ԵՐԿԻՆՔԸ ՇՈՒՏ ՉԻ «ԲԱՑՎԻ» Համաշխարհային բանկն ուզում է ազատականացնել Հայաստանի օդային շուկան, իսկ ՀՀ կառավարությունը չի շտապում դա անել: Արդեն գրել ենք, որ Համաշխարհային բանկի հետ համաձայնեցված Աղքատության հաղթահարման ռազմավարական առաջին վարկային ծրագրով (ԱՀՌԾ) նախատեսված է վարել «բաց երկնքի» քաղաքականություն: Այսինքն՝ ազատականացնել օդային շուկան, թռիչքների քանակների քվոտաներ չսահմանել, հնարավորություն տալ հայկական օդային շուկա մուտք գործել բոլոր ավիաընկերություններին (իհարկե, օրենքով նախատեսված կարգով) եւ այլն: Այլ կերպ ասած, ՀՀ կառավարությունը այս մասին պայմանագիր է կնքել: Սակայն ինչպես հայտնի է, կոնկրետ ավիաուղեւորափոխադրումների շուկայում բացառիկ իրավունքներ են տրված հայկական ավիափոխադրողին: Եվ ինչպես պարզվեց, կառավարությունն առայժմ չի պատրաստվում փոփոխություններ մտցնել այս հարցում: Սրան, բնականաբար, Համաշխարհային բանկը համաձայն չէ, եւ երկրորդ վարկային ծրագրում նույնպես պնդում է ազատականացման հարցը: Ինչպես տեղեկացանք Համաշխարհային բանկի հայաստանյան ներկայացուցչության արտաքին կապերի պատասխանատու Վիգեն Սարգսյանից, «բանակցություններն ընթացքի մեջ են, խնդիրը մեր ուշադրության ներքո է գտնվում: Շարունակելու ենք հետամուտ լինել դրա իրականացմանը: Երկրորդ վարկային ծրագրում, որը բանակցային փուլում է գտնվում, այս խնդիրը եւս մտած է»: Ավելին, ինչպես հայտնեց պարոն Սարգսյանը, Համաշխարհային բանկի փոխնախագահ Շիգեո Կացուին, որը հունիսի 14-ին Հայաստանում էր գտնվում, մեր երկրի ղեկավարության առաջ բարձրացրել է օդային շուկայի ազատականացման հարցը: Պարոն Սարգսյանը հստակեցրեց, որ ազատականացում ասելով, ՀԲ-ն ամենեւին էլ նկատի չունի, որ պետք է դուրս մղվի հայկական ընկերությունը, այլ հնարավորություն ստեղծվի օդանավակայանը դարձնել տրանզիտային փոխադրումների կենտրոն: Սակայն Հայաստանի կառավարությունը գտնում է, որ ավիացիան զարգացնելու համար պարտադիր չէ ազատականացնել շուկան: Եվ առանց այդ էլ օդային շուկան կարելի է զարգացնել: Այսինքն, եթե օբյեկտիվորեն գնահատենք, պետք է արձանագրենք, որ առայժմ ընտրողաբար, բայց փաստացի այլ ընկերություններ հայկական օդային շուկա մուտք են գործել, չնայած՝ պաշտոնապես չի հայտարարվել «բաց երկնքի» քաղաքականության մասին: Դրա վկայությունն են եվրոպական հեղինակավոր բրիտանական (ամենօրյա), ավստրիական (ամենօրյա), չեխական (շաբաթը երեք անգամ), գերմանական (շաբաթը երեք անգամ) ավիաընկերությունների չվերթները: Չհաշված, որ «Արմավիան» էլ շուկան արագորեն ընդլայնում է: Այս ամենը հանգեցնում է ուղեւորահոսքի մեծացմանը: Մինչդեռ, մասնագետները նշում են, որ ազատականացման պարագայում ուղեւորահոսքը անհամեմատ մեծ կլիներ: Ամեն դեպքում, Համաշխարհային բանկը չի պատրաստվում կոշտ դիրքորոշում ցուցաբերել այս հարցում, բայց շարունակում է հետեւել դրան: Վիգեն Սարգսյանի պարզաբանմամբ, «կան հարցեր, որոնք բարձրացվում են, եւ մենք էլ գիտենք, որ դրանց կատարումը 100 տոկոսով ապահովված չի լինելու, որովհետեւ խնդրահարույց են: Կառավարությունը նշում է, որ ունի որոշակի անհանգստություններ, մեր կողմից դրանք նորմալ են ընկալվում, կարեւորը՝ այդ ուղղությունը կառավարությունը վերցնի»: ԼԻԼԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆ