Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՑ

Հունիս 23,2005 00:00

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՑ ԴԺԳՈՀ ԵՆ «Ով կարտոշկա է ուտում, նա կարծում է, որ գյուղատնտեսություն գիտի»,- երեկ Մարկ Տվենին մեջբերեց գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Ավետիսյանը՝ դժգոհելով լրագրողների մասնագիտական անբավարար պատրաստվածությունից: Ազատականացման գործընթացների մոնիտորինգի ազգային կենտրոնի (ԱԳՄԱԿ) կազմակերպած երեկվա սեմինարին, որ նվիրված էր պետական մարմինների գործունեության թափանցիկությանն ու տեղեկատվության մատչելիությանը, Ս. Ավետիսյանի հետ համակարծիք էին ֆինանսական ոլորտի գերատեսչությունների բոլոր ներկայացուցիչները: Թեեւ նրանք մեծահոգաբար չեն անտեսում վերջին տարիներին լրատվական ոլորտում նկատվող առաջընթացը, սակայն, ընդհանուր առմամբ, դժգոհ են ԶԼՄ-ների աշխատանքից: «Լրագրողին սուր հոդված է պետք, սենսացիա է ուզում, իրեն չի հետաքրքրում, որ մենք պատասխանատվության խնդիր ունենք, եւ հենց այնպես չի կարելի չափազանցություններ թույլ տալ եւ ասել, որ, օրինակ, այսինչ տեղը սիբիրախտ կա»,- ասաց գյուղատնտեսության փոխնախարարը: Պրն Ավետիսյանն ընդունեց ԱԳՄԱԿ նախագահ Լուսինե Մարգարյանի այն տեսակետը, որ ԶԼՄ-ների եւ գերատեսչությունների գործառույթների փոխըմբռնման հարցում մեծ է հենց գերատեսչությունների հասարակայնության հետ կապերի ղեկավարների դերը: Նա մտահոգություն հայտնեց առ այն, որ հաճախ լրագրողները նախարարից կամ փոխնախարարից այն կողմ, որեւէ մեկի հետ, ով կարող է տվյալ հարցում առավել մասնագիտացված լինել, չեն ուզում զրուցել: Ներկա լրագրողներն այստեղ չթաքցրին լրագրողական խորամանկության փաստը, որ շատ հաճախ դիմում են մի հարցով, սակայն իրականում նախարարին բոլորովին ուրիշ հարցեր են ուզում տալ, որոնց համար գուցե նախարարի հետ հանդիպումը մամուլի քարտուղարը չիրականացներ: Իսկ ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի անդամ Արծվի Մինասյանը նկատեց, որ շատ հաճախ սենսացիայի հետեւից ընկնելով՝ լրագրողը չափազանցությունների է գնում, եւ անդրադառնում միայն նրան, ինչը դեմ է պետական մարմիններին: Նա հիշեց, որ երբ մի հայտնի գործարար արժեթղթերի հանձնաժողովի որոշումը բողոքարկել էր դատարանում ու դատը շահել 1-ին եւ 2-րդ ատյաններում, լրագրողները աղաղակում էին այդ մասին: Իսկ երբ 3-րդ ատյանում վճիռը բեկանվեց, այս մասին լրագրողները լռեցին: Առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Գագիկ Վարդանյանն էլ իր ելույթում լրագրողներին ուղղեց հետեւյալ հարցերը. «Հասկանո՞ւմ են խորությամբ, թե այդ թվերն ինչ են պարունակում իրենց հետեւում, հասկանո՞ւմ են, արդյոք, որ աճը կարող է պարունակել զարգացում եւ կարող է չպարունակել զարգացում»: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930