Հայի
հնարամտությունը թույլ է տալիս «գլուխ հանել» ցանկացած տեխնիկայից ու սպառած գազի
կամ ջրի համար վատագույն դեպքում լրիվ վճարումներ կատարել միայն առաջին 2 ամիսներին:
Բավական է, որ հարեւաններից մեկը հայտնաբերի ջրաչափի կամ գազաչափի «թույլ
կողմերը» ու ամբողջ թաղամասում սպառման ցուցանիշները կտրուկ սկսում են նվազել: Վերջին
նման հնարամտություններից մեկը, օրինակ, գազաչափի սլաքը փոշեկուլի միջոցով ետ տալն
է կամ սառը թրջոց փաթաթելով սլաքի աշխատանքը դանդաղեցնելը: Իսկ ջրաչափի դեպքում դրան
ավելանում է նաեւ մագնիսով սլաքը կանգնեցնելը: Սա է հիմնական պատճառներից մեկը, որ
«ՀայՌուսգազարդ» ընկերությունը որոշել է առանձնատների բակում տեղադրված բոլոր գազաչափերը
տեղափոխել տեսանելի վայրեր: Հայտնի է, որ մինչ այդ դրանք տեղադրվում էին բնակչի տարածքում՝
մեքենաների անցուդարձին խանգարելու պատճառաբանությամբ: Ընկերության լրատվական բաժնի
պետ Շուշան Սարդարյանը «Առավոտին» այդ մասին ասաց. «Այդ սարքերը ոչ թե բնակչի, այլ
մեր սեփականությունն են համարվում, ուստի ընկերությունը հարմար է գտել դրանք տեղափոխել
բնակչի սեփական տարածքից դուրս: Սա նախատեսված է եղել ընկերության կորուստների նվազեցման
ծրագրով»: Իսկ թե մինչեւ տեղադրելը ինչո՞ւ չեն մտածել հնարավոր կորուստների մասին,
Շ. Սարդարյանը պատասխանեց. «Դե, էն ժամանակ շտապողականություն ենք դրսեւորել»: Քանի
որ սարքերն ընկերության սեփականությունն են եւ տեղափոխությունը բխում է ոչ թե բնակչի,
այլ «ՀայՌուսգազարդի» շահերից, ենթադրվում է, որ բոլոր ծախսերի մասին հոգալու է ընկերությունը:
Մեր ենթադրությունը հաստատեց նաեւ Շ. Սարդարյանը: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ գազաչափերից
հեռու գտնվելը բոլորովին ձեռնտու չէ հնարամիտ բնակիչներին: Մինչ այդ, ըստ մեր զրուցակցի,
ընկերության հսկիչ-տեսուչների ցանկացած այցը նրանց կողմից կանխվում էր «իմ սեփական
տարածք դու իրավունք չունես մտնել» արտահայտությամբ կամ դուռը չբացելով: Ի դեպ, գազամատակարարման
օգտագործման կանոններում նույնպես կետ կա, ըստ որի, տեսուչն իրավունք չունի բնակչի
կամքին հակառակ մուտք գործել նրա սեփական տարածք: Շ. Սարդարյանի հավաստմամբ,
տեղափոխման գործընթացը երկար չի տեւի, քանի որ վերջին տարիներին նոր սպառողների գազաչափերը
հենց դրսում են տեղադրվել եւ տեղափոխման ենթակա գազաչափերի թիվն անհամեմատ քիչ է:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ