ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՍԻՆ ԵՆ ԵԽԽՎ-ում ժամանակ առ ժամանակ հրաշքներ են լինում. Հայաստանից Ստրասբուրգ մեկնած ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորները ամենասկզբունքային հարցերում հանդես են գալիս մեկ միասնական տեսակետով: Այդպես եղավ նաեւ երեկ, երբ հայտնի դարձավ, որ կոալիցիայի սահմանադրական փոփոխությունների նախագծի օգտին են սկսել խոսել ընդդիմության ներկայացուցիչները, մասնավորապես՝ Շավարշ Քոչարյանը: ԵԽ դիտարկման հանձնաժողովի երեկ սկսված նիստի ընթացքում դիտարկման խումբը ներկայացրել է Հայաստանի սահմանադրական փոփոխությունների գործընթացի վերաբերյալ իր զեկույցի նախագիծը: Հայկական պատվիրակությունը ներկայացրել է 3 առաջարկ, եւ երեքն էլ ընդունվել են: Մոնիտորինգի հանձնաժողովի նիստի երեկվա աշխատանքը հայկական պատվիրակության անդամ Շավարշ Քոչարյանն այսպես գնահատեց. «Մոնիտորինգի խմբի ներկայացրած նախագիծը բավականին հավասարակշռված է: Առաջարկները տեխնիկական բնույթի են: Իհարկե, կան կետեր, որոնց հետ որպես ընդդիմության ներկայացուցիչ՝ համաձայն չեմ: Դրանք կարելի էր մի քիչ ավելի սուր բարձրացնել»: Շավարշ Քոչարյանի կարծիքով՝ նախագծում հաշվի են առնված բոլոր կողմերի տեսակետները. «Այդ իսկ պատճառով նախագծի վերաբերյալ պետք է որդեգրել ընդհանուր մոտեցում: Որեւէ մեկը չպետք է փորձի նախագիծը դեպի իր կողմը քաշել եւ սրել իրավիճակը: Նախագծում արտահայտված են եւ ընդդիմության, եւ իշխանության տեսակետները»: Թերեւս ընդդիմության ներկայացուցչի այս գնահատականը հիմք է տալիս ենթադրել, որ Հայաստանի իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչները այսօր եւ վաղը ԵԽԽՎ-ում կրկին հանդես կգան միասնաբար: Նախորդ օրը մեզ հետ հեռախոսային զրույցում պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանն արդեն նման բան կանխատեսել էր: Երեկ մենք հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս են կարողացել համոզել ընդդիմության ներկայացուցիչներին՝ կրկին կանգնել իշխանության կողքին եւ պաշտպանել մեկ միասնական տեսակետ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Մանավանդ, հենց այս հարցն էր պատրաստվում օգտագործել ընդդիմությունը, որպես իշխանափոխության հերթական առիթ: ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանի պատասխանը սա էր. «Կարծում եմ, յուրաքանչյուր ողջամիտ մարդու համար ակնհայտ է, որ Հայաստանն իսկապես շատ մեծ կարիք ունի սահմանադրական փոփոխությունների: Երկրի հետագա զարգացումը ուղղակիորեն կապված է դրանից, որովհետեւ դա միայն կարող է հիմք լինել ժողովրդավարության հետագա խորացման համար: Գաղտնիք չէ, որ գործող Սահմանադրությունն այս առումով սահմանափակումներ ունի, ուրեմն, մնում է մի բան՝ անկեղծ եւ շիտակ մոտեցում ունենալ սահմանադրական փոփոխություններին եւ համաձայն լինել ողջամիտ մոտեցումներին եւ առաջարկություններին: Հիմա ամենակարեւորը հունիսի 23-ի քննարկումներն են եւ այն, որ դրանց արդյունքում բոլոր հիմնական հարցերը ստանան վերջնական պատասխաններ: Համոզված եմ, որ Վենետիկի հանձնաժողովի կողմից նշված երեք հիմնական ուղղությունների մասով լուծումներ կան: Կարեւորը, որ նախագծում արդեն կան մեխանիզմները, եւ իսկապես կա առարկայական համաձայնության հիմք»: Իսկ վենետիկցիների վերաբերմունքը կոալիցիայի կողմից գտնված լուծումների նկատմամբ պարզվել է երեկ, հանձնաժողովի քարտուղար պարոն Բուքիքիոյի եւ Տիգրան Թորոսյանի զրույցի արդյունքում: Բուքիքիոն ասել է, որ կարեւոր աշխատանք արվել է, բայց դեռ շտկումների կարիք կա: Պատվիրակության մեկ այլ՝ իշխանական թեւի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի կարծիքով, որքան արագ մեր երկրի խնդիրները, այդ թվում՝ սահմանադրական փոփոխությունները համապատասխանեն եվրոպական չափանիշներին, Հայաստանն այնքան արագ կզարգանա. «Սահմանադրական փոփոխությունների ուղղությունը շատ ճիշտ է ընտրված, ԵԽ-ի հետ համագործակցությունը շարունակվում է, եւ արդյունքները գոհացուցիչ են: Կարծում եմ, որ այդ հանգամանքը կարձանագրի նաեւ ԵԽ-ն»,- նշել է պարոն Ռուստամյանը «ԱՅԲ-ՖԵ»-ին տրված հարցազրույցում: Պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը հուսով է, որ Ստրասբուրգի քննարկումներից հետո իշխանությունը կկարողանա ընդդիմության հետ այնքան համագործակցված աշխատել, որքան հոկտեմբերին՝ ՀՀ-ի պարտավորությունների կատարման հարցի քննարկման ժամանակ. «Հուսով եմ, վեհաժողովի կոչերը խթան կհանդիսանան, որ ընդդիմությունը լիարժեք մասնակցի հետագա բոլոր քայլերին: Անհրաժեշտ է երկու բան: Առաջինը, որ մենք ունենանք բոլոր չափանիշներին համապատասխանող նախագիծ, որպեսզի հանրաքվեն դրական արդյունք ունենա: Եվ պետք է ցույց տանք, որ Հայաստանը կարող է նորմալ ընտրություններ անցկացնել եւ ամեն ինչ անել, որ Սահմանադրությունը համապատասխանի եվրոպական արդի չափանիշներին: Հակառակ դեպքում, ցավում եմ, բայց Հայաստանը շատ երկար ժամանակ չի կարողանալու համահունչ քայլել եվրոպական ընտանիքի մյուս անդամների հետ»: Իր այս մտավախությունը պարոն Թորոսյանը բացատրել է հետեւյալ կերպ. «Ես գտնում եմ, որ մենք ամեն ինչ էլ կարող ենք անել: Ցանկացած խնդիր լուծելու համար անհրաժեշտ է երկու բան՝ գիտակցել խնդրի կարեւորությունը եւ աշխատել անկեղծ ու շիտակ: Մենք նման նախադեպ ունեցել ենք, անգամ այնպիսի անհնարին թվացող հարցում, ինչպիսին ԼՂ հիմնախնդիրն էր»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ