ԲԱՆԱՁԵՎԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾ ԼՂ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սատտար Սաֆարովը «Հայ-ադրբեջանական, Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» անվանմամբ բանաձեւի մի նախագիծ է ներկայացրել, որը քննարկվելու է հուլիսի 1-5-ը կայանալիք ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում: Բանաձեւի նախագծում նշվում է, թե ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը ափսոսանք է արտահայտում, «որ մինչ այժմ կարգավորված չէ հայ-ադրբեջանական հակամարտությունը, որը հանգեցրել է հայկական զինված ուժերի կողմից Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի գրավմանը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը եւ նրա շուրջ գտնվող 7 շրջանները, եւ շուրջ մեկ միլիոն մարդու վերածել փախստականների ու բռնի տեղահանվածների»: Նախագծում հատուկ ընդգծված են որոշ դրույթներ միջազգային փաստաթղթերից, ըստ որոնց՝ ժողովուրդների եւ ազգերի միջեւ բարեկամական հարաբերությունները պիտի հիմնված լինեն պետության ինքնուրույնության եւ տարածքային ամբողջականության հիմնարար սկզբունքների վրա: Նաեւ հիշատակված են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993-ի բանաձեւերը, որոնք պահանջում են դուրս բերել զինված ուժերը «Ադրբեջանի գրավյալ տարածքներից»: Ըստ Սատտար Սաֆարովի նախագծի՝ ԵԱՀԿ ԽՎ-ն պետք է հավանություն հայտնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման այն սկզբունքներին, որոնք ձեւակերպվել էին 1996-ի դեկտեմբերին ԵԱՀԿ Լիսաբոնի հանդիպմանը՝ ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարությամբ: Հիշատակված են նախկինում ընդունված մի շարք այլ միջազգային փաստաթղթեր էլ, որոնցով դատապարտվում են միջէթնիկական բախումները եւ «անօրինականության գոտիների» առաջացումը, ուր «ապահով պայմաններ են ստեղծվում մարդկանց առեւտրի համար»: Ի վերջո, հիշատակվում է նաեւ ԵԽԽՎ բանաձեւը՝ Աթկինսոնի զեկույցը, եւ մասնավորապես դրա այն հատվածը, ըստ որի՝ «Ադրբեջանի տարածքի զգալի մասը դեռեւս գրավված է հայկական ուժերի կողմից, եւ անջատողական ուժերը շարունակում են վերահսկել Լեռնային Ղարաբաղի տարածքը»: Եթե բանաձեւի այս նախագիծն ընդունվի՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը պիտի մտահոգություն հայտնի «հաճախակի, հատկապես 2005-ի սկզբից հրադադարի խախտումներով», որի հետեւանքներն են քաղաքացիական եւ զինվորական անձանց զոհերը: Եվ արդեն «խորը անհանգստություն է արտահայտվում Ադրբեջանի գրավյալ տարածքներում Հայաստանի կողմից քաղաքացիական անձանց վերաբնակեցման փաստերի կապակցությամբ, ինչը հաստատվել է ԵԱՀԿ փաստահավաք առաքելությամբ»: Մի «խորը մտահոգվածություն» էլ վերաբերում է այն ծանր վիճակին, որոնցում գտնվում են փախստականները եւ բռնի տեղահանվածները: Ի դեպ, փաստաթղթի եզրափակիչ մասում միջազգային հանրությանն առաջարկվում է չդադարեցնել մարդասիրական օգնությունը: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը, ըստ բանաձեւի նախագծի՝ Հայաստանին եւ Ադրբեջանին պիտի կոչ անի կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի եւ այս հակամարտության վերաբերյալ միջազգային այլ կազմակերպությունների որոշումները՝ «մասնավորապես, ձեռնպահ մնալ ռազմական գործողություններից եւ դուրս բերել զինված բոլոր ուժերն Ադրբեջանի տարածքից»: Սատտար Սաֆարովի հեղինակած փաստաթղթում ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ է արվում ակտիվացնել ջանքերը՝ քաղաքական համաձայնության հասնելու նպատակով, «որը հնարավորություն կընձեռի ապահովել փախստականների անվտանգ վերադարձն իրենց բնակության մշտական վայրերը»: Բացի այդ՝ կոչ է արվում, որ Մինսկի խմբի անդամ պետությունների ազգային պատվիրակությունները ԵԱՀԿ ԽՎ-ում ամենամյա հաշվետվություններ ներկայացնեն վեհաժողովին՝ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ իրենց կառավարությունների ձեռնարկած քայլերի մասին: Վեհաժողովը նաեւ պիտի կոչ անի Հայաստանին եւ Ադրբեջանին, որ Մինսկի խմբի միջոցով միմյանց ներկայացնեն «կառուցողական եւ միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքներին ու դրույթներին համապատասխանող առաջարկներ՝ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ»: Եվ բանաձեւի նախագծի վերջին կետն է՝ ԵԱՀԿ ԽՎ-ն որոշում է ընդունում շարունակել հետեւել խաղաղ հակամարտության կարգավորման գործընթացին եւ «այս հարցի քննարկմանն անդրադառնալ Վեհաժողովի 2006-ի տարեկան նստաշրջանի ընթացքում»: Պատրաստեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ Հ. Գ. Առաջիկայում կներկայացնենք նաեւ ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարի տեսակետը բանաձեւի այս նախագծի շուրջ: