«Ո՞Վ
Է ԱՅՍ ՏԵՔՍՏԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ» ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը
երեկ «Առավոտի» թղթակցի հետ զրույցում քննադատեց սահմանադրական բարեփոխումները՝ բովանդակային
եւ ոչ բովանդակային առումներով: Վերջինիս առիթով Ա. Մանուկյանը ասում է. «Ոչ մեկը
թող չհամարձակվի մեզ «խռովկան» կամ ոչ ռեֆորմատոր անվանել, քանի որ այս երկրում ինչ
ռեֆորմ եղել է, եղել է հենց ՀՀՇ-ի օրոք: 98-ից հետո Հայաստանում որեւէ ռեֆորմ չի
եղել»: Պրն Մանուկյանը չի պնդում, որ գործող Սահմանադրությունը բովանդակային փոփոխությունների
կարիք չունի, բայց «եթե այդ փոփոխությունները պետք է լինեն 95-ի ընդունվածից վատը,
եթե դրանք պետք է լինեն իրենց իշխանությունն ամրապնդելու համար՝ մենք, բնականաբար,
մերժելու ենք»: Ինչ վերաբերում է բովանդակային մասին, ՀՀՇ վարչության անդամը
առաջարկվող փոփոխությունները «տրամաբանությունից դուրս եւ անգրագետ» է որակում: Մասնավորապես,
համեմատելով նախագահի, ԱԺ-ի եւ ՏԻՄ մարմինների՝ գործող Սահմանադրությունում ամրագրված
ու առաջարկներում փոփոխված ժամկետները, նա ասում է. «Մեր գրած սկզբունքում գործում
է իշխանությունների փոփոխության ռոտացիոն տրամաբանությունը, հեղաշրջումների ձեւով
անընդհատ իշխանափոխությունների բացառումը: Հիմա այդ տրամաբանությունը ջարդել են եւ
էժան պոպուլիզմն են բերել՝ ՏԻՄ պաշտոնավարման ժամկետը չորս տարի դարձնելով: Դաշնակցականների
պոպուլիզմն էլ երկքաղաքացիության առաջարկն է: Մեր տեքստում գրված է՝ «ՀՀ 18 տարին
լրացած քաղաքացին….», իրենք գրում են՝ «18 տարին լրացած ՀՀ քաղաքացին»: Հարյուր
անգամ ասացինք, որ քաղաքացու 18 տարին պիտի լրացած լինի, ոչ թե՝ ՀՀ-ի»: Պարոն Մանուկյանը
բերում է այլ լեզվական սխալների օրինակներ եւս, որոնք «երկու տարի ասել-ծաղրելուց
հետո էլ չեն ուղղում»: Այս ամենից ելնելով՝ պարոն Մանուկյանը փաստում է, որ
«95-ին լրջագույն աշխատանք կատարվեց, խնդիր կար, մոտիվացիա կար եւ թիմ կար, որն ուզում
էր Սահմանադրությունը գերակա օրենք դարձնել: Մենք միշտ տեր ենք մեր Սահմանադրությանը:
Հիմա դուք ինձ ասեք՝ ո՞վ է այս տեքստի պատասխանատուն»: Պարոն Մանուկյանը նաեւ կարծիք
էր հայտնել, որ եթե բարեփոխումների այս գործընթացը դառնա իշխանափոխության առիթ՝ ՀՀՇ-ն
նույնպես իր դերակատարումը կունենա: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ