Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-Ն ԼՈ՞ՒՅՍ Է

Հունիս 25,2005 00:00

ՀՅԴ-Ն
ԼՈ՞ՒՅՍ Է «Հունիսի 19-ին մենք հանձնեցինք Արցախը,- այս գույժն
ԱԺՄ համագումարի ամբիոնից երեկ հանդիսավոր տոնով հնչեցրեց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին
անդամ Աշոտ Մանուչարյանը:- Մենք կրկի՛ն հանձնեցինք Արցախը՝ այս անգամ հանձնեցինք
շահի սկզբունքին: Հանձնեցինք ազատագրվա՛ծ Արցախը: Ինչպե՛ս դա տեղի ունեցավ, ի՛նչն
էր դրա պատճառը: Մարդիկ հայտնվեցին խորհրդարանում՝ բացարձակ տոլեռանդ, պոլիտկոռեկտ
եւ թափանցիկ ընտրություններով, որ արձանագրվեց միջազգային բոլոր դիտորդների կողմից:
Բայց արդյունքը մեկն է՝ քսա՛կը դարձավ իշխող Արցախում: Քսակը բերեցինք իշխանության
նաեւ Արցախում, որ արդեն մի շարք տարիներ է, ինչ իշխում է նաեւ այստեղ՝ Հայաստանում:
Իսկ ես բոլորիս ուզում եմ հարցնել՝ ո՞ր իշխանությունն էր Արցախի համար ավելի քիչ
վտանգավոր՝ Ադրբեջանի՞, որը սպառնում էր ընդամենը մարդու ֆիզիկական գոյությանը, թե՞
քսակի իշխանությունը, որը սպանում է մարդու հոգին»: Աշոտ Մանուչարյանը նաեւ
պատասխանեց իր իսկ առաջադրած հարցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ պարտվեց Արցախը. «Այն
տարիներ շարունակ զերծ էր մնացել դրանից: Ի՞նչ կատարվեց: Կատարվեց մեկ բան, եւ մեղավորն
էլի մենք էինք՝ քաղաքական գործիչներս: Ժողովուրդն ուզում էր պարզ կերպար, պարզ պատկեր
տեսնել՝ եթե նա մթի, խավարի, քսակի եւ ստորության աշխարհն է, ո՞ւր է լույսի աշխարհը,
ո՞ր կողմն է կանգնած: Այդ գաղափարը, հույսը, միասնությունը պետք է տան կուսակցությունները:
Արցախում կուսակցությունները չկարողացան միավորվել, չկարողացան ստեղծել հասարակական
բեւեռ: Արդյունքը եղավ այն, որ պատկերը ժողովրդի համար լղոզվեց, եւ ժողովուրդը չհասկացավ՝
ո՛ւր է գնում եւ ինչի՛ համար»: Ա. Ի.Խիստ ուշագրավ է, որ ընդդիմադիր
գործիչը լույսի եւ հույսի բեւեռ է համարում փաստորեն ՀՅԴ-ին, իսկ Արկադի Ղուկասյանին
եւ նրան հարող իշխանամետներին՝ խավարի եւ ստորության խորհրդանիշ՝ խլելով Էլիզաբեթ
Ջոնսի «հացը»: Եվ քանի որ ի տարբերություն հայաստանյան այլ ընդդիմադիրների՝ Աշոտ
Մանուչարյանն անմիջականորեն չէր հետեւում ԼՂՀ ընտրություններին՝ թերեւս տեղյակ էլ
չէ, որ «հույսի եւ լույսի» կուսակցությունները միավորվել էին՝ ի դեմս «ՀՅԴ-Շարժում-88»
դաշինքի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել