Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՆԱՁԵՎԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾ ԼՂ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հունիս 24,2005 00:00

ԵԱՀԿ
խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սատտար Սաֆարովը «Հայ-ադրբեջանական,
Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» անվանմամբ բանաձեւի մի նախագիծ է ներկայացրել,
որը քննարկվելու է հուլիսի 1-5-ը կայանալիք ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում: Բանաձեւի
նախագծում նշվում է, թե ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը ափսոսանք է արտահայտում,
«որ մինչ այժմ կարգավորված չէ հայ-ադրբեջանական հակամարտությունը, որը հանգեցրել
է հայկական զինված ուժերի կողմից Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի գրավմանը՝ ներառյալ
Լեռնային Ղարաբաղը եւ նրա շուրջ գտնվող 7 շրջանները, եւ շուրջ մեկ միլիոն մարդու
վերածել փախստականների ու բռնի տեղահանվածների»: Նախագծում հատուկ ընդգծված
են որոշ դրույթներ միջազգային փաստաթղթերից, ըստ որոնց՝ ժողովուրդների եւ ազգերի
միջեւ բարեկամական հարաբերությունները պիտի հիմնված լինեն պետության ինքնուրույնության
եւ տարածքային ամբողջականության հիմնարար սկզբունքների վրա: Նաեւ հիշատակված են ՄԱԿ-ի
Անվտանգության խորհրդի 1993-ի բանաձեւերը, որոնք պահանջում են դուրս բերել զինված
ուժերը «Ադրբեջանի գրավյալ տարածքներից»: Ըստ Սատտար Սաֆարովի նախագծի՝ ԵԱՀԿ
ԽՎ-ն պետք է հավանություն հայտնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման այն
սկզբունքներին, որոնք ձեւակերպվել էին 1996-ի դեկտեմբերին ԵԱՀԿ Լիսաբոնի հանդիպմանը՝
ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարությամբ: Հիշատակված են նախկինում ընդունված
մի շարք այլ միջազգային փաստաթղթեր էլ, որոնցով դատապարտվում են միջէթնիկական բախումները
եւ «անօրինականության գոտիների» առաջացումը, ուր «ապահով պայմաններ են ստեղծվում
մարդկանց առեւտրի համար»: Ի վերջո, հիշատակվում է նաեւ ԵԽԽՎ բանաձեւը՝ Աթկինսոնի
զեկույցը, եւ մասնավորապես դրա այն հատվածը, ըստ որի՝ «Ադրբեջանի տարածքի զգալի մասը
դեռեւս գրավված է հայկական ուժերի կողմից, եւ անջատողական ուժերը շարունակում են
վերահսկել Լեռնային Ղարաբաղի տարածքը»: Եթե բանաձեւի այս նախագիծն ընդունվի՝
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը պիտի մտահոգություն հայտնի «հաճախակի, հատկապես 2005-ի
սկզբից հրադադարի խախտումներով», որի հետեւանքներն են քաղաքացիական եւ զինվորական
անձանց զոհերը: Եվ արդեն «խորը անհանգստություն է արտահայտվում Ադրբեջանի
գրավյալ տարածքներում Հայաստանի կողմից քաղաքացիական անձանց վերաբնակեցման փաստերի
կապակցությամբ, ինչը հաստատվել է ԵԱՀԿ փաստահավաք առաքելությամբ»: Մի «խորը
մտահոգվածություն» էլ վերաբերում է այն ծանր վիճակին, որոնցում գտնվում են փախստականները
եւ բռնի տեղահանվածները: Ի դեպ, փաստաթղթի եզրափակիչ մասում միջազգային հանրությանն
առաջարկվում է չդադարեցնել մարդասիրական օգնությունը: ԵԱՀԿ խորհրդարանական
վեհաժողովը, ըստ բանաձեւի նախագծի՝ Հայաստանին եւ Ադրբեջանին պիտի կոչ անի կատարել
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի եւ այս հակամարտության վերաբերյալ միջազգային այլ կազմակերպությունների
որոշումները՝ «մասնավորապես, ձեռնպահ մնալ ռազմական գործողություններից եւ դուրս
բերել զինված բոլոր ուժերն Ադրբեջանի տարածքից»: Սատտար Սաֆարովի հեղինակած
փաստաթղթում ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ է արվում ակտիվացնել ջանքերը՝ քաղաքական համաձայնության
հասնելու նպատակով, «որը հնարավորություն կընձեռի ապահովել փախստականների անվտանգ
վերադարձն իրենց բնակության մշտական վայրերը»: Բացի այդ՝ կոչ է արվում, որ Մինսկի
խմբի անդամ պետությունների ազգային պատվիրակությունները ԵԱՀԿ ԽՎ-ում ամենամյա հաշվետվություններ
ներկայացնեն վեհաժողովին՝ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ իրենց կառավարությունների
ձեռնարկած քայլերի մասին: Վեհաժողովը նաեւ պիտի կոչ անի Հայաստանին եւ Ադրբեջանին,
որ Մինսկի խմբի միջոցով միմյանց ներկայացնեն «կառուցողական եւ միջազգային իրավունքի
հանրահայտ սկզբունքներին ու դրույթներին համապատասխանող առաջարկներ՝ հակամարտության
խաղաղ կարգավորման շուրջ»: Եվ բանաձեւի նախագծի վերջին կետն է՝ ԵԱՀԿ ԽՎ-ն
որոշում է ընդունում շարունակել հետեւել խաղաղ հակամարտության կարգավորման գործընթացին
եւ «այս հարցի քննարկմանն անդրադառնալ Վեհաժողովի 2006-ի տարեկան նստաշրջանի ընթացքում»:
Պատրաստեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ Հ. Գ. Առաջիկայում
կներկայացնենք նաեւ ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարի տեսակետը բանաձեւի
այս նախագծի շուրջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել