Արվեստագետը թատրոնի ու
կյանքի մասին Համազգային պետական թատրոնի բեմից, իր հերոսների բերանով, մեզ
հետ խոսում է բնիկ վանեցի Մկրտիչ Խերանյանը (1899 Վան-1970 Երեւան): Խոսում է Վանա
բարբառով եւ, ցավոք, կարեւոր չէ՝ դերասաններին որքանով է հաջողվում անթերի կատարել
այդ. մեզ համար Վանն այլեւս պատմական իրողություն է, Վանա բարբառը՝ լեզվագիտական:
Բեմից հանդիսասրահ է հորդում զավեշտ, կատակ, մորմոք… Եվ հանկարծ կենտրոնական
հերոս Շխոնց Միհրանի հարցը կախվում է գլխիդ վերեւ. «Պատերազմ էր, կռվեցինք, հաղթեցինք՝
ինչո՞ւ ենք նահանջում»: Թատրոն է, հրաշք: Զավեշտախոս հերոսի անսպասելի հարցը փոխակերպվում
է, դառնում է մերօրյա: Ինչո՞ւ ենք նահանջում: Եվ Վանի հերոսական ինքնապաշտպանությունը
դառնում է արցախյան ազատագրում: Հապա Զարթո՞նքը: Նա էլ էր պատերազմ: Այդ պատերազմում
նույնպես զոհեր եղան եւ եղավ հաղթանակ: Եթե արցախյան ետպատերազմական զարգացումների
հոլովույթն ամեն մեկի խելքի բանը չէ, ապա անկախության տարիների հոլովույթը պարտադրաբար
պետք է յուրաքանչյուրիս մտահոգության առարկան դառնա: Պատերազմ էր, կռվեցինք,
հաղթեցինք՝ ինչո՞ւ ենք նահանջում: Որ նահանջում ենք՝ կասկածից վեր է: Վերհիշենք
եւ անդրադառնանք: Հիվանդ հայրենիք լքելը, ինչ պատճառաբանությամբ էլ որ լինի՝
նահանջ է: Եվ նահանջը դեռ շարունակվում է: Ինչո՞ւ ենք նահանջում: Բարձրագույն ընտրություններում
սեփական պարտությունը հրապարակավ ընդունելուց քառասուն րոպե անց հրապարակավ իրեն
հաղթող հռչակելը, «մեր դեմ խաղ չկա» սկզբունքով՝ նահանջ է: Բարձրագույն պաշտոնին
չհավակնելու խոստում տալն ու մեկ շաբաթ անց խոստումը դրժելը՝ նահանջ է: Ընտրակաշառք
տալը՝ նահանջ է: Ընտրակաշառք վերցնելը՝ նահանջ է: Ընտրակեղծիքը՝ նահանջ է: Դիմացինի
ձեռքերը կապելն ու նրա քթի տակ բռունցք խաղացնելը, որպես ուժի առհավատչյա՝ նահանջ
է: Բարձրագույն իշխանության նստավայրի տարածքը մահակավորների գիշերային նենգադավ
թաքստոց դարձնելը՝ նահանջ է: Աղքատ երկրների շարքում տեղ գրաված պետության
բարձրակարգ պաշտոնյա լինելով՝ խաղատանը հեքիաթային գումար տանուլ տալը՝ նահանջ է:
Էլ չասենք, որ այդ պաշտոնյային, նման ոչ պատվաբեր արկածից հետո, առավել պատասխանատու
պաշտոնի նշանակելը՝ նահանջ է ու նահանջ է: Եվ այլն, եւ այլն, եւ այլն… Մի խոսքով,
ժողովրդավարության փոխարեն՝ էրզաց. (ըստ Արարատ Ղարիբյանի՝ փոխնյութ, ոչ լիարժեք,
սուրոգատ). առավել հասկանալի՝ կոռուպցիա, անպատժելիություն, բեսպրեդել… Եվ միակ
մխիթարանքը՝ մեզանից վատն էլ կա: Վանի հերոսական ինքնապաշտպանության հաղթանակին
հետեւեց նահանջը: Ինչո՞ւ: Հանդիսասրահում սարսռալի լռություն: Հաջորդ դրվագը… Թատրոնը
մնում է թատրոն… Հաջորդ դրվագը եւ ամոթալի, եւ զավեշտական: Երեւան հասած այդ խիզախ
վանեցի տղան, նորաստեղծ հանրապետության օրհաս օրերին, բանակից խուսափելու համար,
թաքնվում է պարկի մեջ, կարտոֆիլով լեցուն պարկ է ձեւանում: Ի՞նչ կատարվեց Շխոնց Միհրանի
հետ: Հոգեբանական ի՞նչ փոխակերպում է սա: Եվ արդյո՞ք հոգեվիճակի ժանգլյորություն
չէ այդ, որով այնպես հարուստ է ժամանակակից թատերարվեստը: Ոչ: Սա թատրոն է, իսկական
բարձրակարգ թատրոն: Նահանջը Շխոնց Միհրանի սերունդին պարտադրվեց. զարգացումներն ընթանում
էին մեծ տերությունների շահերի բախման դաշտում: Նրանց դեմ խաղ չկար: Հաղթանակը բեղմնավորվեց
նահանջով՝ ծնվեց բարոյալքություն: Մեր ետպատերազմյան դաշտը բարոյականն էր: Էր եւ
է: Որքանո՞վ ենք մենք մեր ճակատագրի տերը. տերն ու տնօրինողը: Նահանջ: Ներազգային
բարոյական դաշտում նահա՞նջ: Ազատագրական պատերազմում հաշմված ազատամարտիկի կինը հուսահատ
է, զավակները ուշադրությունից դուրս, իսկ զեխությունը՝ լկտի ու անամոթ: Ամոթալի նահանջն
անժխտելի է: Եվ այս դեպքում կարեւոր չէ, թե մեզանից ով հասարակության դիմակայության
ո՞ր դիրքում է կանգնած՝ իշխանամե՞տ, թե՞ ընդդիմադիր: Ամոթը բոլորինս է: Թատրոնը հարց
է առաջադրել՝ հասարակությունը պատասխան է ակնկալում: Իսկ նման պարագաներում պատասխան
պահանջում են նախ եւ առաջ մտավորականից: Ինչո՞ւ ենք նահանջում: Եվ դեռ որքա՞ն պիտի
նահանջենք, մինչեւ ազգովին վերածվենք կարոֆիլով լեցուն պարկերի՞: Եվ նկատո՞ւմ ենք,
արդյոք, որ ստրկահոգության, ստրկամտության հաղթարշավ է սկսվել, որ հոգեբանական այն
նույն մթնոլորտն է վերականգնվում, ինչից, թվում էր, հեռացել ենք անվերադարձ: Ինձ
համար այս մտորումների շարժառիթը Համազգայինի «Շխոնց Միհրան» բեմադրության վերականգնված
տարբերակն էր: Իսկական թատրոն: Նորին մեծություն թատրոն, որ քեզ մղում է մտորումների:
Շնորհակալություն նրա դիրքերն անխախտ պահող շնորհալի դերասաններին (ինչ հիանալի երեւույթ՝
բոլորը երիտասարդ): Բեմադրությունը՝ Դավիթ Հակոբյանի: Վերականգնման խմբագրումը՝ թատրոնի
գլխավոր ռեժիսոր Հր. Գասպարյանի: Թատրոնի գաղափարա-գեղարվեստական կեցվածքի պատասխանատու՝
շնորհաշատ դերասանապետ Սոս Սարգսյան: ԵՐՎԱՆԴ ՄԱՆԱՐՅԱՆՀ.
Գ. Մտորումները թղթին հանձնելու շարժառիթը նաեւ «Առավոտի» թիվ 105-ի առաջին էջի «Միտքն»
էր. «Դժոխքում ամենասարսափելի տեղերը նախատեսված են նրանց համար, ովքեր բարոյական
ճգնաժամի ժամանակ չեզոք են մնում: Դանթե»: Ոչ մի ցանկություն՝ դժոխքի ամենասարսափելի
մի տեղի հավիտենական բնակիչը դառնալու: