Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ

Հունիս 25,2005 00:00

Թերեւս
այսպես պետք է գնահատել երեկ ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի եւ ՀՀ պատվիրակության համատեղ
քննարկումների արդյունքը: Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Ջանի Բուքիքիոն
գոհունակություն է հայտնել երեկ ԵԽԽՎ-ում ավարտված ՀՀ սահմանադրական բարեփոխումների
շուրջ Վենետիկի հանձնաժողովի աշխատանքային խմբի եւ ՀՀ պատվիրակության համատեղ քննարկումների
առնչությամբ, որի արդյունքում կողմերը ստորագրել են ավելի քան 20 կետից բաղկացած
հուշագիր: Հիշեցնենք, որ Հայաստանի կողմից այդ քննարկումներին մասնակցում էին ՀՀ
արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, սահմանադրական բարեփոխումների՝ նախագահի
ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը, կառավարող կոալիցիայի ներկայացուցիչները՝ ի
դեմս Տիգրան Թորոսյանի՝ ՀՀԿ, Մհեր Շահգելդյանի՝ ՕԵԿ եւ Ոստանիկ Մարուխյանի՝ ՀՅԴ,
նաեւ իրավաբան Վարդան Պողոսյանը, որը սահմանադրական փոփոխությունների այլընտրանքային
տարբերակի համահեղինակներից մեկն է: Ջ. Բուքիքիոն հավաստել է, որ մինչ այդ
ՀՀ ԱԺ-ում քննարկված եւ առաջին ընթերցմամբ ընդունված սահմանադրական բարեփոխումների
նախագծում եղած բոլոր երեք վիճահարույց հարցերի շուրջ, որոնք վերաբերում են իշխանության
թեւերի տարանջատմանը, դատական իշխանության անկախությանն ու Երեւանի քաղաքապետի ընտրությանը,
հանձնաժողովն ու ՀՀ պատվիրակությունն ընդհանուր հայտարարի են եկել: Քննարկմանը
մասնակցած Վ. Պողոսյանի փոխանցմամբ, հատկապես Երեւանի կարգավիճակի եւ քաղաքապետի
ընտրության հարցն է, որ բուռն բանավեճերի տեղիք է տվել: Այդուհանդերձ, կողմերի համաձայնության
արդյունքում, որն արտացոլվել է նաեւ հուշագրի կետ 21-ում, որոշվել է, որ Սահմանադրությամբ
Երեւանը պետք է ճանաչվի տեղական ինքնակառավարման միավոր է եւ, որ Երեւանի քաղաքապետը
պետք է ընտրվի՝ ինչպես դա նախատեսված է ՏԻՄ եվրոպական սկզբունքներով, թե հատկապես
ինչ սկզբունքով՝ պետք է կարգավորվի ՀՀ օրենսդրությամբ: Սահմանադրական փոփոխությունների
վիճահարույց մյուս դրույթը վերաբերել է իշխանության թեւերի հավասարակշռությանն ու
տարանջատմանը: «Այս իմաստով կարեւորը ՀՀ նախագահի կողմից վարչապետին ազատելու լիազորության
վերացման վերաբերյալ էր, որն ամրագրվել է ստորագրված հուշագրի 12-րդ կետում: Ըստ
այդմ, ՀՀ նախագահն այլեւս վարչապետին ազատելու իրավասություն չպետք է ունենա եւ,
որ այդ իրավասությամբ օժտված է միայն ԱԺ-ն, որը կարող է անվստահություն հայտնել կառավարությանը:
ՀՀ նախագահը միայն իրավասու է ԱԺ-ին առաջարկություն ներկայացնել վարչապետի պաշտոնանկության
մասին, բայց ԱԺ-ն է այն միակ մարմինը, որն իրավասու է վերջնական որոշում ընդունել:
Ընդ որում, եթե ԱԺ-ն համաձայնություն չտա ՀՀ նախագահի առաջարկին, վերջինս չի կարող
լուծարել խորհրդարանը»,- փոխանցել է Վ. Պողոսյանը: Համաձայնություն է ձեռք
բերվել նաեւ կառավարության կազմավորման հարցում: Վ. Պողոսյանի մատուցմամբ, «ՀՀ նախագահը
վարչապետի պաշտոնում պետք է նշանակի այն անձին, որը վայելում է ԱԺ պատգամավորների
մեծամասնության վստահությունը: Դա պետք է որոշվի խորհրդակցությունների միջոցով: Ի
դեպ, եթե ԱԺ մեծամասնությունը ՀՀ նախագահին առաջարկի որեւէ թեկնածուի, ՀՀ նախագահը
պարտավոր է նշանակել հենց այդ թեկնածուին»: Համաձայնություն է ձեռք բերվել
նաեւ երրորդ սկզբունքային դրույթի առնչությամբ, որը վերաբերում էր դատական իշխանության
անկախությանը: Վենետիկի հանձնաժողովի Սահմանադրական իրավունքի բաժնի վարիչ տիկին
Գրանատա-Մենգինին հիշեցրել է, որ Արդարադատության խորհրդի ձեւավորման կարգն արդեն
հավասարակշռված է. Խորհրդի երկուական անդամ նշանակում են ՀՀ նախագահը եւ ԱԺ-ն, իսկ
մյուս անդամներն ընտրվում են դատավորների կողմից: «Հանրապետության նախագահն այլեւս
չի նշանակում Արդարադատության խորհրդի նախագահին, Արդարադատության խորհրդի նիստերը
նախագահելու է Վճռաբեկ դատարանի նախագահը, որը չի ունենալու քվեարկելու իրավունք:
Մենք համաձայնվեցինք, որ հանրապետության նախագահը չի կարող նշանակել եւ ազատել դատավորներին՝
առանց Արդարադատության խորհրդի առաջարկի: ԵԽ-ն Հայաստանի իշխանությունների հետ աշխատում
է Դատական համակարգի մասին օրենքի վրա, եւ թե ինչպես պետք է նշանակվեն դատավորներն
այսօր, մենք չենք քննարկել: Դա պետք է կարգավորվի օրենքով»,- հավելել է հանձնաժողովի
ներկայացուցիչը: Առայժմ չի քննարկվել, թե այդ փոփոխությունները պետք է իրականացնի
ա՞յս, թե՞ հաջորդ խորհրդարանը: «Բայց մենք եկել ենք համաձայնության, որ օրինակ՝ Մարդու
իրավունքների պաշտպանին եւ դատական իշխանությանը վերաբերող դրույթները պետք է ուժի
մեջ մտնեն անմիջապես»,- ասել է տիկին Գրանատա-Մենգինին: Հավելենք, որ երեկ
ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, մինչեւ հուլիսի 7-ը ԵԽ-ում ՀՀ պատվիրակության
ղեկավարը Վենետիկի հանձնաժողովին պետք է ներկայացնի Սահմանադրության փոփոխությունների
նախագիծը, իսկ մինչեւ ս/թ հուլիսի 20-ը հանձնաժողովի աշխատանքային խումբը պետք է
գնահատական տա այդ փոփոխությունների վերաբերյալ: Սահմանադրության փոփոխությունների
նախագիծը ԱԺ երկրորդ ընթերցման պետք է ներկայացվի մինչեւ 2005-ի օգոստոսը, իսկ հանրաքվեն
պետք է անցկացվի 2005-ի նոյեմբերին: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի
եւ «Ա1+»-ի նյութերի՝ պատրաստեց ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել