ԲԱՑ ԹՈՂՆՎԵՑ «ԿՌՈՒ ՃՂՈՊՈՒՐ» ԴԱՌՆԱԼՈՒ ՇԱՆՍԸ Բարոյական վերածննդի կուսակցությունը, որը ներկայացնում է «Չտո դելատ» թերթի խմբագիր Մուրադ Պետրոսյանը, ստանալով ընտրողների ձայների 3,6%-ը՝ տեղեր չզբաղեցրեց ԼՂՀ խորհրդարանում, ինչպես նաեւ՝ «Մեր տունը Հայաստանն է», «Սոցիալական արդարություն» եւ ԼՂ կոմունիստական կուսակցությունը: – Բարոյական վերածննդի կուսակցությունը ընտրությունից հետո Արցախի ժողովրդին ուղղված դիմումում նշում է, թե նրանք բաց թողեցին վերջին հնարավորությունը՝ խուսափել պատերազմից. «Հաջորդ ընտրություններին դուք արդեն կքվեարկեք՝ ընդունե՞լ պատերազմի մարտահրավերը, թե՞ գնալ զիջումների»: Ինչո՞ւ եք կարծում, թե խորհրդարանական ընտրությունները որեւէ ձեւով կարող են նպաստել ռազմական գործողությունների վերսկսմանը: – Քանի որ դեմ են քվեարկել մեր գաղափարներին: Մենք առաջարկում էինք՝ ուժեղանալ, նվազագույնի հասցնել կոռուպցիան եւ այլն: Եթե սա չի արվում 4-5 տարվա մեջ՝ մնում ենք նույն դրության մեջ իբրեւ պետություն, եւ անխուսափելի են դառնում պատերազմը կամ զիջումները: – Իսկ կոռուպցիայի ի՞նչ փաստեր կան Ղարաբաղում: Նման հայտարարությամբ հանդես են եկել նաեւ տեղի դաշնակցականները, թե ցանկանում էին պատգամավորական տեղեր իշխանամետների՝ համար, որ երկարաձգեն կոռուպցիան ու կաշառակերությունը: Նրանք չեն որոշակիացրել: Գուցե Դուք մատնանշե՞ք կոռուպցիայի որոշակի օրինակներ: – Համակարգային է. մի չինովնիկ կամ քննիչ չկա, որ փող չվերցնի: Մի գործարար չկա, որ հարկերից չխուսափի: Ես էլ ի՞նչ օրինակ պիտի ասեմ: – Դիմել եք նաեւ Արցախի իշխանությանը. «էյֆորիայի մեջ մի ընկեք՝ դուք պյուռոսյան հաղթանակ եք տարել»: Էլի ստիպված եմ Ձեզ էլ նույն հարցն ուղղել, ինչ ՀՅԴ Արցախի գործիչներին՝ ինչո՞ւ են ընտրություններում անհաջողություն կրած քաղաքական ուժերի եւ միջազգային դիտորդների եզրակացությունները տրամագծորեն հակադիր այս առնչությամբ: – Դիտորդները վերջին օրն են եկել՝ ֆինալի վրա: Ես ինչ բացասական երեւույթներ տեսել եմ՝ եղել է մինչեւ ֆինալը: Իսկ քվեարկության օրը պահպանվել է ցուցադրական, դեկորատիվ ժողովրդավարությունը: Մենք Ադրբեջանից առաջ ենք այն ցուցադրելու առումով: Դրանով է պայմանավորված գնահատականների տարբերությունը: Նաեւ՝ ռուս դիտորդների մեջ մարդիկ են, որ 1988-ից զբաղվում են արցախյան հարցերով՝ ինչպես, օրինակ, Շեյնիսը: Զատուլինը «վելիկոդերժավնիկ» է՝ Վելիկայա Ռուս, ուր կլինեն Աբխազիան, Ղրղըզստանը, Ղարաբաղը եւ ցանկացած այլ տարածք կձգեն, կկպցնեն իրենց: Մյուս դիտորդների կապակցությամբ ես էլ եմ մի քիչ զարմացած, թե ինչո՞ւ այդքան «սահուն» եզրակացությունները տվեցին: Մեզ կարծես երես են տալիս, իշխանությանն «արխայնացնում»: Դրա համար էլ մեր դիմումը շատ սուր եմ գրել, որ իշխանությունը չասի՝ դե, 10 մարդ մեզ գովել է, «պադումայե՜շ»՝ ներսում 1-2-ն էլ չեն գովել, մեզ գովաբանողներն ամերիկացիք են կամ բրիտանացիք: – Առանձին անդրադարձի նյութ է ԱԺ-ում ձայներով 2-րդի՝ «Ազատ Հայրենիքի» հաղթանակը: Երբ նրանց անվանեցին «օլիգարխների կուսակցություն»՝ հաշվի առնելով, որ «Ազատ Հայրենիքի» ցուցակը գլխավորում են գործարարներ Ռուդիկ Հյուսնունցը եւ Արայիկ Հարությունյանը (վերջինս «Ղարաբաղ Գոլդ» ընկերության հիմնադիր բաժնետերն է), հակափաստարկներ հնչեցին, թե այս կուսակցության ցանկում են նաեւ կրթական եւ առողջապահական համակարգի ներկայացուցիչներ: Ինչո՞վ եք պայմանավորում «Ազատ Հայրենիքի» հաջողությունը, որ մանդատներով շատ քիչ է զիջում մեծամասնություն կազմող Արցախի ժողովրդավարական կուսակցությանը: – Սա գործատուների, ֆինանսիստների կուսակցություն է, որում ներգրավել են նաեւ գիտական, բուհական մտավորականների, որոնց մեծամասնությունը՝ կարիերային նպատակներով: Այսինքն, եթե չեն կարողանում դոկտոր դառնալ՝ կդառնան, իսկ եթե ամբիոնի վարիչի տեղակալ են՝ կդառնան ամբիոնի վարիչ: Իհարկե, ամեն տեղ էլ ե՛ւ լավերը կան, ե՛ւ վատերը: Բայց ընդհանուր առմամբ՝ «Ազատ Հայրենիքը» համարում եմ հարմարվողականների կուսակցություն: Այսպես Սովետի վերջին տասնամյակում Կոմկուսն էր հարմարվողականների տեղը: – Եվս մի մեջբերում իշխանություններին ուղղված դիմումից՝ «Համաշխարհային հանրությանը մի դրեք կարճատեսների ակումբի տեղ: Եվ հիշեք՝ ով էլ խոսի, վերջնահաշվում թույլը միշտ կլանվելու է ուժեղի կողմից»: Ո՞ւմ եք համարում թույլ: – Պարզ չի՞, թե ում: Թույլը մե՛նք ենք: Մեր ամբողջ բյուջեով հնարավոր չէ գնել անգամ որեւէ ժամանակակից ինքնաթիռ: Իսկ Ադրբեջանն արդեն մյուս տարի 2 մլրդ ստանալու է միայն նավթից: – Ժամանակին նման դիտարկումների համար Աշոտ Բլեյանին անվանում էին դավաճան: Չե՞ք զգուշանում, որ Ձեզ էլ կսպառնա նույն հեռանկարը: – Ես Բլեյանին դավաճան չեմ անվանում, բայց 100 տոկոսով չեմ ընդունում նրա տեսակետները: Եվ Լեւոն Տեր-Պետրոսյանին էլ ես մեղադրում էի ոչ նրա համար, որ ճիշտն ասում էր, այլ նրա համար, թե ինչու էր նախագահ լինելով՝ հասցրել այդ օրին: Ասածս այն է, որ մենք կարո՛ղ ենք ուժեղանալ: Եվ ոչ թե հարձակվելու, այլ պաշտպանվելու՝ «կռու ճղոպուր» դառնալու համար: Հիմա իրենք բաց թողեցին այդ հնարավորությունը: Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ Ստեփանակերտ-Երեւան