ԱԺՄ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԶՈՐԱՀԱՎԱՔ ԱԺՄ 16-րդ համագումարին երեկ ներկա էին ընդդիմադիր ու իշխանամետ բոլոր ազդեցիկ կուսակցությունների ներկայացուցիչները: Եւ ուշագրավն այն է, որ իշխող կոալիցիայի՝ ՀՅԴ-ի եւ ՕԵԿ-ի գործիչներն իրենց ողջույնի խոսքում հաջողություն մաղթեցին ԱԺՄ-ին, երբ այս կուսակցությունն իր գործունեության նպատակը հռչակեց փոփոխությունները՝ չբացառելով հեղափոխությունը: ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը կուսակցության քաղաքական դիրքորոշումներն ամփոփող ելույթում ասաց. «Բոլորիս մոտ կա կուտակված ներքին դժգոհություն: Ինքներս մեզ հետ, երկրի հետ հաշտ չենք, քանի որ ապրում ենք երկու Հայաստանում: Մեկն այն իրական Հայաստանն է, ուր ապրում ենք ու պայքարում՝ կռվում, հաղթում, պարտվում: Եվ կա մի Հայաստան, որի գծագիրը բոլորիս ուղեղի մեջ է ու գրեթե բոլորի մոտ համընկնում է այդ գծագիրը: Հսկայական է հակասությունն այն գծագրի, որը կա մեր ուղեղներում, գեների, մտածողության, պատմության ու երազանքների մեջ եւ այն երկրի միջեւ, ուր ապրում ենք մենք»: Բնութագրելով մեր երկրի կառավարման համակարգը՝ ԱԺՄ նախագահն օգտագործեց «մսխող իշխանություն» բնորոշումը՝ նշելով, թե մսխվում են բնությունը, հանքերը եւ այլն, իսկ շուտով նաեւ՝ «հաղթանակի արդյունքները, քանի որ դա էլ է դառնալու առեւտուրի առարկա, մսխելու մի բան: Պատկերացնո՞ւմ եք՝ ի՜նչ յուղալի պատառ է. զիջելով կարող ես պահել իշխանություն, զիջելով Հայաստանը կարող է ստանալ հարյուր միլիոնավոր դոլարներ, որոնք կմսխվեն նորից»: Սակայն ընդունեց, թե մսխվածը նաեւ ներդրում է դառնում Հայաստանում՝ կառուցում են հյուրանոցներ ու ռեստորաններ. «Բայց այդ ճանապարհը շա՜տ հեռու է այն ուղուց, որով գնում է աշխարհը»: Վազգեն Մանուկյանը նշեց, թե համաշխարհային զարգացումներից հետ մնալու հետեւանքով՝ գավառական հայրենասիրության զգացումը խեղդում է այժմ Հայաստանը, թե «մենք տարբե՜ր ենք ուրիշներից, մենք մեր սարերում պիտի ապրենք, շուրջպարե՜ր պարենք»: Ըստ ԱԺՄ նախագահի՝ առաջին հայացքից է թվում, թե դատապարտված է նման իշխանությունը, սակայն կարելի է բերել տասնյակ երկրների օրինակներ, որոնք եղել են նույն վիճակում. «Այս համակարգը կարող է կարծրանալ ու տասնյակ տարիներ մնալ այսպես»: Ընդգծելով, թե ինքնիրեն ոչինչ չի ստացվում՝ պրն Մանուկյանն ասաց. «Եթե մեր տիպի մարդկանց զորահավաք չլինի, որոնք չպայքարեն երկրի ապագայի համար՝ այն այսպես էլ կմնա»: Այս պայքարում իբրեւ 1-ին դաշնակից ԱԺՄ նախագահը հռչակեց ժողովրդին. «Ուշադրություն դարձրեք՝ ժողովուրդը մի՛շտ քվեարկում է իշխանությունների դեմ, եւ կարեւոր չէ, թե ում համար է քվեարկում»: 2-րդ հզոր դաշնակիցն, ըստ նրա՝ «ծնվում է իշխանության ընդերքում»: Վազգեն Մանուկյանը համոզված է, թե իշխանական կուսակցություններում ու կառավարական օղակներում կան շատերը, որոնք «հասկանում են, թե այս ճանապարհը դատապարտված է՝ ե՛ւ իրենք են տուժելու, ե՛ւ իրենց երեխաներն ու թոռները», եւ այս դաշնակիցների հետ պետք է անպայման համագործակցել: 3-րդ դաշնակիցը երիտասարդությունն էր, եւ միայն 4-րդը՝ Արեւմուտքը. «Այն, ինչ մենք ուզում ենք մեր երկրի համար, եւ այն, ինչ նրանք են ուզում մեր երկրի ներքին կառուցվածքի, նիստուկացի համար՝ 90%-ով համընկնում են, իսկ 10%-ը մեր ազգային առանձնահատկություններն են»: Վազգեն Մանուկյանը շեշտեց, թե հաղթանակի համար պահանջվում է հստակ հայեցակարգ՝ ինչ են ուզում երկրի համար, նաեւ՝ «մեր տեսակի մարդիկ պիտի կարողանան համախմբվել», քանի որ սպասվում է «տեսակների պատերազմ՝ մի տեսակն արդեն պատերազմ է հայտարարել մեր տեսակին: Եվ հիմա հաղթած է»: Համոզմունք հայտնեց, թե ԱԺՄ-ն ունի իր առաքելությունը՝ «Բայց դա միայնակի ճանապարհ չէ: Չկա՛ Հայաստանում այդպիսի կուսակցություն, որը միայնակ կարողանա անել այդ գործը: Նույնիսկ չկան 3 կուսակցություններ, որոնք կարողանան միասին իրենց կադրերից կազմել կառավարություն»: Միավորման անհրաժեշտությանն անդրադարձան նաեւ համագումարի հյուրերն իրենց ելույթներում: Մասնավորապես՝ Աշոտ Մանուչարյանը նշեց, որ եթե ընդդիմադիր կուսակցությունները միավորվեն՝ ժողովուրդը դրա մեջ ուժ կտեսնի: Մինչդեռ «Հանրապետության» քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը հակադարձեց միավորման կոչերին՝ նշելով, թե հարկավոր է համախմբել հասարակությանը. «Պետք չի կուսակցությունների առջեւ դնել խնդիրներ, որոնք լուծվող չեն: Ինչքան համախմբվելու էին՝ համախմբվել են»: Ի դեպ, Արամ Սարգսյանն առաջարկում էր՝ «Մեզնից յուրաքանչյուրը պիտի ապաշխարի անցումային շրջանում գործած մեր մեղքերի համար: Այդ հարցում, իհարկե, բոլորս ենք մեղավոր: Եվ ապաշխարելու միակ տարբերակն անցումային այս շրջանից արագ ազատվելու, այսինքն՝ ժողովրդավարական, թավշյա հեղափոխություն անցկացնելու մեջ է»: Մինչդեռ «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանն առաջարկեց ապաշխարել եւ խոստովանել, թե մեղավոր են, որ 1996-ին Վազգեն Մանուկյանը չդարձավ նախագահ, այլապես չի կարելի ժողովրդավարության մասին խոսել միայն իշխանությունից զրկվելուց հետո: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ