Ազգային համաձայնության գաղափարը մեզ
համար միշտ եղել է անհրաժեշտություն: Չարենցից մինչեւ Նժդեհ արծարծվել են թեւավոր
ասույթներ միասնականության եւ համաձայնության մասին, բայց վերջերս պարզվել է, որ
դա ոչ մեկին պետք չէ: Վերջերս ԱԺ խոսնակ Արթուր Բաղդասարյանը հանդես եկավ
քաղաքական հանդուրժողականությամբ ազգային համաձայնության եւ միասնության կոչով: Թվում
է բավարար հիմք կա պնդելու, որ գոնե այս հարցում բոլորը համակարծիք են: Սակայն ի
պատասխան դրա՝ լրագրողները հարցեր են տալիս այն մասին, թե ինչով է պայմանավորված
օպոզիցիոն մի շարք լիդերների դրական կարծիքը ԱԺ խոսնակի մասին: Անմիջապես բեմ են
հանվում քաղաքական շահերն ու հնարավոր դաշինքների ստեղծումը: Եվ բոլորը մոռանում
են ազգային համաձայնության անհրաժեշտության մասին եւ այն մասին, որ դրան պետք է գնալ
անհապաղ եւ առանց վարանելու: Ժամանակը ցույց է տվել, որ կարճաժամկետ շահեր հետապնդող
բոլոր դաշինքները ոչ կենսունակ են: Այս դեպքում անհրաժեշտ է միայն մի բան՝ կենսունակ
գաղափարներ, որոնք ի զորու են առաջ մղել հասարակությունը: Կենսունա՞կ են արդյոք ժողովրդավարության,
հասարակական միասնության, արդար ընտրությունների գաղափարները: Պատասխանի փոխարեն
բավական է ետադարձ հայացք նետել այն երկրների վրա, որտեղ այդ մեխանիզմները գործում
են: Հնարավո՞ր է արդյոք համախմբվել եւ կյանքի կոչել այդ գաղափարները Հայաստանում.
երեւի՝ այո: Սակայն պարզվում է՝ դա ոչ մեկին պետք չէ: Նախ՝ դա պետք չէ ընդդիմությանը:
Այդ է պատճառը, որ ընդդիմադիր գործիչները նախընտրում են ավելի ակտիվորեն արծածել
«հանցագործ վարչակազմ» եւ «հեղափոխություն» բառերը, քանի որ արդար եւ խաղաղ ընտրությունների
ժամանակ որոշվում է քաղաքական ուժի «իրական արժեքը»: Համոզված ենք, որ նրանք էլ կցանկանային
արտաբերել «ազգային համաձայնություն», «ժողովրդավարություն», «արդար ընտրություններ»
կարգախոսներն ու առաջնորդվել դրանցով, սակայն հանգամանքների բերումով նրանք անգամ
այդ բառերն արտաբերել չեն կարող: Օլիգարխներին դա նույնպես պետք չէ: Արդար
ընտրությունները բերում են նրան, որ իշխանության գլուխ կանգնում է ժողովրդի իրական
քվեն վայելող քաղաքական գործիչ եւ պահանջելու է, որ նրանք հաշվետու լինեն ժողովրդին:
Թվում է, թե ժողովրդին ազգային համաձայնությունը պետք չէ, քանի որ նա ուղղակի
վախենում է «ազգային համաձայնություն» բառակապակցությունից: Համաձայնություն նշանակում
է գաղափար: Գաղափար նշանակում է կառուցողական աշխատանքի անհրաժեշտություն. ժողովուրդը
ետ է վարժվել դրանից: Քաղաքացիական հասարակությունը ազգային համաձայնության դասական
մոդելն է: Այս առումով պետք է հնարավորն անենք, որ նախ ազգը համաձայնվի, որ օրենքը
գերակա է, հետո նա պետք է համաձայնվի, որ գերակայությունը անհրաժեշտ է բոլորի համար,
եւ որ արդար ընտրություններն ավելի կարեւոր են, քան ցանկացած հեղափոխություն, քանի
որ ընտրություն կատարելիս անձը դառնում է քաղաքացի, իսկ ցանկացած հեղափոխության դեպքում
մենք ստիպված ենք անցնել նույն ճանապարհը անիշխանությունից դեպի պետություն: Ինչքա՞ն
ենք մնալու կես ճանապարհին: ԱՆՈՒՇ ՍԵԴՐԱԿՅԱՆբանասիրական
գիտությունների թեկնածու, ԵՊՀ դասախոս