Փափագում են շուկան գրավել Հուլիսի 1-ից Հայաստանի բաժանորդները կարող են ձեռք բերել «Ղ-Տելեկոմի» «VivaCell» ապրանքանիշով բջջային հեռախոսակապի քարտեր: Այս մասին երեկ Փարաջանովի տուն-թանգարանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց «VivaCell»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Իսկ թե ի՞նչ սակագներ են կիրառվելու, արդյոք դրանք «ԱրմենՏելի» սակագներից ավելի՞ մատչելի են լինելու, պարոն Յիրիկյանը ձեռնպահ մնաց որեւէ բան պատասխանելուց՝ խնդրելով համբերել մինչեւ հունիսի 28-29-ը. «Այդ մասին առանձին հայտարարություն կարվի»: Բայց ասաց, որ իրենց քարտերով միայն զանգողն է վճարելու, իսկ զանգ ստացողը՝ ոչ: Նախ ընկերության տնօրենների խորհրդի ներկայացուցիչները ասուլիսի սկզբում ներկայացրին շնորհակալությունների ցանկ, որը սկսում էր «Նորին գերազանցություն Ռ. Քոչարյանով, վարչապետով, ԱԺ նախագահով», մի շարք նախարարներով եւ ավարտվում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանով: Հարցին, թե ինչու է «Ղ-Տելեկոմը» ՀՀ պետռեգիստրում գրանցված Դավիթ Հարությունյանի եղբորը՝ Վահանին պատկանող իրավաբանական ընկերության անունով, Ռ. Յիրիկյանը պատասխանեց, որ 4 տարի ի վեր Վահան Հարությունյանի իրավաբանական ծառայության հաճախորդն են, եւ գրանցվելիս հասցեի շտապ անհրաժեշտություն է եղել, ուստի ծառայության ղեկավարը առաջարկել է իրենը: Պարոն Յիրիկյանը ավելացրեց, որ «ամեն մարդ ազատ է ընտրել իր իրավաբանական գրասենյակը եւ աշխատել ում հետ ցանկանա»: «Ղ-Տելեկոմի» ներկայացուցիչները համոզված են, որ մոտ 3 ամսից իրենց ցանցը հնարավորություն կունենա սպասարկել ավելի քան 300 հազար բաժանորդի. «Մենք ունենալու ենք բազմաթիվ նոր ծառայություններ, կտրամադրենք SMS կարճ հաղորդագրությունների, VMS ձայնային փոստի ծառայություններ, իսկ մոտ ապագայում կներմուծվի GPRS ծառայությունը, որը հնարավորություն կտա բաժանորդին հեռախոսից միանալ ինտերնետին»: Այսուհետեւ «ԱրմենՏելի» «easy» քարտի մրցակիցն է լինելու «alo» քարտը, որը հնարավոր կլինի ձեռք բերել Հայաստանի տարածքի ավելի քան 1000 կետից: Ինչ վերաբերում է «classic» քարտին, որը «sim»-ի մրցակիցն է, վաճառվելու է միայն ընկերության սպասարկման կենտրոններում: Համաշխարհային ստանդարտներին համապատասխան նոր ծառայություններ մատուցելով՝ ընկերության անդամները համոզված են, որ շուտով կդառնան Հայաստանում հեռահաղորդակցության կապի առաջատարը: Ռալֆ Յիրիկյանը անկեղծորեն բացահայտեց իր «առաջադրանք-մաքսիմումը». «Ընկերության բաժնետերերը Պիեր Ֆաթուշի ընտանիքն ու ազգականներն են, որոնք ինձ դրել են գլխավոր տնօրեն ու փափագել մինչեւ տարվա վերջ ողջ շուկան գրավել»: Ի դեպ, մինչ օրս «Ղ-Տելեկոմը» ներդրել է 75 մլն դոլար ու դեռ շարունակելու է ներդնել: Տնօրենների խորհրդի անդամ Հուսսեյն Ռիֆային նշեց, որ իրենց ընկերությունը որդեգրել է կորպորատիվ կառավարման սկզբունքը. «Վաղ թե ուշ մենք դառնալու ենք ԲԲԸ, այդ պարագայում ցանկացած ոք կարող է բաժնետոմսեր ձեռք բերել ու դառնալ բաժնետեր»: Լրագրողներին հետաքրքրում էր հատկապես «ԱրմենՏելի» հետ ընկերության հարաբերությունները՝ մանավանդ որ, «ԱրմենՏելը» նոր մրցակցի հայտնվելուն պես սկսեց իջեցնել սակագները: Պարոն Յիրիկյանի մեկնաբանությամբ՝ «Փառք Աստծո, մոտ 7 ամիս հետաձգվելուց հետո մայիսին կարողացանք պայմանագիրը ստորագրել, հեշտ չէր, մենք շատ զիջումների գնացինք: Արդյո՞ք զուգադիպություն է, որ իրենց սակագների իջեցումը համընկավ մեր շուկա մտնելուն: Պարզապես իրենք, իմանալով մեր սակագնային քաղաքականության մասին, ասացին՝ շտապենք, նրանցից առաջ հայտարարենք՝ չիմանալով, որ այդ քայլով իրենք են մեզ հետեւում, ոչ թե մենք՝ իրենց»: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ Հ. Գ. PR-ի հարցերում «Ղ-Տելեկոմի» գործընկերն այս շրջանում «ԴիՋի Կոնտակտ» ընկերությունն է, որը նախորդող 1 շաբաթվա ընթացքում լրատվամիջոցները «ռմբակոծել է» մամուլի հաղորդագրություններով՝ հայտնելով, որ «անակնկալ» է պատրաստվել լրագրողների համար: Բնականաբար, լրագրողների «մտքներով արքայություն է անցել», եւ մի շարք լրատվամիջոցներ ասուլիսի էին եկել 3-4 հոգով՝ ակնկալելով, որ իրենց կբաժանվեն բջջային հեռախոսներ նոր քարտերով: Սակայն իրականում «անակնկալն» ընդամենը ընկերության լոգոյով գրիչ-բաժակ-գլխարկներն էին: