Լրահոս
Օրվա լրահոսը

«ԹՈՂ

Հունիս 23,2005 00:00

«ԹՈՂ ՀԱՅԻ ԱՆՈՒՆ ՏԱՄ, ՈՉ ՈՒՐԻՇԻ» «Ես հաշմանդամ եմ, բարձրանալ չեմ կարող: Խնդրում եմ՝ դուք իջեք»,- սա Գյումրիից սայլակով Աթենք հասած Հովհաննես Լոլոյանի ահազանգն էր խմբագրություն: Նրան հանդիպեցինք Մամուլի շենքի բակում: Հովհաննես Լոլոյանը մանկուց առաջին կարգի հաշմանդամ է: Երկրաշարժին կորցրել է մորը եւ զրկվել տնից: Բնակարան հետո ստացել են, որտեղ ապրել են ինքը, հայրն ու եղբայրը: Բայց 2001-ին ընտանիքը որոշել է գոյատեւելու եւ կուտակված պարտքերը մարելու նպատակով վաճառել տունն ու տեղափոխվել Ռուսաստան: «Այդ ժամանակ ես էլ, եղբայրս էլ ամուսնացած էինք, ունեինք երեխաներ: Բայց ես որոշեցի մնալ Հայաստանում: Նախ՝ որովհետեւ ուզում եմ իմ երեխաները մեծանան հայրենիքում, նաեւ ծրագիր ունեի՝ սայլակով հասնել Մոսկվա եւ շնորհակալություն հայտնել այդ երկրին երկրաշարժից տուժածներին օգնելու համար»,- ներկայացրեց մեր հյուրը: Ծրագիրը չի հաջողվել՝ հովանավոր չի գտնվել: Ընդ որում, ըստ Հովհաննեսի մտածածի, այս՝ ռուսաստանյան ուղեւորության հովանավորը պետք է անպայման հայ լիներ: Հաջորդ ակցիայի՝ հաշմանդամի սայլակով Աթենք հասնելու համար, նա դիմում է նաեւ այլազգիներին: Նպատակը Հայաստանի դրոշով անցնել Կովկասի ու Եվրոպայի երկրներով եւ տանել խաղաղության ուղերձը օլիմպիադայի մասնակիցներին: Այս ակցիային դեռ կանդրադառնանք: Նշենք, որ 2001-ից Հ. Լոլոյանը ընտանիքով՝ կնոջ եւ 4 երեխաների հետ, ապրում է վարձով: Կինը չի աշխատում, չորրորդ երեխան ծնվել է 2002-ին: Հաշմանդամի թոշակից բացի, ստանում են ընտանեկան նպաստ: «Տուն ստանալու հույս չունեի, միտքս զբաղված էր ավելի շատ Աթենքի ծրագրով: Հետո էլ, ինչ մեղքս թաքցնեմ, մտածում էի, որ այդ հայրենասիրական ակցիայից հետո կարող եմ հուսալ, որ պետությունն ինձ կաջակցի՝ ծածկ ունենալու հարցում»,- ասաց նա: Պետությունը չաջակցեց: Ավելին, թե Գյումրիից ճանապարհվելու, թե վերադարձի ժամանակ իշխանությունների ոգեւորությունն ու մասնակցությունը խիստ «համեստ» էր: Վիզաների խնդիրն անգամ լուծել է հաշմանդամ ճամփորդը: «Ես դժգոհ չեմ, ծրագիրը հաջողվեց, ֆինանսավորումը իր վրա վերցրեց «ԱրմենՏելի» վարչական գլխավոր տնօրեն Խարալամպոս Լումակիսը. եւ գումարը տվեց, եւ միջազգային կապով հեռախոս: Բոլոր երկրներում, որոնցով անցել եմ, ինձ դիմավորում էին տեղի սպորտկոմիտեների նախագահները, իշխանության ներկայացուցիչներ, ամենուր ինձ հետեւում էին լրագրողներ ու օպերատորներ: Հետաքրքրվում էին՝ ո՞վ է հոգացել ծախսերը՝ Հայաստան պետությո՞ւնը: Ստիպված էի ասել՝ ոչ, հունական ընկերությունը: Իսկ Հունաստանում օլիմպիական կոմիտեի նախագահը ինձ հանձնեց օլիմպիական խաղերի արծաթե հուշամեդալ՝ հերոսության համար, այն էլ՝ օլիմպիադայի սկսվելուց 20 օր առաջ: Նույնիսկ առաջարկեցին մնալ Հունաստանում, խոստանալով ամսական շուրջ 3500 եվրո թոշակ: Բայց իմ նպատակը դա չէր»,- պատմեց իր երկրում ամսական 3500 դրամ թոշակ ստացող հաշմանդամը: Նրա հերոսական արշավը նույնիսկ ուշադրության չի արժանացել հայաստանյան հեռուստաընկերությունների կողմից: «Ես եմ մամուլի ասուլիս հրավիրել, առաջարկել եմ ամբողջ ճանապարհորդության տեսանյութը, բայց ոչ մեկին դա չհետաքրքրեց»,- նեղսրտեց Հ. Լոլոյանը: Այս ամենը, սակայն, ետեւում է: Հովհաննեսը խմբագրություն էր եկել տեղեկացնելու, որ վերջապես իր տառապանքն ու հայրենասիրական դրսեւորումները գնահատվել են. ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մխեյանը նրան խոստացել է ներառել Գյումրիի անօթեւանների ցուցակի մեջ՝ բնակարան գնելու վկայագիր ստանալու համար: Իսկ երեկ տեղեկացանք, որ Գյումրիի ավագանու եւ քաղաքապետի որոշմամբ Հ. Լոլոյանի ընտանիքն արդեն ընդգրկվել է հիշյալ ցուցակում: «Դա ինձ համար կտուր կդառնա, իսկ մնացածի համար՝ հայրենիքի կողմից գնահատվելու լավ օրինակ»,- վերջում ասաց Հովհաննեսը, ավելացնելով, որ մտադիր է եկող տարի Փարիզում Հայաստանի օրերի կապակցությամբ սայլակով հասնել Ֆրանսիա: Նա հույս ուներ, որ գոնե այս անգամ ճանապարհին «հայ հովանավորի անունը տալով կգնամ առաջ»: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել