ԵԽԽՎ-ն
պնդում է իր սկզբունքային առաջարկները Սեղանի թենիսի տերմինաբանությունը տեղ
գտավ ՀՀ սահմանադրական փոփոխություններին վերաբերող ԵԽԽՎ ընդունած բանաձեւի բացատրական
բաժնում: Բացատրությունը սա է՝ Վենետիկի հանձնաժողովը մի բան է գրում, իշխանությունները
մի ուրիշ բան են գրում եւ ետ ուղարկում, հետո «գնդակը» գալիս է այս կողմ: Այս իրավիճակը
եվրոպական մասնագետները անվանել են «պինգ-պոնգ» եւ կոչ են արել վերջ տալ այդ խաղին։
Երեկ ԵԽԽՎ-ն ընդունեց Հայաստանում սահմանադրական փոփոխությունների գործընթացի
վերաբերյալ բանաձեւ։ Փաստաթղթում ԵԽ-ն կրկին հույս է հայտնում, որ Հայաստանի իշխանությունները
ողջամիտ ժամկետում կիրականացնեն սահմանադրական հանրաքվեն, մինչ այդ սահմանադրական
փոփոխությունները կատարելով բացառապես Վենետիկի հանձնաժողովի սկզբունքային առաջարկներից
ոչ մի թիզ չշեղվելով: Ըստ էության, Եվրոպայի խորհրդում չեն ընդունել կոալիցիայի կողմից
«գտնված լուծումները»։ Շավարշ Քոչարյանի մեկնաբանությունն այս կապակցությամբ հետեւյալն
է. «Բնական է, որ այդ ամենը չընդունվեց, որովհետեւ բանաձեւի բացատրական մասում հստակ
գրված է՝ կան բաներ, որոնք պետք չէ գտնել: Այսինքն՝ ոչ ոք փորելով չի զբաղված, եւ
սա այն դեպքը չէ, որ փորենք-փորենք, հանկարծ մի բան գտնենք: Իրականում սկզբունքները
շատ հստակ են, դրանք սակարկման ենթակա չեն, եթե դու ԵԽ անդամ ես: Այ, սա մինչեւ հիմա
չէին հասկացել, ես հույս ունեմ, որ հիմա, գոնե, կհասկանան»: Հայաստանին վերաբերող
հարցերի քննարկումներին առավել ակտիվ էին ադրբեջանական եւ թուրքական պատգամավորները:
Վերջիններիս ակտիվությունը Շավարշ Քոչարյանը բացատրում է այսպես. «Կարծում եմ, հիմնականն
այն է, որ նրանք մտահոգված են, որ այս գործընթացը կարող է իրոք հաջողությամբ պսակվել
Հայաստանի համար: Եթե Հայաստանում իրոք տեղի ունենա սահմանադրական պրոցես, դա նշանակում
է՝ Հայաստանը լուրջ քայլ է անում դեպի զարգացում, հեղինակությունը բարձրանում է,
Հայաստանում վիճակը կտրուկ փոխվում է, եւ դա կազդի բոլոր, այդ թվում նաեւ Ղարաբաղի
հարցի վրա»: «Այբ-Ֆե»-ի փոխանցմամբ, Լիբերալ-դեմոկրատների դաշինքի ղեկավար
Մատյաս Յորշին իր ելույթում մեղադրել էր Ռոբերտ Քոչարյանին՝ սահմանադրական գործընթացը
տապալելու մեջ. «Մենք պետք է Ռոբերտ Քոչարյանին եւ ՀՀ իշխանության մյուս ներկայացուցիչներին
հիշեցնենք, որ ցանկացած օրենք ընդունվելուց հետո շատ կարճ ժամանակահատվածում կյանքի
է կոչվում: Հայաստանի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ զեկույցն ընթերցելիս
այնպիսի տպավորություն ես ստանում, որ այդ Սահմանադրությունը ոչ թե միավորելու է
հասարակությանը, այլ պառակտելու: Միակ մարդը Ռոբերտ Քոչարյանն է, որը չարաշահելով
իր իշխանությունը՝ խոչընդոտում է Հայաստանի սահմանադրական փոփոխությունների գործընթացը»,-
ասել էր Յորշին: Ըստ Յորշիի, Հայաստանի իշխանությունների կողմից առաջարկված տարբերակում
չի կատարված անկախ դատական համակարգ ունենալու պահանջը, իսկ դա նշանակում է, որ սահմանադրական
փոփոխությունները չեն արդարացվում: «Այդպես արդեն եղել է Ստալինի ժամանակ: Անցյալին
վերադառնալ պետք չէ»,- ամփոփել է պարոն Յորշին: Շավարշ Քոչարյանին խնդրեցինք մեկնաբանել
ասվածը: Ըստ ընդդիմադիր պատգամավորի, դա բավականին ընդհանուր գնահատական է. «Որովհետեւ
մարդիկ երեւի հասկացել են, որ իրականում հիմնական խնդիրները լուծվում են ոչ թե կոալիցիայում,
այլ՝ նախագահականում: Եվ պատահական չէ, որ այստեղ սկսված բանակցություններին մասնակցում
են նաեւ նախագահի ներկայացուցիչն ու արդարադատության նախարարը»: Երեկ ուշ
երեկոյան կարողացանք կապվել պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանի հետ եւ ստանալ
նրա գնահատականը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձեւի մասին։
Ըստ նրա, այդ բանաձեւը «կարելի է համարել լավագույնը, որ պիտի լիներ սահմանադրական
փոփոխությունների հետ կապված։ Երեկվա քննարկումներն ապացուցեցին, որ մենք ճիշտ վարվեցինք,
երբ չառարկեցինք հարցը հրատապ օրակարգ մտցնել»։ Պրն Թորոսյանը երեկվա քննարկումները
գնահատեց «շատ հաջող»։ Իսկ կոալիցիոն գործընկերների, արդարադատության նախարարի եւ
նախագահի ներկայացուցչի՝ Ստրասբուրգում գտնվելը Տիգրան Թորոսյանը բացատրեց այսպես.
«Եկել էին Վենետիկի հանձնաժողովի հետ հանդիպելու»։ Վենետիկի հանձնաժողովի
հետ աշխատանքային նիստը երեկ տեւեց նախատեսվածից երկար եւ՝ տաք: Քննարկվում էին Հայաստանի
սահմանադրական փոփոխությունների վերանայված նախագծում Մարդու իրավունքների պաշտպանի,
ԶԼՄ-ների ազատության, անկախության եւ բազմակարծության, հանրապետության նախագահի անձեռնմխելիության,
ԱԺ արտահերթ նստաշրջանների, կառավարության ձեւավորման, կառավարության կառուցվածքի
եւ նիստերի, երկրի արտաքին քաղաքականության, գլխավոր դատախազի, ՍԴ-ի, դատավորների
նշանակման, Երեւանի քաղաքապետի ընտրության եւ Սահմանադրության եզրափակիչ դրույթները:
Ինչպես հաղորդում է «Այբ-Ֆե»-ի թղթակիցը, քննարկումների արդյունքում այսօր կընդունվի
համատեղ եւս մեկ հուշագիր: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ