Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՄ»-Ն ԿԴԱԴԱՐԵՑՆԻ ԲՈՅԿՈՏԸ

Հունիս 24,2005 00:00

«ԱՄ»-Ն
ԿԴԱԴԱՐԵՑՆԻ ԲՈՅԿՈՏԸ Պատասխանելով «Առավոտի» հարցին, թե արդյոք
մտադի՞ր են հետեւել Հայաստանում սահմանադրական բարեփոխումների գործընթացի վերաբերյալ
ԵԽԽՎ բանաձեւում պարունակվող այն հորդորին, ըստ որի՝ «Վեհաժողովը կոչ է անում ընդդիմությանը
դադարեցնել խորհրդարանական բոյկոտը եւ անել այն, ինչ հնարավոր է՝ սահմանադրական բարեփոխումների
վերաբերյալ Եվրոպայի Խորհրդի առաջարկությունները խթանելու համար»՝ «Ազգային միաբանության»
փոխնախագահ Ալեքսան Կարապետյանն ասաց. «Մենք «Արդարություն» դաշինքի հետ ստորագրել
էինք մի հայտարարություն, որտեղ կոչ էինք անում իշխանությունների հստակ տարանջատման
եւ հավասարակշռության, դատական անկախ իշխանության, իրական տեղական ինքնակառավարման
ուղղությամբ լուրջ փոփոխություններ անել Սահմանադրության մեջ: Սակայն իշխանություններն
այն ժամանակ չընդունեցին ու արհամարհեցին մեր առաջարկները: Պետք է անպայման Վենետիկի
հանձնաժողովը պնդեր այդ հարցադրումները, որ նրանք ընդունեին: Իսկ այժմ ԵԽԽՎ բանաձեւում
հստակ պնդում կա, թե վերջնական փոփոխությունները «պետք է համապատասխանեն Վենետիկի
հանձնաժողովի բոլոր առաջարկություններին եւ հենց այդ տեսքով էլ ընդունվեն Ազգային
ժողովի կողմից»: Եվ չենք կարող գոհունակությամբ չնշել, որ բանաձեւի 9-րդ կետում ափսոսանք
է արտահայտված, որ ընդհատվեց «կոալիցիայի եւ ընդդիմության միջեւ երկխոսությունը»,
եւ դարձյալ ափսոսանք, որ կոալիցիան «դեռեւս չի կարողացել համաձայնության գալ ընդդիմության
առանցքային 3 պահանջների շուրջ, որոնք համապատասխանում են Վենետիկի հանձնաժողովի
առաջարկներին»: Պարտքը հատուցմամբ է գեղեցիկ: Եվ եթե մենք օրինակ չծառայենք եւ չընդունենք
ԵԽԽՎ մեզ ուղղված կոչը, ապա չենք կարող նույնը պահանջել իշխանություններից»: Ալեքսան
Կարապետյանը, սակայն, նաեւ հայտնեց, թե «Ազգային միաբանությունն» այս հարցը կքննարկի
Արտաշես Գեղամյանի՝ Վաշինգթոնից վերադառնալուց հետո. «Համենայնդեպս, իմ կարծիքն այն
է, որ պետք է ունկնդիր լինենք ԵԽԽՎ հորդորին եւ անպայման գնանք խորհրդարան: Եվ Եվրոպայի
Խորհրդի ու ԱՄՆ-ի հետ միասին պայքարենք, որ կարողանանք ժողովրդավարություն հաստատել
մեր երկրում»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել