Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն

Հունիս 24,2005 00:00

ՀՀԿ-ն հեռացել է իր ակունքներից Այդպես է պնդում այդ կուսակցության հիմնադիրներից մեկի՝ Յուրի Բախշյանի այրին Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ, թիվ 27 դպրոցի տնօրեն Անահիտ Բախշյանը վերջերս է համալրել այդ կուսակցության շարքերը։ Տիկին Բախշյանը ՀՀ ԱԺ փոխխոսնակ եւ 1999թ. «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության զոհ դարձած հանրապետական Յուրի Բախշյանի այրին է։ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ տիկին Բախշյանը մինչեւ «Ժառանգությանն» անդամագրվելը սերտ կապեր ուներ ՀՀԿ-ի հետ, որի հիմնադիրներից մեկն էլ Յու. Բախշյանն էր, նաեւ ջերմ հարաբերություններ ունի «Հանրապետություն» կուսակցության ու ՀԺԿ-ի հետ, նրա ընտրությունը մի քիչ տարօրինակ թվաց: Ինչո՞ւ նա գերադասեց ոչ թե հիշյալ կուսակցություններին, այլ հատկապես «Ժառանգությունը»: «Սկսեմ նրանից, թե՝ ինչու ոչ ՀՀԿ-ին: «Հանրապետականներն առյուծներ են, իսկ առյուծը սոված կսատկի, բայց հոտած միս չի ուտի»: Այդպես էր ժամանակին ասել ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանը: Ես հիշեցնում եմ հանրապետականներին Ա. Նավասարդյանի միտքը, եւ ես կարծում եմ, որ նրանք լավ հիշում են, թե ինչպես էր այս միտքը մեկնաբանում Ա. Նավասարդյանը: Ես իսկապես մնացել եմ հանրապետական: Իսկ ՀՀԿ-ն այսօր իր որդեգրած քաղաքականությունից, իր գաղափարներից ու սկզբունքներից միանշանակ հեռացել է: Իմ ամուսինը, որպես հանրապետական, այլ արժեքներ էր կրում: Նա ժողովրդավարության, ազատ ու արդար ընտրությունների կողմնակից էր ու միշտ կրկնում էր, որ միայն ընտրյալ մարդկանց իշխանությունը կարող է ուժեղ լինել, որ ոչ լեգիտիմ իշխանությունները չեն կարող ուժեղ պետություն կառուցել: Սա իմ համոզմունքն էլ է: Ինչպես կնայեր Յուրան այն փաստին, որ Ավանում թեկնածություն դրեց միայն վարչապետի որդին եւ դարձավ թաղապետ: Ինքը հաստատ սրան լավ չէր վերաբերվի: Նա խնամիաբարեկամական սկզբունքներով պաշտոններ զբաղեցնելուն դեմ էր: Էլ չեմ խոսում «27»-ի եւ դրա դատավարության մասին, դրա ամբողջ ընթացքում ՀՀԿ-ի պահվածքի մասին: ՀՀԿ-ն այդպես էլ պահանջատեր այդ հարցում իրեն չդրսեւորեց: Իր առաջնորդների սպանության բացահայտման հարցում էլ ՀՀԿ-ն հետեւողական չեղավ ու այդ ուղղությամբ ջանք չթափեց: Ես չեմ կարող լինել այն կուսակցության անդամ, որը գաղափարախոսությունից անչափ հեռացել է եւ տառապում է հիշողության կորստով: Ինչ վերաբերում է մյուս կուսակցություններին՝ Արամ Սարգսյան, Ստեփան Դեմիրճյան… Նրանք իմ կողմից անչափ հարգված ու սիրված մարդիկ են, որոնց հետ մենք ընդհանուր ցավ ունենք, բայց դա դեռ քաղաքական կողմնորոշում, գաղափարական ընդհանրություն չէ: Կուսակցությանն անդամագրվում են գաղափարախոսության ընդհանրությունների սկզբունքով: Այդ իմաստով ինձ համար ավելի ընդունելի է «Ժառանգություն» կուսակցությունը, որովհետեւ ես, մինչեւ անդամագրվելը, ինքնըստինքյան իրականացրել եմ այդ կուսակցության գաղափարախոսությունը՝ ինչպիսին կուզեի տեսնել Հայաստանը: Ինձ համար ընդունելի է նաեւ արժեքային այն համակարգը, որ կրում է «Ժառանգության» առաջնորդ Ր. Հովհաննիսյանը, նաեւ՝ նրա գործունեությունն ու աշխատաոճը: Վստահ եմ, որ նա միշտ Հայրենիքի, պետության, պետականության շահը գերադասելու է իր անձնական շահից: Իր կյանքով ու գործով նա դա ապացուցել է»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել