Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԴՄ-Ն

Հունիս 22,2005 00:00

ՔԴՄ-Ն ՀԻԱՑԱԾ ՉԷ, ԲԱՅՑ ԳՈՀ Է «Առավոտի» հետ զրույցում ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը նախ ափսոսանք հայտնեց, որ մարդու իրավունքների պաշտպանի վերաբերյալ անցած շաբաթ կայացած միջկուսակցական քննարկումներին ներկա չեն եղել կոալիցիոն ուժերը: «Մեկ անգամ եւս արձանագրում ենք, որ քաղաքական մեծամասնության մեջ մտնող ուժերը կարծես թե խորշում են արտախորհրդարանական շփումներից, այդ թվում նաեւ խորհրդարանական ընդդիմության հետ: Սա բնավ էլ իրենց օգտին չի խոսում»,- արձանագրում է մեր զրուցակիցը: Միաժամանակ նա փաստում է, որ այդ բացակայությունը ազդել է քննարկումների անաչառության վրա: «Ես հիացած չեմ Լարիսա Ալավերդյանի գործունեությամբ, բայց գոհ եմ, որովհետեւ կարծում եմ, որ նրան հաջողվեց կարճ ժամանակահատվածում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի նկատմամբ սեւեռել հանրության ուշադրությունն ու հետաքրքրությունները, ընդգծել պաշտպանի դերակատարման կարեւորությունը»,- հայտարարում է պրն Հարությունյանը: Նա դրական է համարում փաստը, որ մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) տարեկան զեկույցի շուրջ կրքերը բորբոքվեցին, փաստելով հանգամանքը, որ մեզանում նոր այդ ինստիտուտը կայացման, ճանապարհ անցնելու խնդիր ունի: Բայց ՔԴՄ նախագահը չի ժխտում, որ այդ ամենում անառողջ մթնոլորտը նկատելի էր՝ «Մի կողմից պետական իշխանությունում ոմանք փորձում են չկարեւորել մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը, բայց մյուս կողմից, որն ավելի վտանգավոր է, քաղաքական ընդդիմադիր սպեկտրը կարծես թե փորձում է այս հանգամանքն օգտագործել քաղաքական շոու իրականացնելու համար: Մինչդեռ այդ ինստիտուտի նկատմամբ պետք է լինել շատ շրջահայաց, զգույշ ու մտահոգ: Խոսքը նրա մասին չէ, որ մարդու իրավունքների պաշտպանին պետք է վեր դասել բոլորից, այլ դա նոր համակարգ է, իսկ նորածնի նկատմամբ պետք է լինել մտահոգ»: ՄԻՊ տարեկան հաշվետվության վերաբերյալ վերլուծությունները, ինչպես նաեւ արդարադատության նախարարի հետ զրույցը պարոն Հարությունյանին համոզել են նրանում, որ նախարարությունը մտահոգ է պաշտպանի կայացման խնդրով: Եզրակացությունում առաջ են քաշվում խնդիրներ, որոնք եթե վերացվեն, մեր զրուցակցի համոզմամբ, մասնագիտական, իրավական եւ քաղաքական առումներով տարեկան հաշվետվությունն առավել անխոցելի կդառնա, իսկ պաշտպանն առավել մեծ հեղինակություն կվայելի: Ի դեպ՝ հիշեցնենք, որ վերոնշյալ քննարկման ժամանակ ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչը հայտարարել էր, որ իրենք չունեն իրենց գործունեության նկատմամբ պետական մարմինների ոտնձգության փաստեր: Ավելին, որ պաշտպանը որեւէ մեկի պաշտպանության կարիքը չունի: Ելնելով այս նկատառումներից, Խ. Հարությունյանը կարծում է, որ հավաքի էությունը պետք է լիներ մասնագիտական առումով հասկանալ՝ ի՞նչ խնդիրներ են կանգնած այդ ինստիտուտի առջեւ ու նոր արդյունքում անել քաղաքական եզրակացություններ, ոչ թե՝ «քանի որ որեւիցե մեկի հասցեին մի հատ թթու խոսք են ասել, ուրեմն եկեք եզրակացություն անենք»: ՔԴՄ-ն գտնում է, որ տարեկան զեկույցի շուրջ ստեղծված անառողջ մթնոլորտը կարող էր խանգարել պաշտպանի գործունեությանն ու կայացմանը, հետեւաբար՝ մամուլին, պաշտոնատար անձանց, քաղաքական ուժերին եւ պաշտպանին պետք է կոչ անել այդ հարցերում լինել կոռեկտ, շրջահայաց, մասնագիտական հարցերում լիարժեք եւ հիմնավորված: Նաեւ առաջ են քաշում մարդու իրավունքների պաշտպանի օրենքի լրամշակման հարցը՝ վկայակոչելով միջազգային փորձը, ըստ որի՝ այդ ինստիտուտը խորհրդարանի, այսպես ասած՝ գործիքն է, քաղաքացիներին գործադիրի ոտնձգություններից զերծ պահելու համար: Քանի որ մեր այս օրենքն էլ է լղոզված, ըստ պարոն Հարությունյանի, ստացվում է մեզ ծանոթ իրավիճակը՝ «ով ուժեղ է՝ նա էլ հաղթում է»: Եվ վերջապես՝ «Պաշտպանի եւ այդ ինստիտուտի հետ հարաբերվելու գործարար էթիկայի նորմերի, լեզվի, ոճի պահպանումը էական նշանակություն կարող են ունենալ պաշտպանի հեղինակության բարձրացմանը: Խնդիրը Լ. Ալավերդյանի մեջ չէ: Խնդիրը ինստիտուտն է: Եթե Լ. Ալավերդյանն այսօր փորձում է ինստիտուտը կայացնել՝ մենք պետք է նրան աջակցենք, բայց նա էլ պիտի հասկանա, որ կայացման հաջողությունների հիմնական բանալին իր ձեռքում է: Կլինեն նրա գործողությունները գրագետ, մեր իրականության հետ աղերսներ ունեցող, ոչ թե քաղաքական կամքի դրսեւորում՝ այդ ինստիտուտը կկայանա կամ կվարկաբեկվի»,- գտնում է ՔԴՄ նախագահը: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930