Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ

Հունիս 22,2005 00:00

ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՈՒՄ Երեկ երեկոյան ոստիկանական պարեկներ հայտնվեցին Ստեփանակերտի ճանապարհին՝ ակնհայտ նշաններ, որ հայտարարված էր տագնապ: «ՀՅԴ-Շարժում-88» դաշինքի գործիչները խմբվել էին Ստեփանակերտի զինվորական հոսպիտալի առջեւ, ուր պաշտպանության նախարարության մեքենայով տեղափոխվել էր ծեծի ենթարկված դաշնակցական Պավել Մանուկյանը: Լրագրողներին նրա մոտ չթողեցին՝ պատճառաբանելով ծանր վիճակը: Իսկ Պավել Մանուկյանին այցելած Ստեփանակերտի քաղաքապետ Էդուարդ Աղաբեկյանն այսպես նկարագրեց նրա վիճակը. «Դեմքի աջ շրջանում մեծ կապտուկ է: Երեւի ուղեղի ցնցում է տարել»: Նշեց, թե Պավել Մանուկյանն ի վիճակի չէր խոսել, ուստի որեւէ մանրամասն հայտնի չէ կատարվածի մասին: Պավել Մանուկյանի կինը՝ տիկին Մարինեն պատմեց, որ ժամը 13-ին նրան զանգել դուրս են կանչել, եւ մեկ ժամ անց հայտնի է դարձել կատարվածի մասին: Ե՛վ Ստեփանակերտի քաղաքապետը, ե՛ւ դաշինքի այլ գործիչները կատարվածը պայմանավորում էին ընտրական գործընթացներով: Նելլի Ղուլյանը՝ հանրահայտ Բեկոր Աշոտի կինը, ում վստահված անձն է մեծամասնական ընտրություններում եղել Պավել Մանուկյանը, պատմեց, թե նա ելույթներում քննադատում էր այն վիճակը, որում այժմ գտնվում են զինվորները: Դաշինքը կատարվածի առնչությամբ հանդես է գալու հայտարարությամբ: Իսկ «Շարժում-88»-ի համանախագահ Գեղամ Բաղդասարյանն արդեն իսկ ասաց. «Իշխանությունը փոխանակ վայելեր կեղտոտ ճանապարհով ձեռք բերած հաղթանակը՝ առաջին հերթին ձեռնարկել է պատժամիջոցներ ընդդիմության երեւելի դեմքերի նկատմամբ: Մենք պատրանքներ չունեինք, թե իշխանությունը կարող էր փոխել իր գազանային դեմքը: Ուղղակի մեր ժողովուրդն այս պահին պիտի ցույց տա իր տղամարդկային դեմքը: Պարզապես ամոթ է, որ պատերազմում հաղթած ժողովուրդը թույլ տա, որ այսպիսի անմարդկային դեպքեր կատարվեն»: Հարցին, թե ի՞նչ հիմք ունի ենթադրելու, որ իրոք իշխանություններն են հաշվեհարդար տեսել՝ պրն Բաղդասարյանը պատասխանեց. «Չեմ կարծում, թե Պավել Մանուկյանի նկատմամբ կարող է հաշվեհարդար տեսնել որեւէ այլ ուժ: Նա քրեական դաշտում չէ եւ այլն: Ընդդիմադիր է, եւ բնական է, որ կատարվածից հետո ծագած առաջին միտքն է, թե դա արվել է հակառակ ճամբարից»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930