Գլադունչիկը պայքարում է, բնակիչը՝ մոգոնում Հայի հնարամտությունը թույլ է տալիս «գլուխ հանել» ցանկացած տեխնիկայից ու սպառած գազի կամ ջրի համար վատագույն դեպքում լրիվ վճարումներ կատարել միայն առաջին 2 ամիսներին: Բավական է, որ հարեւաններից մեկը հայտնաբերի ջրաչափի կամ գազաչափի «թույլ կողմերը» ու ամբողջ թաղամասում սպառման ցուցանիշները կտրուկ սկսում են նվազել: Վերջին նման հնարամտություններից մեկը, օրինակ, գազաչափի սլաքը փոշեկուլի միջոցով ետ տալն է կամ սառը թրջոց փաթաթելով սլաքի աշխատանքը դանդաղեցնելը: Իսկ ջրաչափի դեպքում դրան ավելանում է նաեւ մագնիսով սլաքը կանգնեցնելը: Սա է հիմնական պատճառներից մեկը, որ «ՀայՌուսգազարդ» ընկերությունը որոշել է առանձնատների բակում տեղադրված բոլոր գազաչափերը տեղափոխել տեսանելի վայրեր: Հայտնի է, որ մինչ այդ դրանք տեղադրվում էին բնակչի տարածքում՝ մեքենաների անցուդարձին խանգարելու պատճառաբանությամբ: Ընկերության լրատվական բաժնի պետ Շուշան Սարդարյանը «Առավոտին» այդ մասին ասաց. «Այդ սարքերը ոչ թե բնակչի, այլ մեր սեփականությունն են համարվում, ուստի ընկերությունը հարմար է գտել դրանք տեղափոխել բնակչի սեփական տարածքից դուրս: Սա նախատեսված է եղել ընկերության կորուստների նվազեցման ծրագրով»: Իսկ թե մինչեւ տեղադրելը ինչո՞ւ չեն մտածել հնարավոր կորուստների մասին, Շ. Սարդարյանը պատասխանեց. «Դե, էն ժամանակ շտապողականություն ենք դրսեւորել»: Քանի որ սարքերն ընկերության սեփականությունն են եւ տեղափոխությունը բխում է ոչ թե բնակչի, այլ «ՀայՌուսգազարդի» շահերից, ենթադրվում է, որ բոլոր ծախսերի մասին հոգալու է ընկերությունը: Մեր ենթադրությունը հաստատեց նաեւ Շ. Սարդարյանը: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ գազաչափերից հեռու գտնվելը բոլորովին ձեռնտու չէ հնարամիտ բնակիչներին: Մինչ այդ, ըստ մեր զրուցակցի, ընկերության հսկիչ-տեսուչների ցանկացած այցը նրանց կողմից կանխվում էր «իմ սեփական տարածք դու իրավունք չունես մտնել» արտահայտությամբ կամ դուռը չբացելով: Ի դեպ, գազամատակարարման օգտագործման կանոններում նույնպես կետ կա, ըստ որի, տեսուչն իրավունք չունի բնակչի կամքին հակառակ մուտք գործել նրա սեփական տարածք: Շ. Սարդարյանի հավաստմամբ, տեղափոխման գործընթացը երկար չի տեւի, քանի որ վերջին տարիներին նոր սպառողների գազաչափերը հենց դրսում են տեղադրվել եւ տեղափոխման ենթակա գազաչափերի թիվն անհամեմատ քիչ է: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ