Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԱՄԵՐԱՅԻՆ» ԿՐՔԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Հունիս 24,2005 00:00

Արամ Ղարաբեկյանի «Նվագախումբը՝ սրճարանների
«շրջափակման մեջ» վերնագրով հարցազրույցից հետո «Առավոտը» որոշեց լսել նաեւ մյուս
կողմի՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան տնօրեն Անդրանիկ Հարությունյանի
տեսակետը: – Պրն Ղարաբեկյանը մեր թերթին տված հարցազրույցում նշել էր, որ
Կամերային երաժշտության տունը, ուր օրական 15-16 ժամ աշխատում են, իրենց գործունեության
մշտական վայրն է: Այսինքն այս հարկի տակ գործող բոլոր համույթներից ամենաշատն իրենք
են շահագործում տարածքը, ուրեմն ինչո՞ւ պիտի այն այլ տնօրինության ենթակայությամբ
գործի: – Կամերային նվագախումբը ամեն օր փորձեր է անում առավոտյան 10-ից 13.30-ը,
3-4 ժամ էլ աշխատում է կամերային երգչախումբը: Ընդ որում, Հայաստանի պետական կամերային
նվագախումբը (ՀՊԿՆ-ն) զբաղեցնում է 120 քմ տարածք, իսկ մենք՝ Կամերային երաժշտության
տան աշխատակազմը, ընդամենը՝ 45-50 քմ: Երբ 1999-ին նշանակվեցի այս շենքի տնօրեն,
բոլոր կոլեկտիվները՝ ՀՊԿՆ-ն, Կոմիտասի անվան լարային քառյակը, հնագույն երաժշտության
«Տաղարան» անսամբլը, արդեն այստեղ էին, բայց թե ի՞նչ կարգավիճակով, մինչ օրս հայտնի
չէ: – Գտնում եք, որ Կամերային երաժշտության տան հարկի ներքո Կամերային նվագախմբի
եւ երգչախմբի գործելը ճիշտ չէ՞: – Կամերային երաժշտության տունը կառուցվել
է 30 տարի առաջ: Չեն կառուցել, որ 25 տարի հետո մի Կամերային նվագախումբ ստեղծվի
ու դառնա շենքի տերը: Կամերային երաժշտության տունը բացառիկ է նախ երգեհոնային երաժշտության
համերգներով: Այն ի սկզբանե նախատեսված չի եղել կոնկրետ կոլեկտիվի պատկանելու համար:
Կամերային երաժշտության տունը պետք է ծառայի ողջ հանրապետությանը եւ իրապես այդ ֆուկցիան
նա կատարում է: Ես ՀՊԿՆ-ի դեմ ոչինչ չունեմ, իրոք լավ նավագախումբ է: Ա՛յդ հարցը
չեմ վիճարկում: Այս շենքը ունի իր պատմությունը, որը կապ չունի ոչ կամերային նվագախմբի,
ոչ էլ մյուս համույթների հետ: Իսկ համույթներ հիմա որքան ուզեք՝ Երգի-պարի համույթը,
որ 50-60 տարվա պատմություն ունի, բայց տեղ չունի, 80-ամյա Կոմիտասի անվան քառյակը,
անտուն Մնջախաղի թատրոնը եւ այլն: Եթե ՀՊԿՆ-ն եւ Հայաստանի կամերային երգչախումնբը
տարեկան 35-40 համերգ են ունենում, մենք՝ 220-250 մշակութային միջոցառում: –
Եթե չեմ սխալվում՝ նախարարության կողմից եղել էր առաջարկ, որ Կամերային երաժշտության
տան ու նվագախմբի տնօրինությունը մեկը պետք է լինի: Դուք ի՞նչ կարծիքի եք: –
Արամ Ղարաբեկյանի հարցազրույցում էլ այդ միտքը կար: Գուցե նախարարությունը Արամ Ղարաբեկյանին
հրամա՞ն է տվել աշխատել որպես Կամերային երաժշտության տան տնօրեն: Ես, համենայնդեպս,
նման բան չեմ լսել: Եթե ինքն ասում է, որ այսօր Կամերային երաժշտության տանը կա 2
տնօրեն՝ ես եւ ՀՊԿՆ-ինը, սխալվում է, այդ դեպքում 2-ը չի, 4-ն է: Իսկ «Կոմիտաս» քառյակի՞նը,
«Տաղարանի՞նը»: Տեղեկացնեմ, որ ողջ տարածքը անվճար են շահագործում բոլոր այս
կոլեկտիվները: Արդեն խոսել եմ նախարարի հետ՝ դրանց կարգավիճակը պիտի ճշտվի, որովհետեւ
վաղը անշարժ գույքի գործակալությունից կարող են գալ ստուգման եւ հարցնել՝ ի՞նչ սկզբունքով
եւ ինչի՞ հիման վրա: Ի դեպ, 25 տարվա պատմություն ունեցող «Տաղարանը» զբաղեցնում
է 9 քմ տարածք, Կոմիտասի անվան 80-ամյա քառյակը՝ մոտ 12 քմ, իսկ Կամերային նվագախումբը՝
120 քմ, եւ այսքանից հետո Ղարաբեկյանի խոսքով՝ իրենք դեռ գնչու են: – Պրն
Ղարաբեկյանն ասում է, որ «ցանկացած ոք կարող է ցանկացած պահի դահլիճը ունենալ», արդյունքում՝
ՀՊԿՆ-ի որոշ փորձեր ու նախապես հայտարարված համերգներ տեղափոխվել են: – Եթե
Արամ Ղարաբեկյանը ինձ կհիշեցնի օրով ու ժամով, թե 6 տարվա մեջ իրենց ո՞ր համերգն
է հանվել, ես իրենից ներողություն կխնդրեմ: Գուցե 1-2 փորձ կառավարական միջոցառումների
պատճառով մի կես ժամ շուտ է ավարտվել, բայց համերգ չի հանվել: – Դուք ե՞րբ
տեղեկացաք, որ Կամերային երաժշտության տան հարակից տարածքը վարձակալությամբ տրվել
է սրճարանին: – Երբ 2003-ին պատրաստվում էի շենքի վկայականը հանել, մասնագետներ
եկան Կառավարությանն առընթեր անշարժ գույքի եւ կադաստրի պետական կոմիտեից, թե քաղաքապետարանից՝
լավ չեմ հիշում, ու ասացին, որ ողջ տարածքը տրված է այլ ընկերությունների: Հետո ես
նամակ գրեցի Ռոբերտ Նազարյանի, մի նամակ էլ Երվանդ Զախարյանի անունով: Զախարյանից
դեռ պատասխան չեմ ստացել, բայց վստահ եմ, որ այն հօգուտ Կամերային երաժշտության տան
կլինի: Խնդրել եմ վերականգնել մեր կորցրած իրավունքները: ԳՈՀԱՐ
ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել