Դիմորդները պետք է մոռանան դպրոցում սովորածը Ընդունելության քննությունների շեմին նրանց հրամցվում են բոլորովին նոր կանոններ Ընդամենը մի քանի օր առաջ հրատարակվեց «Դիմորդ 2005»-ը, որի ուղեցույցում հայոց լեզվի ընդունելության քննությանը նախապատրաստվելու համար դիմորդներին իբրեւ լրացուցիչ գրականություն է հանձնարարվում ԵՊՀ դասախոս Փառանձեմ Մեյթիխանյանի վերջերս հրատարակած «Հայերենի ուղղագրական նոր բառարանը»: Ընդունելության քննությունների ժամանակ ո՞ւմ եւ ինչի՞ն պետք է ապավինեն երկու կրակի արանքում հայտնված մեր երեխաները՝ ուղղագրական չարաբաստիկ բառարանի անսկզբունքայնությա՞նը, որ պարտադրվելու է հայոց լեզվի առարկայական հանձնաժողովի կողմից, թե՞ հայոց լեզվի ուղղագրության կանոններին, որոնք ուսուցանվում են դպրոցներում: Խնդիրն այն է, որ այդ բառարանում սահմանված ուղղագրական մի շարք կանոններ ու սկզբունքներ, մեղմ ասած, չեն համապատասխանում մինչեւ այժմ դպրոցական դասագրքերում գործող կանոններին, իսկ առանձին կետերում ուղղակի հակասում են դրանց: Խոսքը մասնավորապես վերաբերում է բաղադրյալ հատուկ անուններում մեծատառերի գրությանը: Մի բան է սովորեցնում հայոց լեզվի դպրոցական դասագիրքը, բոլորովին այլ բան է ասում հիշյալ ուղղագրական բառարանը: Օրինակ. եթե մեկը հետեւի դեռեւս գործող կանոններին եւ գրի Խոր վիրապ (վանք), Մեծ արջ (համաստեղություն) կամ Հայկական պար (լեռնաշղթա), ապա ըստ սույն բառարանի՝ կհամարվի սխալ: Նշված բառարանը եւ դպրոցական դասագիրքը (եւ մինչեւ օրս գործող բոլոր բառարանները) այս անունների ուղղագրության հարցում սկզբունքային անհամաձայնության մեջ են: Հարցն առավել մտահոգիչ է դառնում, քանի որ այս տարվա գնահատման չափանիշներով գնահատականները չեն կլորացվելու, հետեւաբար կես միավորը դիմորդի համար ունենալու է ճակատագրական նշանակություն, իսկ ուղղագրական սխալները պատժվում են մեկ միավորով: Եվ վերջապես, ուղղագրական այս նոր բառարանը չունի ՀՀ գիտության եւ կրթության նախարարության երաշխավորությունը, հետեւաբար ենթակա չէ գործածվելու որպես ուսումնական գրականություն: Ի՞նչն է ստիպել ընդունելության քննության նախօրեին ուղղագրական այդ «շփոթը» այդքան հապճեպ հրամցնելու դիմորդներին՝ որպես ուղեցույց: Տարակուսանք է առաջացնում նաեւ այն, որ բառարանը գործածության մեջ է դրվել ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի երաշխավորությամբ: Մեզ համար մտահոգիչ է նաեւ այն, որ Փ. Մեյթիխանյանին նախորդ տարի վստահվել է հայոց լեզվից ընդունելության քննություններ անցկացնելու պատասխանատու գործը, եւ չար լեզուներն ասում են, որ այս տարի նույնպես նա է ղեկավարելու ընդունելության քննությունները: Դիմորդների մի խումբ ծնողներ Այս մասին մասնագիտական վերլուծություն կներկայացնենք մեր առաջիկա համարներից մեկում: