Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՍ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԵՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ

Հունիս 22,2005 00:00

Ասում
է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը – «ՀՅԴ-Շարժում
88» դաշինքը կարծես պատրաստվում է հրաժարվել ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովում
իր ունեցած 3 տեղերից: Որպես ԼՂՀ օրենսդիր մարմնի գործունեության երաշխավոր՝ ինչպե՞ս
եք գնահատում այն հեռանկարը, որ այս խորհրդարանն ամենայն հավանականությամբ գործելու
է առանց ընդդիմության: – Համարում եմ, որ դա շատ աբսուրդ մտադրություն է:
Չեմ գտնում, թե նրանք կդիմեն այդ քայլին: Բայց եթե դիմեն՝ դա կխոսի իրենց անլրջության
մասին: Գտնում եմ, որ ընդդիմությունն անհրաժեշտ է խորհրդարանում եւ ընդհանրապես
երկրում: Բայց չեմ համարում, եթե Դաշնակցությունը չլինի ԱԺ-ում՝ չենք ունենա ընդդիմություն:
Ամեն դեպքում՝ մենք կունենանք ընդդիմություն; – Ի դեմս «Ազատ Հայրենիք»-ի՞:
– Չի բացառվում: – Սակայն այս կուսակցությունը համարում են Ձերը: –
Այս ժողովուրդն է իմը: – «ՀՅԴ-Շարժում 88» դաշինքի գործիչները հրապարակավ
էին հայտարարում, թե Դուք պարտավոր էիք մինչ քարոզարշավն ասել, թե բոլորի նախագահն
եք եւ երաշխավորում եք ազատ ընտրությունները: Փոխարենը քարոզարշավի վերջին օրը, ճիշտ
է, անուններ չտալով, սակայն հանդես եկաք ընդդեմ ընտրություններում ներգրավված մի
կողմի: Ինչո՞ւ: – Չեմ գտնում, որ այդպես է: Ես շատ հստակ եմ արտահայտվել այդ
հարցի շուրջ, թե պատրաստ եմ երաշխավորել արդար, ազատ, թափանցիկ ընտրությունները,
քանի որ նաեւ օրինականության պահպանման երաշխավորն եմ: Ես ընտրվել եմ ժողովրդի կողմից,
եւ միշտ համարել եմ, որ բոլորի նախագահն եմ՝ եւ նրանց, ովքեր ինձ ձայն են տվել, եւ
նրանց, ովքեր ինձ դեմ էին: Բայց եթե ՀՅԴ տեղական ֆունկցիոներները հայտարարում էին,
որ իրենք չեն համարում, թե Արկադի Ղուկասյանն ամբողջ Ղարաբաղի նախագահն է՝ դա իրենց
խնդիրն է: Եվ չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի էր այս իրավիճակում, երբ իրենք
հայտարարում էին, որ ես բոլորի նախագահը չեմ՝ փորձել համոզել իրենց հակառակի մեջ:
– Խոսքը ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի 2004-ի դեկտեմբերի 29-ի հայտարարությա՞ն
մասին է, որում ասվում է. «ԼՂՀ ղեկը ստանձնած անձը չկարողացավ ըմբռնել իր առաքելության
իմաստը եւ լինել համապատասխան բարձրության վրա: Նա չկարողացավ դառնալ միասնականության,
համերաշխության խորհրդանիշ»: – Չեմ պատկերացնում, թե այդ կարգի հայտարարությունից
հետո ինչպե՞ս պետք է նրանց փորձեի համոզել, թե բոլորի նախագահն եմ: Բայց եթե նրանք
չեն ուզում ինձ տեսնել իբրեւ իրենց նախագահ՝ իրենց խնդիրն է: Նրանք չէ, որ ներկայացնում
են Ղարաբաղի ամբողջ ժողովրդին: – Բայց ի վերջո ի՞նչը պատճառ դարձավ, որ ինչպես
վերջերս ասուլիսում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը՝ Դաշնակցությանը
Ղարաբաղում մղեցին ընդդիմության դաշտ: Արդյոք պատճառը միայն նախարարի պաշտոնից Արմեն
Սարգսյանի ազատո՞ւմն էր, թե՞ ինչպես ՀՅԴ գործիչներն են հիմա նշում՝ իրենք իրոք սոցիալական,
տնտեսական կառավարման խնդիրների շուրջ ունեին դժգոհություններ: – Ես հարցրել
եմ Հրանտ Մարգարյանին՝ իսկ Հայաստանում դուք խնդիրներ չունե՞ք սոցիալ-տնտեսական խնդիրների
առնչությամբ: Բայց երեւի ավելի ճիշտ կլիներ այդ հարցն ուղղել իրենց՝ թող բացատրեն:
Ինքս որեւէ լուրջ հիմք չեմ տեսնում այդ կարգի պահվածքի համար: – Ժամանակին
այդ հարցն ուղղել ենք ՀՅԴ Արցախի ներկայացուցիչներին, եւ նրանք պնդել են, թե Դաշնակցությունը
միշտ չէ, որ համաձայն է եղել Ձեր վարած կադրային եւ կառուցվածքային քաղաքականությանը,
նաեւ ստվերային տնտեսության կամ գյուղատնտեսությանն առնչվող վարկային ծրագրերի շուրջ
մոտեցումներին: – Համոզված եմ, որ ԼՂՀ-ում մեզ հաջողվում է ապահովել տնտեսական
բնականոն զարգացում, եւ այն ակնհայտ է բոլորի համար, ովքեր հնարավորություն ունեն
համեմատել 2005-ի Ղարաբաղն ու Ստեփանակերտը 1999-2000-ի Ղարաբաղի հետ: Համոզված եմ,
որ մեզ հաջողվել է լուծել սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրներ: Եվ ես երբեւէ
չեմ ստացել կառուցողական որեւէ առաջարկ ՀՅԴ կողմից կամ որեւէ ծրագիր: Եթե նրանք ինձ
առաջարկեին նման ծրագիր՝ պատրաստ էի այդ հնարավորությունը ստեղծել նրանց համար, որ
իրականացնեին այն: Եվ երբ իրենք ասում են, թե համաձայն չեն… իհարկե, քննադատելը
հեշտ է: Բայց դրա այլընտրանքը ես չեմ տեսնում եւ չեմ էլ լսել նրանցից որեւէ անգամ:
– Քարոզարշավի վերջին օրը Ձեր հեռուստաելույթում նշեցիք, որ «կեղծ լուրեր
էին տարածվում, թե իբր իշխանությունների հրահանգով ճնշում է գործադրվում ընտրազանգվածի
վրա, մարդկանց վախեցնում են, ընտրողներին արգելում հանդիպումներ ունենալ այս կամ
այն քաղաքական կազմակերպությունից առաջադրված թեկնածուների հետ»: Ինչո՞ւ եք նման
պնդումները համարում ոչ հիմնավոր, երբ «ՀՅԴ-Շարժում 88» դաշինքի ներկայացուցիչները
հայտարարում են, որ եւ Ձեզ, եւ ԼՂՀ վարչապետին նամակներ են ուղարկել, որտեղ նշել
են այն պաշտոնյաների անունները, որոնք իրականացրել են նման խախտումներ, սակայն այդ
նամակները մնացել են անպատասխան: – Ես ստացել եմ մեկ նամակ: Այն տեղեկատվությունը,
թե բազմաթիվ նամակներ են ուղարկվել ինձ՝ չի համապատասխանում իրականությանը: Չի հաստատվել
նաեւ այն տեղեկատվությունը, որ պարունակվում էր այդ նամակում: (Նշենք, որ ԼՂՀ վարչապետ
Անուշավան Դանիելյանն էլ հայտնեց մեզ, թե դաշինքի գործիչների հետ հանդիպման ժամանակ
հարցրել էր, թե արդյոք կարո՞ղ են իրեն տրամադրել նամակում նշված այդ փաստերը: Դաշինքի
ներկայացուցիչները պատասխանել էին՝ 1-2 օրվա ընթացքում, սակայն այդպես էլ չէին կատարել
խոստումը.- Ա. Ի.): Վստահ եմ, որ այն լուրերը, որոնք տարածվում էին դաշինքի
կողմից՝ հիմնականում չէին համապատասխանում իրականությանը: Մենք ժամանակ ու հնարավորություն
ունենք եւ կամփոփենք այդ բոլոր բողոքները: – Արդյոք որոշակի սպառնալիք չէր
Ձեր ելույթի այն հավաստիացումը, որ «իրավիճակի հետընտրական ապակայունացման ցանկացած
փորձ, ում կողմից էլ որ այն ձեռնարկվի, կստանա արժանի գնահատական: Նրանք, ովքեր կնախաձեռնեն
ու կկատարեն նման բան, կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ»: – Այդ հավաստիացումը
վերաբերում էր նաեւ խախտումներին: Ես Լեռնային Ղարաբաղի կայունության եւ օրինականության
երաշխավորն եմ ու գտնում եմ, թե հիմք ունեի նման հայտարարություն անելու համար, քանի
որ քաղաքում առանձին ուժեր եւ անձինք փորձում էին տպավորություն ստեղծել, թե այստեղ
Ղրղըզստան է կամ Վրաստան: – Այսինքն՝ տեղեկատվություն ունեիք, թե հնարավոր
էին այնպիսի հուզումներ, ինչպես եղան այդ երկրներո՞ւմ: – Ես դա բացառում էի
եւ բացառում եմ, քանի որ Ղարաբաղը Ղրղըզստան չէ: Իմ անգամ մտքով չի անցնում, թե հնարավոր
են նման բաներ: Սակայն խոսքը ոչ թե ինչ-որ իրական քայլերի մասին է, այլ այդ լուրերն
էին անգամ վտանգում ԼՂՀ կայունությունը: – Դաշինքի գործիչները պնդում են,
որ պիտի հստակ հայտարարություն անեիք, թե մտադիր չեք առաջադրվել երրորդ անգամ: Սա
թերեւս որոշակիորեն լիցքաթափեր մթնոլորտը, քանի որ խորհրդարանական այս ընտրարշավում
տեղի ունեցածը դիտարկվում է իբրեւ որոշակի նախապատրաստություն 2007-ին ԼՂՀ նախագահական
ընտրությանը: – Չեմ գտնում, թե նման հայտարարությունը կարող էր ունենալ մեծ
նշանակություն: Երեւի իրենց ավելի շատ հետաքրքրում էր մյուս կողմը, որ եթե անեմ այդպիսի
հայտարարություն՝ մերձիշխանական թիմը կմատնվի խուճապի: Բայց ես իրոք չունեմ
նման մտադրություն եւ ասել եմ այդ մասին: Մանավանդ, որ՝ օրենքն ինձ հնարավորություն
չի ընձեռում առաջադրվել երրորդ անգամ: – Մեկ այլ մեկնաբանություն էլ վերաբերում
է Հայաստանի իշխանության դերակատարությունն այս գործընթացում: ՀՅԴ գործիչներից մեկը
պնդեց. «Հայաստանի իշխանությանը պետք է ԼՂՀ թույլ իշխանություն: Այսինքն՝ այն, ինչ
այսօր գոյություն ունի»: Այս համոզումը հիմնավորվեց այն փաստարկով, թե մշակվում են
ոչ ձեռնտու փոխզիջման տարբերակներ, մինչդեռ ԼՂՀ խորհրդարանն, ի տարբերություն Հայաստանի
ԱԺ-ի՝ մինչ այժմ անգամ լսումներ չի անցկացրել կարգավորման շուրջ եւ դուրս է մղված
բանակցային գործընթացից: – Բոլորի համար շատ հստակ եւ պարզ է, որ Ղարաբաղի
հարցը որոշվելու է Ղարաբաղում եւ որոշելու են Ղարաբաղի ժողովուրդն ու իշխանությունը:
Չեմ գտնում, թե Հայաստանի խորհրդարանի լսումներն ունեցել են ինչ-որ ճակատագրական
դեր: Մենք, իհարկե, հետեւում ենք բոլոր գործընթացներին եւ բազմիցս հայտարարել ենք,
թե առանց Ղարաբաղի ժողովրդի համաձայնության՝ հնարավոր չէ լուծել այդ հարցը: Բանակցություններին
մասնակցելը մեզ համար ինքնանպատակ չէ: Եթե այսօր Ադրբեջանը հրաժարվում է բանակցել
Ղարաբաղի հետ, եւ եթե Հայաստանն այդ պատասխանատվությունը վերցնում է իր վրա՝ զարգացումները
հասցնել այն կետին, որ ԼՂՀ-ն կարող է համաձայնություն տալ այս կամ այն առաջարկին՝
խնդիր չեմ տեսնում: Եթե հակամարտությունն իրոք պիտի կարգավորվի՝ կապ չունի, թե ով
է մասնակցում բանակցություններին: Բայց կա մյուս կողմն էլ՝ եթե Ադրբեջանը դա օգտագործում
է որպես քարոզչական ինչ-որ տարր՝ այստեղ արդեն վտանգ կա, քանի որ տպավորություն է
ստեղծվում, թե Ղարաբաղը ոչ թե սուբյեկտ է, այլ օբյեկտ: – Վերադառնանք խորհրդարանական
ընտրություններին: Նորընտիր ԱԺ-ի կազմն ուսումնասիրելիս տպավորություն է առաջանում,
որ նաեւ Ղարաբաղ թափանցեց այն «հիվանդությունը», որի ախտանիշներն են՝ քաղաքական կենսագրությունն
ու անգամ մարտական սխրանքները ստորադասվում են փողին ու լծակներին: Այլապես ինչպե՞ս
կարող էր, ասենք, Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը պարտվել ԼՂՀ արդյունաբերողների
եւ գործարարների միության նախագահ Սամվել Հակոբյանին: – Համաձայն չեմ այդ
մոտեցմանը: Նախ՝ սա ընդհանրական երեւույթ չէ, այլ բացառություն: Բացի այդ՝ չէի ասի,
որ Սամվել Հակոբյանը հաղթեց, քանի որ օգտագործել էր ավելի շատ նյութական կամ այլ
ռեսուրսներ: Համարում եմ, որ նա ավելի շատ հարգանք է վայելում Ասկերանի այդ ընտրատարածքում,
քան Բալասանյանը, եւ այդ մասին են վկայում ընտրությունների արդյունքները: Սամվել
Հակոբյանը երկար տարիներ աշխատել է վարչակազմի ղեկավար, եղել է պաշտպանության բանակի
փոխնախարար, մասնակցել ռազմական գործողություններին: Եվ չեմ համարում, թե նրա կենսագրությունը
զիջում է Վիտալի Բալասանյանի կենսագրությանը: Շուտով կհամոզվեք, որ այս խորհրդարանում
ընդգրկված են մարդիկ, ովքեր իրոք ունեն կենսագրություն, անցել են լուրջ ու բարդ ճանապարհ:
– Դեռ ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի 2004-ի դեկտեմբերի հայտարարությունից
հետո էր Դաշնակցության բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուն
հույս հայտնել, թե Արկադի Ղուկասյանն «ի վերջո կանդրադառնա Դաշնակցության հետ իր
հարաբերությունները շտկելու քայլերին»: Այսուհանդերձ՝ պահպանվեց լարվածությունը:
Այժմ այրվա՞ծ են փոխըմբռնման, համագործակցության բոլոր կամուրջները: – Ես
չեմ այրել որեւէ կամուրջ: Եթե այրվել է՝ իրենք են արել: Եվ չեմ գտնում, թե դա ամբողջ
Դաշնակցության դիրքորոշումն է. սա միայն տեղական ֆունկցիոներների մոտեցումն է: Բոլոր
հայտարարություններն արվել են իրենց կողմից եւ եթե նկատել եք՝ ես չէի էլ արձագանքում
դրանց: Նախագահը պարտավոր է համագործակցել քաղաքական ցանկացած ուժի հետ: Եվ
ես այսօր էլ պատրաստ եմ համագործակցել՝ անկախ նրանից, թե քանի ներկայացուցիչ ունի
խորհրդարանում այս կամ այն քաղաքական ուժը: Վստահ եմ, որ այդպես էլ կլինի: Ես որեւէ
մեկին պատերազմ չեմ հայտարարել, եւ եթե իրենց թվում էր, որ ինքս պիտի ինչ-որ քայլ
անեի՝ ինձ էլ թվում է հակառակը: Իրավիճակը սրող բոլոր հայտարարություններն արվել
են միայն իրենց կողմից եւ ես սպասում էի դրանց «դեզավուացիային»: Բայց շեշտում
եմ՝ բարձր եմ գնահատում ԼՂՀ բոլոր կուսակցությունների դերը եւ սա վերաբերում է նաեւ
Դաշնակցությանը: Կրկնում եմ՝ պատրաստ եմ համագործակցել իրենց հետ, լսել ու ընդունել
նրանց ցանկացած կառուցողական առաջարկ: Ու վստահ եմ, որ մենք համագործակցելու ենք:
Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸՍտեփանակերտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել