Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՈՒՄ

Հունիս 22,2005 00:00

ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ
ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՈՒՄ Երեկ երեկոյան ոստիկանական պարեկներ հայտնվեցին
Ստեփանակերտի ճանապարհին՝ ակնհայտ նշաններ, որ հայտարարված էր տագնապ: «ՀՅԴ-Շարժում-88»
դաշինքի գործիչները խմբվել էին Ստեփանակերտի զինվորական հոսպիտալի առջեւ, ուր պաշտպանության
նախարարության մեքենայով տեղափոխվել էր ծեծի ենթարկված դաշնակցական Պավել Մանուկյանը:
Լրագրողներին նրա մոտ չթողեցին՝ պատճառաբանելով ծանր վիճակը: Իսկ Պավել Մանուկյանին
այցելած Ստեփանակերտի քաղաքապետ Էդուարդ Աղաբեկյանն այսպես նկարագրեց նրա վիճակը.
«Դեմքի աջ շրջանում մեծ կապտուկ է: Երեւի ուղեղի ցնցում է տարել»: Նշեց, թե Պավել
Մանուկյանն ի վիճակի չէր խոսել, ուստի որեւէ մանրամասն հայտնի չէ կատարվածի մասին:
Պավել Մանուկյանի կինը՝ տիկին Մարինեն պատմեց, որ ժամը 13-ին նրան զանգել դուրս են
կանչել, եւ մեկ ժամ անց հայտնի է դարձել կատարվածի մասին: Ե՛վ Ստեփանակերտի
քաղաքապետը, ե՛ւ դաշինքի այլ գործիչները կատարվածը պայմանավորում էին ընտրական գործընթացներով:
Նելլի Ղուլյանը՝ հանրահայտ Բեկոր Աշոտի կինը, ում վստահված անձն է մեծամասնական ընտրություններում
եղել Պավել Մանուկյանը, պատմեց, թե նա ելույթներում քննադատում էր այն վիճակը, որում
այժմ գտնվում են զինվորները: Դաշինքը կատարվածի առնչությամբ հանդես է գալու
հայտարարությամբ: Իսկ «Շարժում-88»-ի համանախագահ Գեղամ Բաղդասարյանն արդեն իսկ ասաց.
«Իշխանությունը փոխանակ վայելեր կեղտոտ ճանապարհով ձեռք բերած հաղթանակը՝ առաջին
հերթին ձեռնարկել է պատժամիջոցներ ընդդիմության երեւելի դեմքերի նկատմամբ: Մենք պատրանքներ
չունեինք, թե իշխանությունը կարող էր փոխել իր գազանային դեմքը: Ուղղակի մեր ժողովուրդն
այս պահին պիտի ցույց տա իր տղամարդկային դեմքը: Պարզապես ամոթ է, որ պատերազմում
հաղթած ժողովուրդը թույլ տա, որ այսպիսի անմարդկային դեպքեր կատարվեն»: Հարցին, թե
ի՞նչ հիմք ունի ենթադրելու, որ իրոք իշխանություններն են հաշվեհարդար տեսել՝ պրն
Բաղդասարյանը պատասխանեց. «Չեմ կարծում, թե Պավել Մանուկյանի նկատմամբ կարող է հաշվեհարդար
տեսնել որեւէ այլ ուժ: Նա քրեական դաշտում չէ եւ այլն: Ընդդիմադիր է, եւ բնական է,
որ կատարվածից հետո ծագած առաջին միտքն է, թե դա արվել է հակառակ ճամբարից»: Ա.
Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել