Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ԻՆ

Հունիս 23,2005 00:00

ԵԽԽՎ-ԻՆ ՉԻ՞ ՀԱՋՈՂՎԻ ԽԱԲԵԼ ԵԽԽՎ-ում այսօր քննարկվելու է Հայաստանում սահմանադրական փոփոխությունների ընթացքի մոնիտորինգի արդյունքները: Ստորեւ ներկայացնում ենք Մոնիտորինգի հանձնաժողովի ընդունած բանաձեւի նախագծի առավել կարեւոր հատվածները: 11. Վեհաժողովը կրկնում է իր նախորդ մտահոգությունները լրատվության միջոցների բազմակարծության եւ էլեկտրոնային լրատվության միջոցներում քաղաքական հավասարակշռված լուսաբանման վերաբերյալ: Լրատվության միջոցները եւ հատկապես հեռուստատեսությունը պետք է մեծ դեր խաղան, որպեսզի հանրությունը հանրաքվեի ժամանակ կարողանա կատարել իրազեկված ընտրություն: Ներկա անբավարար իրավիճակի հիմնական պատճառներից մեկը պայմանավորված է հեռարձակող կարգավորող մարմնի անդամների նշանակման վերաբերյալ Սահմանադրության մեջ տեղ գտած թերությամբ: 13. Ուստի Վեհաժողովը կոչ է անում Հայաստանի իշխանություններին եւ պառլամենտական մեծամասնությանը. I. ամբողջությամբ իրացնել Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները, II. հստակ եւ բովանդակալից քայլեր ձեռնարկել ընդդիմության հետ երկխոսությունը վերսկսելու համար, III. երկրորդ ընթերցմամբ ընդունել նախագիծը եւ առանց փոխելու վերոնշյալ կետերում հիշատակված Վենետիկի հանձնաժողովի հետ ձեռք բերված համաձայնությունը եւ ոչ ուշ, քան 2005 թ. օգոստոսին, IV. ապահովել պառլամենտի նիստերի ուղղակի հեռարձակում սահմանադրական փոփոխությունների քննարկման եւ քվեարկության ժամանակ, V. սկսել լավ նախապատրաստված եւ պրոֆեսիոնալ հանրային իրազեկման արշավ երկրորդ ընթերցումից հետո տեքստն ընդունելուց անմիջապես հետո, VI. առանց հապաղման իրացնել Վեհաժողովի առաջարկությունները լրատվամիջոցների բազմակարծության վերաբերյալ, որպեսզի երաշխավորվի հնարավորինս լայն հրապարակային քննարկում, VII. շատ շտապ նորացնել ընտրողների ցուցակը, VIII. հանրաքվեն անցկացնել ոչ ուշ, քան 2005 թ. նոյեմբերին: 14. Վեհաժողովը կոչ է անում ընդդիմությանը դադարեցնել պառլամենտական բոյկոտը եւ անել այն, ինչ հնարավոր է՝ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Եվրոպայի Խորհրդի առաջարկությունները խթանելու համար: 15. Վեհաժողովն արտահայտում է իր աջակցությունը Եվրոպայի Խորհրդի ստանդարտներին լիովին համապատասխանող Սահմանադրության նախագծի ընդունմանը եւ կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին եւ քաղաքացիական հասարակությանն ապահովել սահմանադրական բարեփոխումների հաջողությունը: 16. Վեհաժողովը որոշում է դիտորդներ ուղարկել սահմանադրական հանրաքվեին հետեւելու եւ մինչ այդ, պատրաստակամություն է հայտնույմ ցուցաբերել ցանկացած աջակցություն, որը կարող է անհրաժեշտ լինել հանրաքվեի նախապատրաստման համար: «Տեսակետները համընկնում են» ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Շավարշ Քոչարյանը երեկ մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Մոնիտորինգի հանձնաժողովի ընդունած բանաձեւի նախագիծը հավասարակշռված է. «Կարծում եմ, այս նախագիծը, որը հստակ նշում է այն ուղղությունները, որոնցով պետք է գնա սահմանադրական գործընթացը, համենայնդեպս ինձ, որպես ընդդիմության ներկայացուցչի, լիովին բավարարում է: Ես գիտեմ, որ իշխանական եւ ոչ իշխանական թեւերը տրամադրված չեն փոփոխություններ առաջարկելու»: Նշանակո՞ւմ է սա, որ ընդդիմությունն ու իշխանությունն այս հարցում միասնական են. «Գիտե՞ք ինչ, մենք միասնական ենք, եթե չեն առաջարկելու փոփոխություններ, եւ եթե այդպիսի քայլի են գնում, նշանակում է, որ սահմանադրական գործընթացի հետ կապված տեսակետները, այո, համընկնում են, համենայնդեպս՝ պատվիրակության կազմում»: Պաշտոնական լրատվամիջոցներից մեկով օրերս հնչեց կարծիք, որ սահմանադրական հանրաքվեի հետ կապված պետք է իջեցվի մասնակիցների եւ «կողմ» ձայների թվի շեմը, որպեսզի ավելի հեշտ անցկացվի հանրաքվեն: Այս տեսակետը Շավարշ Քոչարյանն անհնարին համարեց. «Սա իրավական տեսակետից անհնարին է, այդպիսի բան կարելի է անել միայն ապագա հանրաքվեի համար, փոփոխություն կատարելով Սահմանադրության մեջ, բայց մոտակա սահմանադրական հանրաքվեն պահանջելու է այն թիվը, որը ամրագրված է գործող Սահմանադրության մեջ: Այսինքն՝ այդպիսի մտավարժությունները զուրկ են որեւէ հիմքից»: Հիշեցնենք, որ գործող Սահմանադրությամբ «հանրաքվեի դրված նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ են քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ երրորդը»: Արդյոք իշխանության արված փոփոխությունները համահո՞ւնչ են ընդդիմության եւ Վենետիկի հանձնաժողովի արված առաջարկություններին: Մեր այս հարցին ի պատասխան՝ պարոն Քոչարյանն ասաց. «Դա կերեւա այն ժամանակ, երբ կլինի վերջնական փաթեթը, որովհետեւ այն, ինչ այս փուլում է ներկայացված, իհարկե չի բավարարում մեր պահանջներին: Եթե փոփոխությունները խորանան եւ հասցվեն մեր ներկայացրած պահանջներին, ապա խորհրդարանում ներկայացված երկու ընդդիմադիր ուժերը, բնական է, տեր են իրենց հայտարարությանը»: Իմիտացիային չեն նպաստի Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է, որ բանաձեւի ընդունումից հետո ԱԺ աշխատանքները բոյկոտող, մասնավորապես, «Արդարություն» դաշինքն, այնուամենայնիվ, որոշում ընդունի վերադառնալ խորհրդարան, դաշինքի մամլո քարտուղար Ռուզան Խաչատրյանն ասաց, թե՝ այդ հարցը դաշինքում չի քննարկվել: Նա միաժամանակ նաեւ հավելեց. «Որեւէ նախադրյալ եւ հիմք չենք տեսնում խորհրդարան վերադառնալու համար, որովհետեւ այն պատճառները, որոնք ժամանակին ԱԺ աշխատանքները բոյկոտելու հիմք դարձան, չեն վերացվել»: Ռ. Խաչատրյանը նաեւ հիշեցրեց, որ «Արդարություն» դաշինքի բոյկոտի շարժառիթներից մեկն էլ, ի դեպ, բխում էր 2003-ի եւ 2004-ի ԵԽԽՎ Հայաստանի վերաբերյալ ընդունված բանաձեւերից՝ ի հայտ բերել եւ պատժել 2003-ին տեղի ունեցած ընտրությունների կեղծարարներին: «Մենք հայտնել ենք սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ մեր տեսակետն ու սկզբունքները, որոնք արտացոլված էին նաեւ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի առաջարկներում՝ Երեւանի քաղաքապետի ընտրություն, երկրի գործադիր եւ օրենսդիր իշխանությունների տարանջատում, դատական իշխանության անկախություն, որոնք մերժվեցին իշխանական կոալիցիայի կողմից»,- ասաց Ռ. Խաչատրյանը: Ի դեպ, այս առնչությամբ ԵԽԽՎ բանաձեւի նախագծի 9-րդ կետում եւս անդրադարձ կա սրան. «Վեհաժողովը խորապես ափսոսում է, որ կառավարող կոալիցիայի եւ ընդդիմության միջեւ երկխոսությունը տապալվեց: Նա ափսոսում է, որ կառավարող կոալիցիան դեռեւս ունակ չի գտնվել համաձայնության գալ ընդդիմության երեք առանցքային պահանջների շուրջ, որոնք համապատասխանում են Վենետիկի հանձնաժողովի առաջարկներին՝ իշխանությունների տարանջատումը եւ հավասարակշռությունը, անկախ դատական իշխանությունը եւ իրական տեղական ինքնակառավարումը: Նա հավասարապես ափսոսում է, որ ընդդիմությունը դիմել է խորհրդարանի նիստերի բոյկոտի: Ուստի Վեհաժողովը մեծ հույս է հայտնում, որ երեք կետերի շուրջ համաձայնությունը կհանգեցնի ընդդիմության՝ խորհրդարան վերադառնալուն»: Ռ. Խաչատրյանը չբացառեց, որ բանաձեւը ԵԽԽՎ-ում ընդունվելու դեպքում դաշինքը կարող է քննարկել մասնավորապես ընդդիմությանն ուղղված կոչը: «Թե ինչ լուծում կստանա՝ դժվար է ասել: Բայց իշխանությունների պահվածքը ցույց է տալիս, որ նրանք մտադիր չեն լրջորեն իրականացնել այն առաջարկները, որոնք արվել են Վենետիկի հանձնաժողովի կողմից եւ հիմա ստիպված են պատժամիջոցներից խուսափելու համար բարեփոխումների իմիտացիա անել: Դա մենք հասկանում ենք, ուստի՝ մեր մասնակցությունը այդ հարցի քննարկմանը պարզապես դրական արդյունք ունենալ չի կարող՝ նկատի ունենալով ԱԺ-ում իշխանական մեծամասնության առկայությունն ու իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը»,- հավելեց Ռ. Խաչատրյանը: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930