Լրահոս
Օրվա լրահոսը

Սերը գաղտնի թող մնա

Հունիս 22,2005 00:00

Սերը
գաղտնի թող մնա «Ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ Ադրբեջանի
եւ Հայաստանի նախագահների բանակցությունները կկայանան օգոստոսի 26-ին՝ Կազանում գումարվելիք
ԱՊՀ գագաթաժողովի շրջանակներում»,- այս մասին, ըստ «Ազատություն» ռ/կ-ի, երկուշաբթի
օրը Բաքվում կայացած ասուլիսում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հարցով Ադրբեջանի
նախագահի հատուկ բանագնաց, փոխարտգործնախարար Արազ Ազիմովը: Նա պնդել է, որ Փարիզում
անցկացված բանակցություններում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել
են Աղդամ-Շայբուխ (Նախիջեւան) ավտոմայրուղու բացման հարցը: Իր հերթին, «Մեդիամաքս»
գործակալությունը, հղում անելով Բաքվի աղբյուրներին, փոխանցում է, որ Ազիմովն ասել
է, թե «Հայաստանն արդեն չի պահանջում Ադրբեջանից միջանցք տրամադրել Լաչինի շրջանի
տարածքում»: Նրա խոսքերով, Ադրբեջանն առաջարկել է Հայաստանին վերականգնել նաեւ Աղդամ-Ստեփանակերտ-Շուշի-Լաչին-Հայաստան-Նախիջեւան
եւ այնուհետեւ՝ Թուրքիա տանող ճանապարհի երկկողմ շահագործումը: Այս մայրուղու առավելությունը,
ադրբեջանցի դիվանագետի խոսքերով, այն է, որ դրա օգտագործումը երկու երկրների կողմից
զերծ կպահի նրանց՝ այն փակելու գայթակղությունից: «Ադրբեջանը դրական պատասխան է ակնկալում
Հայաստանից»,- հայտարարել է Արազ Ազիմովը: Հիշեցնենք, որ Հայաստանի արտաքին
գործերի նախարար Վարդան Օսկանյանը հունիսի 20-ին հրաժարվել էր բացահայտել բանակցային
գործընթացի մանրամասները: Հայաստանի ԱԳ նախարարը նշել էր, որ կողմերը քննարկում են
հարցերի ողջ շրջանակը՝ սկսած Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակից մինչեւ փախստականների
վերադարձի եւ անվտանգության երաշխիքների հետ կապված հարցերը: Ընդ որում, ինչպես նշել
էր Օսկանյանը, «Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի հարցն առաջնային նշանակություն
ունի մեզ համար»: Արազ Ազիմովը նաեւ ասել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների
հերթական հանդիպումը կկայանա օգոստոսի վերջին Կազանում՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների
ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակներում: Նրա խոսքերով, պաշտոնական Բաքուն առաջարկում
է մինչ այդ անցկացնել երկու երկրների արտաքին գործերի նախարարների մեկ կամ երկու
հանդիպում: Եվ մի շատ հետաքրքիր հանգամանք եւս: Նախօրեին Օսկանյանի մատուցած
ասուլիսի ժամանակ լրագրողներն ուղղակի «ճղվեցին»՝ տքնելով նրանից մի քանի բառ պոկել
Մամեդյարովի հետ քննարկված հարցերի մասին: Բայց ՀՀ արտգործնախարարն ուղղակի հիասքանչ
էր՝ իր գաղտնապահության մեջ: Զավեշտն այն է, սակայն, որ այս կարգի բանակցությունների
հաջորդ օրն իսկ, որպես կանոն, ադրբեջանական պաշտոնատարները գրեթե ամբողջությամբ ալամ
աշխարհի առաջ բացահայտում են «գաղտնի» կոչված գործընթացի ողջ հրապույրները: Ի՞նչն
է գաղտնի, ումի՞ց է գաղտնի: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել