Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ձմեռային օլիմպիադայի հայտ

Հունիս 23,2005 00:00

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին չորեքշաբթի օրը Ազգային օլիմպիական կոմիտեի նիստում հայտարարել է, որ Վրաստանը մտադիր է 2014 թվականի Ձմեռային օլիմպիադան Բորժոմիում եւ Բակուրիանում անցկացնելու հայտ ներկայացնել:

«Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, Սահակաշվիլին արդեն ստորագրել է համապատասխան փաստաթուղթը, որը կուղարկվի Միջազգային օլիմպիական կոմիտե:

«Վրաստանը վերստին պետք է դառնա սպորտային երկիր, 2014 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերն անցկացնելու հայտն ունի կոնկրետ խորհրդանշական ուղերձ՝ դրանով երկիրը հայտարարում է, որ ցանկանում է խաղաղ զարգանալ եւ չի ուզում կոնֆլիկտներ ու արյունահեղություն»,- ասել է Սահակաշվիլին:

Ռուսաստանյան «Սովետսկի սպորտ» օրաթերթի փոխանցմամբ, Վրաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, մեծահարուստ գործարար Բադրի Պատարկացիշվիլին ասել է, թե կատարվել է ուսումնասիրություն, որի արդյունքները վկայում են, որ Վրաստանն ունի անհրաժեշտ ռեսուրսներ եւ լավ հնարավորություններ 2014 թվականի ձմեռային օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար:

Ավելի քան 40 տարի առաջ Բակուրիանում եւ Բորժոմում կառուցվել են մարզական կենտրոններ, որտեղ անցկացվել են միջազգային մրցումներ եւ ուսումնամարզական հավաքներ: Ներկայումս Բակուրիանում կառուցվում է լեռնադահուկային մեծ համալիր, որը 2-3 տարուց պատրաստ կլինի: Բացի այդ, Բակուրիանում կառուցվում է հյուրանոցների համալիր, որի արժեքը կազմում է 70 միլիոն եվրո:

Մասնագետների գնահատմամբ, Օլիմպիադան անցկացնելու համար անհրաժեշտ մարզական եւ հյուրանոցային համալիրները կառուցելու համար կպահանջվի մոտ 2 միլիարդ դոլար:

«Վրաց գործարարների կարողությունները ի զորու են այդ ծրագիրը սկսելու եւ մինչեւ 2010 թվականը ավարտելու համար»,- հայտարարել է Բադրի Պատարկացիշվիլին:

2014-ի Ձմեռային օլիմպիադայի անցկացման հայտերը հավակնորդ երկրները պետք է ներկայացնեն մինչեւ այս տարվա հուլիսի 28-ը: Միջազգային օլիմպիական կոմիտեն 2006 թվականի հունիսին պետք է հաստատի թեկնածու երկրների վերջնական ցուցակը:

Եթե նկատի ունենանք «Վարդերի հեղափոխությունից» հետո Վրաստանին ցուցաբերված միջազգային լայնածավալ աջակցությունը, չի բացառվում, որ այդ հարցում էլ Վրաստանը հաջողության հասնելու ռեալ շանսեր կունենա:

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել