Լրահոս
Օրվա լրահոսը

«Լուծումներ» շարքից

Հունիս 25,2005 00:00

«Լուծումներ»
շարքից Ռուսաստանի ու առավել եւս՝ Հայաստանի տիպի երկրներում
պետական համակարգը չսքողված սարսափով է սպասում նախագահական վերջին (իմա՝ երկրորդ)
ժամկետի ավարտին: Սովորական, հերթական ընտրությունների անցկացման ու դրանց արդյունքում
երկրի հերթական ղեկավարի ընտրության՝ օրենսդրությամբ նախատեսված հեռանկարն ուղղակի
դուրս է այդ համակարգի մարմնավորումը հանդիսացող բազմաթիվ ֆունկցիոներների ինտելեկտուալ
կարողությունների շրջանակից: Հանգամանք, որ վախի ու անորոշության տհաճ զգացում է
ներշնչում նրանց: Ի՞նչ է լինելու հետո, ո՞վ կլինի հաջորդը, ո՞նց կարելի է երկիրը
թողնել ընտրությունների հույսին, իսկ ինչպե՞ս կդասավորվի իմ անձնական ճակատագիրը.
վերը նշված ժամկետի սպառմանը զուգընթաց, այս հարցերն ուղղակի բզկտում են «հետխորհրդային
տիպի» պետական եւ քաղաքական գործչի ուղեղը: Այդ կարգի բզկտումների արդյունքում էլ,
որպես կանոն, ծնվում են քաղաքական «հանճարի» այն փայլատակումները, որոնց, օրինակ՝
Հայաստանում անվանում են «համարժեք լուծումներ»: Նման մի լուծման «ուրվական» էլ վերջին
օրերին շրջում է Ռուսաստանի Պետդումայի հարկաբաժիններում: Նպատակը, ինչպես արդեն
կռահեցիք, նախագահ Պուտինի՝ երրորդ ժամկետով պաշտոնավարման համար օրենսդրական նախադրյալների,
իսկ ավելի ճիշտ՝ սողանցքների ապահովումն է: Հենց այդպես են ռուսաստանյան լրատվամիջոցներն
ընկալել ՌԴ «Ընտրական օրենսգրքի» բարեփոխման շրջանակներում կատարված որոշ ուղղումների
շրջանառումը: Դրանց նախագծերը, ի դեպ, արդեն իսկ հավանության են արժանացել Դումայի
համապատասխան փորձագիտական օղակների կողմից եւ ներկայացվել հունիսի 29-ին կայանալիք
լիագումար նիստի քննարկմանը: Ո՞րն է խնդրո առարկա ուղղման էությունը: Բանն այն է,
որ դրա՝ ուժի մեջ մտնելու արդյունքում հրաժարական տված «ընտրովի» պաշտոնյան (նահանգապետը,
նախագահը) հնարավորություն կունենա կրկին առաջադրվել, եթե արտահերթ ընտրությունները
ճանաչվեն չկայացած: Գործող օրենսդրությունը ժամկետից շուտ լիազորությունները վայր
դրած նախագահին կամ նահանգապետին արգելում է մասնակցել արտահերթ ընտրություններին:
Այդ սահմանափակումը ներմուծվել է Սամարայի նահանգապետ Տիտովի նախընտրական «հայտնագործության»
արդյունքներով: Հիշեցնենք, որ վերջինս իր պաշտոնավարման ժամկետի լրանալուց մի քանի
ամիս առաջ ինքնակամ հրաժարական տվեց, իսկ քիչ ավելի ուշ մեծ հաջողությամբ վերընտրվեց
նախկին պաշտոնում: Այսպիսով, ստացվում է, որ ժամկետից շուտ հրաժարական տված նախագահը
թեեւ չի կարող մասնակցել արտահերթ ընտրություններին, սակայն այդ նույն ընտրությունների
չկայանալու դեպքում (ինչը հեշտությամբ կարելի է «կազմակերպել») նա այլեւս ազատ է
առաջադրել իր թեկնածությունը: Ինչ խոսք, ճարպիկ է մտածված: Եվ անշուշտ՝ այս աճպարարության
ընթացքին ուշի-ուշով հետեւում են ԱՊՀ «մենթալիտետակից» մյուս երկրները: ՏԻԳՐԱՆ
ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել