Լրահոս
Օրվա լրահոսը

«Երգում է 70-ականների Երեւանը»

Հունիս 25,2005 00:00

Օրերս Երեւանում տեղադրված այս հայտագիրը իրարանցում է առաջացրել արվեստասերների շրջանում:

«Արամ Խաչատրյան» համերգասրահում հունիսի 26-ին կայանալիք համերգին կոմպոզիտոր, Երեւանի պետկոնսերվատորիայի էստրադային-ջազային ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Երվանդ Երզնկյանի ղեկավարած էստրադային սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգան Ռայիսա Մկրտչյանը, Նադեժդա Սարգսյանը, Ռուբեն Մաթեւոսյանը եւ այլք:

Երվանդ Երզնկյանը համերգի առիթն օգտագործելով՝ «Առավոտի» հետ կիսեց ժամանակակից էստրադայի մասին իր մտահոգությունները: 70-ականներին գործում էին «Կռունկ», «Յունոստ», «Սերպանտին» եւ այլ վոկալ-գործիքային անսամբլներ՝ Մարտին Վարդազարյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Ակսել Բակունցի եւ այլ պրոֆեսիոնալների ղեկավարությամբ: Ընդ որում, դրանք ինքնագործ խմբեր էին, որոնցից սնվում էին նաեւ Հայաստանից դուրս մեծ համբավ ունեցող Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած եւ Հեռուստատեսության ու ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբերը: Հետագայում հեռուստատեսությունը, որը հզոր ուժ ունի, սկսեց պոպուլիստական քայլերի դիմել՝ իբր ժամանակին համահունչ հաղորդումներ է հրամցնում: Արդյունքում, այդ մտածողության շնորհիվ ոչ միայն հեռուստատեսություն, այլեւ համերգային սրահներ ներխուժեց տեխնիկան, մասնավորապես ֆոնոգրաման: Այդպես ավելի հեշտ էր աշխատել: Մենք շատ դժվարությամբ կարողացանք գոնե պահպանել հայկական էստրադային նվագախմբերը, ինչու չէ՝ նվագախմբային կուլտուրան: Հայաստանում գործող այս ժանրի երկու նվագախմբերը՝ Հայաստանի պետական ջազ-բենդը եւ Հանրային ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը, ավելի բարձր մակարդակ ունեն, քան 20 կամ ավելի տարիներ առաջ: Ես այս համոզման եկա, երբ օրերս ղեկավարեցի Ռուսաստանի Յուրի Սիլանտեւի անվան պետական ակադեմիական սիմֆոնիկ-էստրադային նվագախումբը: Այսօր իրեն հարգող այս կամ այն համերգի կազմակերպիչը կամ երգչի պրոդյուսերը հաստատ արվեստ չեն մատուցի օրեր, նույնիսկ ամիսներ շարունակ ձայնագրման ստուդիայում բառ առ բառ, հնչյուն առ հնչյուն հավաքված երգ կամ գործիքային անկենդան ստեղծագործություն ներկայացնելով:

Ի վերջո, եկեք հասկանանք հարգելի շոու կազմակերպողներ, մենք ունենք մերը, պարզապես հարկ է քիչ մտածել գրպանի մասին: Հավատացնում եմ՝ ամեն ինչ ոչ միայն տեղը կընկնի, այլեւ ստիպված չենք լինի կարոտով հիշել 70-ականները: Այսօր ունենք բարձրակարգ կատարողներ, որոնց հանրությունը նույնիսկ չի էլ ճանաչում պարզ պատճառով՝ նրանք ֆինանս չունեն կլիպ նկարահանելու: Իսկ աշխարհում վերականգնվում է հեռուստատեսությամբ նվագախմբերի ու երգիչների ելույթների երբեմնի ավանդական ձեւը:

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել