Ձմեռային օլիմպիադայի հայտ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին չորեքշաբթի օրը Ազգային օլիմպիական կոմիտեի նիստում հայտարարել է, որ Վրաստանը մտադիր է 2014 թվականի Ձմեռային օլիմպիադան Բորժոմիում եւ Բակուրիանում անցկացնելու հայտ ներկայացնել: «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, Սահակաշվիլին արդեն ստորագրել է համապատասխան փաստաթուղթը, որը կուղարկվի Միջազգային օլիմպիական կոմիտե: «Վրաստանը վերստին պետք է դառնա սպորտային երկիր, 2014 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերն անցկացնելու հայտն ունի կոնկրետ խորհրդանշական ուղերձ՝ դրանով երկիրը հայտարարում է, որ ցանկանում է խաղաղ զարգանալ եւ չի ուզում կոնֆլիկտներ ու արյունահեղություն»,- ասել է Սահակաշվիլին: Ռուսաստանյան «Սովետսկի սպորտ» օրաթերթի փոխանցմամբ, Վրաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, մեծահարուստ գործարար Բադրի Պատարկացիշվիլին ասել է, թե կատարվել է ուսումնասիրություն, որի արդյունքները վկայում են, որ Վրաստանն ունի անհրաժեշտ ռեսուրսներ եւ լավ հնարավորություններ 2014 թվականի ձմեռային օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար: Ավելի քան 40 տարի առաջ Բակուրիանում եւ Բորժոմում կառուցվել են մարզական կենտրոններ, որտեղ անցկացվել են միջազգային մրցումներ եւ ուսումնամարզական հավաքներ: Ներկայումս Բակուրիանում կառուցվում է լեռնադահուկային մեծ համալիր, որը 2-3 տարուց պատրաստ կլինի: Բացի այդ, Բակուրիանում կառուցվում է հյուրանոցների համալիր, որի արժեքը կազմում է 70 միլիոն եվրո: Մասնագետների գնահատմամբ, Օլիմպիադան անցկացնելու համար անհրաժեշտ մարզական եւ հյուրանոցային համալիրները կառուցելու համար կպահանջվի մոտ 2 միլիարդ դոլար: «Վրաց գործարարների կարողությունները ի զորու են այդ ծրագիրը սկսելու եւ մինչեւ 2010 թվականը ավարտելու համար»,- հայտարարել է Բադրի Պատարկացիշվիլին: 2014-ի Ձմեռային օլիմպիադայի անցկացման հայտերը հավակնորդ երկրները պետք է ներկայացնեն մինչեւ այս տարվա հուլիսի 28-ը: Միջազգային օլիմպիական կոմիտեն 2006 թվականի հունիսին պետք է հաստատի թեկնածու երկրների վերջնական ցուցակը: Եթե նկատի ունենանք «Վարդերի հեղափոխությունից» հետո Վրաստանին ցուցաբերված միջազգային լայնածավալ աջակցությունը, չի բացառվում, որ այդ հարցում էլ Վրաստանը հաջողության հասնելու ռեալ շանսեր կունենա: Սեփ. լր.