Լրահոս
Օրվա լրահոսը

Կատարվածը սարսափելի է

Հունիս 23,2005 00:00

Մի՛ արժեզրկեք այն չափազանցություններով

Երեկ ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեն հաղորդագրություն է տարածել «ՀՅԴ-Շարժում-88» դաշինքի ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու, ազատամարտիկ Պավել Մանուկյանի ծեծի վերաբերյալ: Ըստ այդմ՝ Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում «ուշքի գալով՝ նա հայտարարել է, որ իրեն ծեծկռտուքի են ենթարկել ԼՂՀ պաշտպանության նախարարության շենքում, նախարարի աշխատասենյակում: Ընդ որում, նա վստահորեն ընդգծել է, որ առաջին հարվածները հասցրել են ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ նախարարի տեղակալ Սամվել Կարապետյանը, գետնին ընկնելուց հետո աշխատասենյակում գտնվող մյուս գեներալներն ու այլ անձինք ոտքի բազմաթիվ հարվածներ են հասցրել իրեն»: Երեկ «Երկիր-Մեդիա»-ին տված հարցազրույցում Պավել Մանուկյանը հայտնեց հաշվեհարդարի պատճառը՝ իրենից պատասխան են պահանջել որոշ զինվորականների հասցեին արված այն արտահայտության համար, թե նրանցից «կավի հոտ է գալիս»:

Ե՛վ դաշնակցականները, ե՛ւ Պավել Մանուկյանի կինը՝ տիկին Մարինեն, պահանջել են նրան տեղափոխել ՊՆ-ին ոչ ենթակա հիվանդանոց: «Ապառաժ» թերթի թղթակից Ռուզան Իշխանյանն «Առավոտին» հայտնեց՝ Մարինե Մանուկյանն այս պահանջը հիմնավորել է այն փաստարկով, որ հոսպիտալը վերահսկվում է միջադեպի հեղինակների կողմից, ուստի ապահովված չէ ամուսնու անվտանգությունը: Սակայն հոսպիտալի ղեկավարությունը մերժել է՝ պատճառաբանելով, թե առնվազն առաջիկա 4 օրվա ընթացքում ուղեղի ցնցում տարած հիվանդին չի կարելի ոչ միայն փոխադրել, այլեւ նույնիսկ նստել:

ՀՅԴ հաղորդագրության մեջ որոշ մանր հարցեր ստիպում են, սակայն, վերապահումով վերաբերվել մնացած պնդումների իսկությանը: Օրինակ, նշված է, թե Պավել Մանուկյանի վնասվածքները կյանքին վտանգ սպառնացող եւ ծանր են: Մինչդեռ հակառակի մասին էր վկայել ոչ միայն ԼՂՀ պաշտպանության բանակի բժշկական ծառայության պետ Սամվել Գեւորգյանը, այլ նաեւ Ստեփանակերտի քաղաքապետ Էդուարդ Աղաբեկյանը, որն առաջիններից մեկն այցելեց Պավել Մանուկյանին եւ լրագրողներին հայտնեց միայն մեծ կապտուկի եւ ուղեղի ցնցման մասին. «Բժիշկներն ամեն ինչ անում են: Վիրահատության կարիք չկա»: Սա էլ է զարմանալի՝ նրան այցելեցին ոչ միայն Էդուարդ Աղաբեկյանը եւ Գեղամ Բաղդասարյանը, այլ նաեւ տեղական իրավապաշտպանները: Սակայն երեկ Պավել Մանուկյանը հայտնեց, թե ընկերներին թույլ չեն տալիս իրեն այցելել, եւ ինքը պատանդի վիճակում է: ՀՅԴ հաղորդագրությունում նշվում է. «Ստեփանակերտի զինվորական հոսպիտալը շարունակվում է մնալ խիստ հսկողության տակ»: Մենք լուսանկարել էինք հոսպիտալի մուտքը, եւ հավելյալ մեկնաբանության կարիք, կարծում ենք, չկա: Հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, թե հոսպիտալի շուրջ հավաքվել էին շուրջ 200 հոգի: Մինչդեռ որպես ականատես՝ կարող ենք վկայել, թե խմբվածները 60-70-ից ավելին չէին, սակայն ինչ-որ մի «Ջիպ»-ավոր գոռգոռալով պահանջում էր, որ նրանք ցրվեն:

Նորից ենք շեշտում՝ այս ամենը մանրուքներ են եւ, ընդհանուր առմամբ՝ չեն փոխում իրականացված բռնության վերաբերյալ գնահատականը: Ընդամենը ստիպում են, որ հավաքվածների թվաքանակի օրինակով՝ ՀՅԴ Արցախի դաշնակցականների այլ հավաստիացումներն էլ բաժանվեն երեքի:

Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել