Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմորդները պետք է մոռանան դպրոցում սովորածը

Հունիս 22,2005 00:00

Ընդունելության
քննությունների շեմին նրանց հրամցվում են բոլորովին նոր կանոններ Ընդամենը
մի քանի օր առաջ հրատարակվեց «Դիմորդ 2005»-ը, որի ուղեցույցում հայոց լեզվի ընդունելության
քննությանը նախապատրաստվելու համար դիմորդներին իբրեւ լրացուցիչ գրականություն է
հանձնարարվում ԵՊՀ դասախոս Փառանձեմ Մեյթիխանյանի վերջերս հրատարակած «Հայերենի ուղղագրական
նոր բառարանը»: Ընդունելության քննությունների ժամանակ ո՞ւմ եւ ինչի՞ն պետք
է ապավինեն երկու կրակի արանքում հայտնված մեր երեխաները՝ ուղղագրական չարաբաստիկ
բառարանի անսկզբունքայնությա՞նը, որ պարտադրվելու է հայոց լեզվի առարկայական հանձնաժողովի
կողմից, թե՞ հայոց լեզվի ուղղագրության կանոններին, որոնք ուսուցանվում են դպրոցներում:
Խնդիրն այն է, որ այդ բառարանում սահմանված ուղղագրական մի շարք կանոններ ու սկզբունքներ,
մեղմ ասած, չեն համապատասխանում մինչեւ այժմ դպրոցական դասագրքերում գործող կանոններին,
իսկ առանձին կետերում ուղղակի հակասում են դրանց: Խոսքը մասնավորապես վերաբերում
է բաղադրյալ հատուկ անուններում մեծատառերի գրությանը: Մի բան է սովորեցնում հայոց
լեզվի դպրոցական դասագիրքը, բոլորովին այլ բան է ասում հիշյալ ուղղագրական բառարանը:
Օրինակ. եթե մեկը հետեւի դեռեւս գործող կանոններին եւ գրի Խոր վիրապ (վանք), Մեծ
արջ (համաստեղություն) կամ Հայկական պար (լեռնաշղթա), ապա ըստ սույն բառարանի՝ կհամարվի
սխալ: Նշված բառարանը եւ դպրոցական դասագիրքը (եւ մինչեւ օրս գործող բոլոր
բառարանները) այս անունների ուղղագրության հարցում սկզբունքային անհամաձայնության
մեջ են: Հարցն առավել մտահոգիչ է դառնում, քանի որ այս տարվա գնահատման չափանիշներով
գնահատականները չեն կլորացվելու, հետեւաբար կես միավորը դիմորդի համար ունենալու
է ճակատագրական նշանակություն, իսկ ուղղագրական սխալները պատժվում են մեկ միավորով:
Եվ վերջապես, ուղղագրական այս նոր բառարանը չունի ՀՀ գիտության եւ կրթության նախարարության
երաշխավորությունը, հետեւաբար ենթակա չէ գործածվելու որպես ուսումնական գրականություն:
Ի՞նչն է ստիպել ընդունելության քննության նախօրեին ուղղագրական այդ «շփոթը» այդքան
հապճեպ հրամցնելու դիմորդներին՝ որպես ուղեցույց: Տարակուսանք է առաջացնում նաեւ
այն, որ բառարանը գործածության մեջ է դրվել ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի երաշխավորությամբ:
Մեզ համար մտահոգիչ է նաեւ այն, որ Փ. Մեյթիխանյանին նախորդ տարի վստահվել
է հայոց լեզվից ընդունելության քննություններ անցկացնելու պատասխանատու գործը, եւ
չար լեզուներն ասում են, որ այս տարի նույնպես նա է ղեկավարելու ընդունելության քննությունները:
Դիմորդների մի խումբ ծնողներ Այս մասին
մասնագիտական վերլուծություն կներկայացնենք մեր առաջիկա համարներից մեկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել