Վճռորոշը վերջին օրը կլինի Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը մոտենում է վերջնագծին: Պայքարն այնքան լարված ու համառ է, որ ոչ ոք չի համարձակվի հաղթողի ու մրցանակակիրների մասին որեւէ դատողություն անել: 10-րդ տուրից հետո միանգամից չորս շախմատիստուհի՝ ռուսաստանցիներ Ելենա Զայացը, Նադեժդա Կոսինցեւան, ուկրաինուհի Կատերինա Լախնոն եւ Հոլանդիայի ներկայացուցիչ Ջոակին Պենգը ունեն 7,5-ական միավոր: Սակայն նրանք չեն կարող իրենց ինչ-որ չափով ապահով զգալ, քանի որ տասը հոգի, նրանց թվում նաեւ մեր հանրապետության լավագույն շախմատիստուհիներ Լիլիթ Մկրտչյանը (8-րդ տեղ) ու Էլինա Դանիելյանը (12-րդ), առաջատարներին զիջում են ընդամենը կես միավոր: Էլինան, մեկնարկն այնքան էլ հաջող չսկսելուց հետո, մրցաշարի ընթացքում աստիճանաբար բարելավեց դիրքերը եւ եզրագծում թիմակցի՝ Լիլիթի հետ միասին հավակնում է մրցանակներից որեւէ մեկին: Մեր հանրապետության մյուս երկու ներկայացուցիչները՝ Սիրանուշ Անդրիասյանը եւ Լիլիթ Գալոյանը, 5-ական միավորով համապատասխանաբար զբաղեցնում են 75-րդ եւ 83-րդ հորիզոնականները: Երեկ կայացավ նախավերջին՝ 11-րդ տուրը: Էլինա Դանիելյանն անչափ կարեւոր հաղթանակ տարավ Տատյանա Վասիլեւիչի նկատմամբ եւ վճռորոշ տուրից առաջ 8.0 միավորով բարձրացավ 4-րդ հորիզոնական: Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի արեց Մակա Պուրցելաձեի հետ: Նա 7,5 միավորով 9-րդն է: Հաղթական միավոր վաստակեց նաեւ Սիրանուշ Անդրիասյանը, իսկ Լիլիթ Գալոյանը տանուլ տվեց Ջուլյա Կոչետկովային: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ