Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-Ն

Հունիս 25,2005 00:00

ՀՅԴ-Ն ԼՈ՞ՒՅՍ Է «Հունիսի 19-ին մենք հանձնեցինք Արցախը,- այս գույժն ԱԺՄ համագումարի ամբիոնից երեկ հանդիսավոր տոնով հնչեցրեց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը:- Մենք կրկի՛ն հանձնեցինք Արցախը՝ այս անգամ հանձնեցինք շահի սկզբունքին: Հանձնեցինք ազատագրվա՛ծ Արցախը: Ինչպե՛ս դա տեղի ունեցավ, ի՛նչն էր դրա պատճառը: Մարդիկ հայտնվեցին խորհրդարանում՝ բացարձակ տոլեռանդ, պոլիտկոռեկտ եւ թափանցիկ ընտրություններով, որ արձանագրվեց միջազգային բոլոր դիտորդների կողմից: Բայց արդյունքը մեկն է՝ քսա՛կը դարձավ իշխող Արցախում: Քսակը բերեցինք իշխանության նաեւ Արցախում, որ արդեն մի շարք տարիներ է, ինչ իշխում է նաեւ այստեղ՝ Հայաստանում: Իսկ ես բոլորիս ուզում եմ հարցնել՝ ո՞ր իշխանությունն էր Արցախի համար ավելի քիչ վտանգավոր՝ Ադրբեջանի՞, որը սպառնում էր ընդամենը մարդու ֆիզիկական գոյությանը, թե՞ քսակի իշխանությունը, որը սպանում է մարդու հոգին»: Աշոտ Մանուչարյանը նաեւ պատասխանեց իր իսկ առաջադրած հարցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ պարտվեց Արցախը. «Այն տարիներ շարունակ զերծ էր մնացել դրանից: Ի՞նչ կատարվեց: Կատարվեց մեկ բան, եւ մեղավորն էլի մենք էինք՝ քաղաքական գործիչներս: Ժողովուրդն ուզում էր պարզ կերպար, պարզ պատկեր տեսնել՝ եթե նա մթի, խավարի, քսակի եւ ստորության աշխարհն է, ո՞ւր է լույսի աշխարհը, ո՞ր կողմն է կանգնած: Այդ գաղափարը, հույսը, միասնությունը պետք է տան կուսակցությունները: Արցախում կուսակցությունները չկարողացան միավորվել, չկարողացան ստեղծել հասարակական բեւեռ: Արդյունքը եղավ այն, որ պատկերը ժողովրդի համար լղոզվեց, եւ ժողովուրդը չհասկացավ՝ ո՛ւր է գնում եւ ինչի՛ համար»: Ա. Ի.Խիստ ուշագրավ է, որ ընդդիմադիր գործիչը լույսի եւ հույսի բեւեռ է համարում փաստորեն ՀՅԴ-ին, իսկ Արկադի Ղուկասյանին եւ նրան հարող իշխանամետներին՝ խավարի եւ ստորության խորհրդանիշ՝ խլելով Էլիզաբեթ Ջոնսի «հացը»: Եվ քանի որ ի տարբերություն հայաստանյան այլ ընդդիմադիրների՝ Աշոտ Մանուչարյանն անմիջականորեն չէր հետեւում ԼՂՀ ընտրություններին՝ թերեւս տեղյակ էլ չէ, որ «հույսի եւ լույսի» կուսակցությունները միավորվել էին՝ ի դեմս «ՀՅԴ-Շարժում-88» դաշինքի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել