսիային. որ նա հայամետ չէ՞։ Հնարավո՞ր է, որ այս միակ հարցը մեզ այն աստիճան կուրացնի, որ այլեւս անտեսենք, թե ինչ է կատարվում միջազգային հանրության հետ կարգավորելիք մեր մյուս հարցերում։ Կա նաեւ այլ պետությունների կողմից Ցեղասպանության հարցի շահարկման վտանգը, ինչ պատմականորեն կատարվեց «Հայկական հարցի» հետ՝ Թուրքիայի հետ իրենց իսկ խնդիրները լուծելու նպատակով. խնդիրներ, որ որեւէ կապ չունեն Ցեղասպանության հետ, եւ դրանով իսկ մեր զոհերի հիշատակը իջեցնում֊հավասարեցնում են իրենց խաղերի բաղկացուցիչ տարրի, եւ այդ տարրը կարող է գործածվել ու շահարկվել, վեր բարձրացվել ու դեն նետվել՝ ըստ իրե՛նց ցանկության, ո՛չ մեր։ Սա մեզ խոցելի չի՞ դարձնում վտանգավոր մեքենայությունների հանդեպ։ Ի վերջո՝ հարցը հետեւյալն է. «զոհի» հոգեբանությունը եւ դրանից բխող քաղաքական ծրագիրը արդյո՞ք այն միջոցն են, որով մենք ցանկանում ենք հարաբերվել աշխարհին։ Որքան էլ դա մեզ արդարացի թվա կամ նույնիսկ հարմարավետության զգացում պարգեւի, մենք պարտավոր ենք առնվազն տալու այս հարցը։ Աշխարհը մեզ կարող է պարտական լինել կամ չլինել։ Սակայն նա մեզ հաստա՛տ չի տալու այն ամենը՝ ինչ ուզում ենք։ Պատմականորեն՝ չափազա՛նց քիչ է տվել։ – Գոյություն ունի՞ այլընտրանքային ռազմավարություն։ – Ես կարծում եմ՝ հայ֊թուրքական հարաբերություններում անկախությունից ի վեր մենք բավական երկար ճանապարհ ենք անցել։ Թուրքիայում հանրային մակարդակի վրա փոփոխությունները եւ նույնիսկ երկխոսություն հիմնելու ձախողված փորձերը մի մթնոլորտ են ստեղծել, որտեղ Թուրքիայի քաղաքացիների հետ աճող երկխոսությունը կարող է լինել հավասարապես, եթե ոչ ավելի, արդյունավետ։ Պիտի ընդունենք, որ վերջին հաշվով Թուրքիայի ժողովրդին է, որ պիտի ուղղենք այս հարցը։ Նրանց պատմաբաններին ու գիտնականներին, ուսուցիչներին ու լրագրողներին եւ երիտասարդ սերնդին է, որ պիտի օգնենք իրենց պատմությունը հասկանալու։ Մեծ հաշվով՝ երկար ժամանակի համար, սա ավելի արդյունավետ ուղի է։ Ամենահեշտ խնդիրը չէ, անշուշտ։ Սակայն եթե մենք լուրջ ենք, պիտի գիտակցենք, որ Թուրքիայի ժողովուրդն է, որ պետք է հասկանա ու գնահատի իր պատմությունը։ Դա՛ կլինի Ցեղասպանության իրական ճանաչումը։ Դրա համար հարկավոր է, որ մենք հասկանանք, թե ինչու ոչ միայն Թուրքիայի իրավահաջորդ կառավարություններն են մերժել Ցեղասպանության ճանաչումը, այլ նաեւ Թուրքիայի հասարակությունն առհասարակ։ Դրա համար հարկավոր է գիտակցել թուրք հասարակության մեջ այն փոփոխությունները, որ վերջին մոտ երկու տասնամյակում մեր առջեւ հնարավորություններ էին բացում։ Դրա համար հարկավոր է գիտակցել անկախ Հայաստանի առաջին վարչակազմի քաղաքականության արժեքը, որը Թուրքիան իբրեւ թշնամի չսահմանեց եւ Թուրքիայի իսկ ներսում պատմության ու քաղաքական կառույցների կտրուկ վերարժեւորման մթնոլորտ ստեղծեց։ Դրա համար հարկավոր է գիտակցել բազմաթիվ հայ գիտնականների ջանքերը, որոնք արդեն քանի տարի երկխոսության մեջ են իրենց թուրք գործընկերների հետ։ Սակայն վստահ չեմ, թե սա մեզնից շատերին հարմար կլինի։ Վստահ եմ, որ մենք շատ բան կշահենք Ցեղասպանության ճանաչման հարցը Թուրքիայի հասարակության ու ժողովրդավարության խնդիր դարձնելով, եւ քիչ բան՝ այն եվրոպական կամ արեւմտյան խնդրի վերածելով։ Թուրքիայի վերջին իրադարձությունները վկայում են այս մոտեցման իրավացիության մասին։ Երեսունից ավելի գիտնական, երեք համալսարանի օժանդակությամբ, որոնցից մեկը՝ պետական համալսարան, հանձն առավ կազմակերպելու Հայկական հարցին նվիրված գիտաժողով։ Կառավարությունից ոմանք միջամտեցին եւ գիտնականների համար բարդություններ ստեղծեցին։ Այնուհանդերձ, մենք պետք է գիտակցենք, որ անկախությունից ի վեր Թուրքիայի հետ մեր հարաբերություններում նոր փուլ ենք մտել, եւ որ այդ նոր փուլը միեւնույն ժամանակ համընկել է Թուրքիայում կատարվող փոփոխություններին։ Մենք պետք է մեր ուղղությունը հարմարեցնենք դրան։ – Ցեղասպանության 90֊ամյակի միջոցառումներից մեկը Երեւանում կայացած միջազգային համաժողովն էր, որին Դուք մասնակցում էիք։ Ի՞նչ կասեիք համաժողովի մասին։ – Այո, ես մասնակցել եմ երկրորդ օրվա քննարկումներին, որովհետեւ առաջին օրը պիտի մասնակցեի Ծաղկաձորում տեղի ունեցող Անվտանգության ու ժողովրդավարության հարցերով սեմինարին, որ որոշված էր մինչեւ համաժողովի հրավերն ստանալս։ Ես նախագահում էի վերջին նիստին, որ նվիրված էր հայ֊թուրքական հարաբերություններին։ Այնքանով, որքանով այդ օրը ինձ հաջողվեց նկատել, համաժողովին ներկա էին բազմաթիվ բարձրորակ միջազգային մասնակիցներ՝ բարձրակարգ ելույթներով, մասնավորապես շոշափելով Ցեղասպանության խնդրի միջազգային եզրերը ու իրավական կողմը։ Բազմաթիվ հարցեր բարձրացվեցին, որոնք, հուսամ, կդառնան հանրային քննարկման առարկա։ Համաժողովը որոշ կնճռոտ կողմեր ուներ։ Մասնակիցների մեջ կային բարձր մակարդակի միջազգային գործիչներ՝ իրենց մտահոգություններով, ինչպես նաեւ ակադեմիական, հասարակական եւ քաղաքական գործիչներ՝ իրե՛նց մտահոգություններով։ Չափազանց մեծ լսարանի պատճառով անհնար էր դառնում հետեւել մտքի ընթացքին եւ քննարկումները պահել այնպիսի հունի մեջ, որ բավարարեր մասնակիցներին կամ լսարանին։ Այնուամենայնիվ, գովեստի արժանի է այն հանգամանքը, որ խնդիրները պարփակված չէին սոսկ հայերի Ցեղասպանության շրջանակներում։ Միջազգային այնպիսի գործիչների մասնակցությունը, ինչպիսիք էին Լեհաստանից Լեխ Վալեսան, Ցեղասպանությունների կանխարգելման հարցերով ՄԱԿ֊ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Խուան Մենդեզը, ինչպես նաեւ միջազգայնորեն ճանաչված գիտնականների ու հատկապես իրավագետ փորձագետների մասնակցությունը համաժողովին՝ մեծ կշիռ էին հաղորդում։ – Ձեր նախագահած նիստի ընթացքում արծարծվեցին մի շարք հարցեր, որոնց կարելի չեղավ լրիվ անդրադառնալ։ Պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանը, օրինակ, իր ելույթն սկսեց այն հայտարարությամբ, թե վերջին իրադարձությունները արդարացրին իր որդու՝ Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի դիրքորոշումը Թուրքիայի հանդեպ։ Պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը հայտարարեց, որ Լեւոն Տեր֊Պետրոսյանի քաղաքականությունը սխալ էր հաշվարկված, քանի որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ «բռնադատական» բնույթ ունի։ Համաձա՞յն եք։ – Նախ՝ պրոֆեսոր Հովհաննիսյանի անձնավորած մեկնաբանություններն անհարիր եմ համարում Ցեղասպանությանը նվիրված համաժողովի համար, ինչպես հստակորեն ասացի նիստի վերջում։ Րաֆֆին բազմաթիվ արժանիքների տեր անձնավորություն է, շարունակում եւ շարունակելու է իր ներդրումն ունենալ Հայաստանի քաղաքական կյանքում։ Նա չէր համաժողովի քննարկման առարկան։ Ինչ վերաբերում է իբրեւ արտգործնախարար Րաֆֆու պաշտոնավարմանը, տեխնիկական իմաստով հստակ է, որ երբ նախարարը տարակարծություն ունի նախագահի հետ, որն ընտրված պաշտոնյա է՝ սահմանադրորեն պատասխանատու արտաքին քաղաքականության համար եւ իրավունք ունի սահմանելու այդ քաղաքականությունը, ապա նախարարի կողմից դրան հակառակ քաղաքականություն իրականացնելը անընդունելի զանցանք է որեւէ երկրում։ Սա ես վերագրում եմ ջահելական խանդավառության։ Ինչ վերաբերում է պրոֆեսոր Ռ. Սաֆրաստյանին, ինձ համար հստակ չէ, թե նա երբվանից է սկսել այնպես մտածել, ինչպես հայտարարեց իր ելույթի մեջ։ Ռուբենը ՀՀ նախագահի աշխատակազմում իմ ղեկավարած վերլուծական բաժնի աշխատող էր՝ Թուրքիայի գծով գլխավոր փորձագետը։ Նա լիակատար մասնակցություն ուներ մեր քննարկումներին, իր բաժինն ուներ մեր քաղաքականության որոշման մեջ եւ նույնիսկ ինձ ուղեկցել է (կարծեմ՝ երկու անգամ) Անկարա՝ բանակցությունների մեկնելիս։ Որոշվող եւ իրականացվող քաղաքականության հանդեպ նրա կողմից որեւէ առարկություն կամ վերապահություն չեմ հիշում։ Եթե նա առարկություններ ուներ, կարող էր դրանք այն ժամանակ բարձրացնել, եւ թերեւս մենք նրա փորձագիտությունից օգուտ կքաղեինք։ Անշուշտ, հնարավոր է, որ մարդ իր կարծիքը փոխի ժամանակի ընթացքում։ Բայց այդ դեպքում ճիշտ կլիներ նախ ընդունել սեփական դերն այն քաղաքականության մեջ, որն այժմ քննադատում ես։ Եթե մարդն այնպիսի դիրք ունի, որ կարող է մի տարբերություն մտցնել, բայց չի անում, նրա վարքը հարցեր է հարուցում։ Ինձ համար դժվար է նրա հետագա քննադատությունն արժեւորել կամ փորձել հասկանալ նախկինում լռության կամ ներկայումս նախկինը քննադատելու նրա պատճառները։ Իսկ ամենակարեւորը՝ պրոֆեսորներ Հովհաննիսյանի, Սաֆրաստյանի կամ այլոց կողմից Թուրքիայի հանդեպ նախկին վարչակազմի քաղաքականության գնահատականը շատ ավելի լուրջ ու պատասխանատու վերլուծության կարիք ունի, քան մատուցվեց որեւէ մասնակցի կողմից։ Հայաստանի քաղաքականությունն այն ժամանակ, եւ հիմնականում այժմ էլ, հիմնված է այն սկզբունքի վրա, որ երկրի, հատկապես Հայաստանի հատկանիշներով մի երկրի, տարրական անվտանգությունն ու բարգավաճումը կախված են իր բոլոր հարեւանների հետ նորմալ հարաբերություններից։ Ես կարծում եմ, որ այս հանրապետության պատմությունը դա է ապացուցում։ Հարեւանները ներկայացնում են ամենահավանական վտանգը կամ ամենահավանական հնարավորությունները։ Արտաքին քաղաքականության նպատակն է նվազագույնի հասցնել առաջինները եւ ձգտել երկրորդին։ Մնացած ամեն բան բխում է այս սկզբունքից. մնացած ամեն բան մարտավարություն է։ Արտաքին քաղաքականությունն առաջնորդող պարզագույն սկզբունքները գործնական հետեւանքներ ունեն։ Թշնամի ոչ միայն ունենում են, թշնամի նաեւ ստեղծում են։ Սա նշանակում է, որ մենք պետք է պատասխանատվություն ստանձնենք մեր գործողությունների եւ անգործության համար, մեր բառերի եւ մեր լռության համար։ Գալով քաղաքականությանը. եթե մեր քաղաքականությունը ոչ մի տարբերություն չի առաջացնելու, որովհետեւ Թուրքիան հավերժ թշնամի է լինելու, կամ որովհետեւ միակ փաստը, որ նշանակություն ունի, թուրքական նախկին պետության՝ Օսմանյան կայսրության կողմից իրականացրած Ցեղասպանությունն է, ապա ուրեմն մտածելու, ընտրելու ազատությունները, անկախությունը դառնում են անկարեւոր։ Սա փախուստ է պատասխանատվությունից։ Դա ինչպիսի՞ հետեւանքներ կունենար մի երկրի վրա, որի տնտեսությունը փլուզվել էր ԽՍՀՄ֊ի հետ՝ էներգետիկ ճգնաժամի մեջ գտնվող Հայաստանի համար, որ Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման մեջ էր եւ ներքաշված Ղարաբաղյան պատերազմի մեջ։ Հիմա եկեք մի պահ ենթադրենք, թե մեր քաղաքականությունը լիովին տարբեր սկզբունքի վրա ենք հիմնած եղել։ Ենթադրենք, թե Ցեղասպանության հարցը դարձրել էինք մեր քաղաքականության վճռորոշ հարցը եւ Թուրքիային վերաբերում էինք իբրեւ հավերժական թշնամու, քանի որ այն չէր ճանաչել Ցեղասպանությունը, եւ որ մենք մեր ողջ ուժն ու եռանդը սպառում էինք այդ կռվի մեջ։ Ի՞նչ էր լինելու արդյունքը։ Ճիշտ է, որ մեր քաղաքականության արդյունքում մենք չհասանք մեր վերջնական նպատակին, մեր հարաբերությունները չկարգավորվեցին։ Տվյալ պայմաններում դա հեշտ բան չէր։ Սակայն, այնուամենայնիվ, մենք նույնպես պետք է դրա պատասխանատվությունն ստանձնենք. դա ամբողջությամբ Թուրքիայի մեղքը չէր։ Ադրբեջանական տարածքների գրավումը մեր կողմից, հատկապես Քելբաջարից սկսած, այդ ձախողման հիմնական գործոնն էր։ Թուրքիան դրան նայում էր խորին կասկածանքով ու դատապարտմամբ։ Իսկ արդյո՞ք մեր քաղաքականությունը պետք է գնահատվի սոսկ կատարյալ հաջողության չափանիշով, այսինքն՝ երկկողմ հարաբերությունների հաստատմամբ։ Մի՞թե կարեւոր չէ, որ այդ հանգամանքներում, երբ իր ազգակից եղբայրները պարտվում էին պատերազմում՝ հարյուր հազարավոր իրենց քաղաքացիների համար սոսկալի հետեւանքներով, Թուրքիան իրեն խիստ զուսպ պահեց։ Թերեւս ավելի կարեւոր է հիշեցնել ցորենի մատակարարման վիճակը Հայաստանում 1992֊ի աշնանը, երբ աբխազական պատերազմը խափանեց Հայաստան ցորեն բերող միակ բաց երկաթուղու գործունեությունը։ Այդ ժամանակ Հայաստանն արտադրում էր իր տարեկան սպառած ցորենի միայն 40 տոկոսը, եւ նույնիսկ դա էր վտանգված՝ տնտեսության քայքայման հետեւանքով։ Թուրքիան, ի սատարումն եղբայրակից Ադրբեջանի, կարող էր մերժել Կարս֊Գյումրի երկաթգիծը բացելու մեր խնդրանքը, որով Հայաստան պիտի բերվեր Եվրամիության հատկացրած 100 000 տոննա ցորենը։ Թուրքիան սակայն չմերժեց, եւ սահմանը բացվեց այդ նպատակով։ Հնարավոր եղավ 1992֊1993֊ի զարհուրելի ձմեռն անցկացնել՝ առանց Հայաստանում սովի։ Եթե մեր քաղաքականությունը Թուրքիայի հանդեպ տարբեր լիներ, դա հնարավոր կլինե՞ր։ Արդյո՞ք Ցեղասպանության զոհերը կցանկանային, որ մեր ժողովրդին սովի դատապարտեինք՝ գումարած Ղարաբաղի հնարավոր կորուստը որպես հետեւանք։ Դժբախտությունն այն է, որ նման տեսակետներ են արտահայտում պատմաբաններ, որոնք պետք է որ իմանային Առաջին Հանրապետության պատմությունը եւ պետք է ի զորու լինեին քաղաքականությունն ու գործողությունները տեղադրելու պատմության համատեքստում, այլ ոչ թե կամային մտքերի վերացական աշխարհում։ Ո՛չ. ես համաձայն չեմ այդ գործընկերներիս հետ։ Որքան էլ որ Ցեղասպանության ճանաչման հարցը մեզ բոլորիս խորապես հուզում եւ զայրույթ է պատճառում, Հայաստան պետության գոյությունն ու ապրողների վերապրումը, անվտանգությունն ու բարգավաճումը՝ հատկապես այդ պետությունում ու Ղարաբաղում, մնում են բարձրագույն արժեքը։ Եվ չեմ կարծում՝ Ցեղասպանության զոհերն այլ կերպ կուզեին։ Նոր նահատակությունը զոհերի հիշատակը հարգելու միակ կամ նույնիսկ լավագույն ուղին չէ։ – Մեկ այլ հարց եւս առաջ եկավ Ձեր նախագահած նիստի ընթացքում։ ՀՅ Դաշնակցության քարտուղար Կիրո Մանոյանը գտավ, որ այս գիտաժողովը առաջխաղացում էր նախորդի համեմատ, որը Դուք էիք կազմակերպել տասը տարի առաջ՝ Ցեղասպանության 80֊ամյակի միջոցառումների շարքում, քանի որ իր կուսակցությունն առաջինին բացակա էր, իսկ այժմ՝ ներկայացված։ – Ես մտածեցի, որ դա ավելի զվարճալի էր, քան լուրջ, քանի որ նրա մեկնաբանությունն ավելի հարցեր առաջացրեց, քան պատասխանեց։ Տասը տարի առաջ, երբ մենք 80֊ամյակի առիթով միջազգային գիտաժողով նախաձեռնեցինք ու իրականացրինք, ոչ մի կուսակցություն ներկայացված չէր այնտեղ, քանի որ մենք Ցեղասպանությունն իբրեւ կուսակցական հարց չէինք դիտում։ Մյուս կողմից էլ՝ այս գիտաժողովին նույնպես որեւէ կուսակցություն, իր կուսակցությունից բացի, հրավիրված չէր։ Ես սրան պատասխան չունեմ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել